Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը հայտարարել է, որ իր երկրին բաժին է հասնում Հարավային Կովկասի տնտեսության 75%-ը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Trend-ը, նա նշել է, որ Ադրբեջանի տարադրամային ռազմավարական պաշարների ծավալը մոտեցել է $ 40 մլրդ-ի:
Շահին Մուստաֆաեւը ասել է, որ նախորդ տարվա ընթացքում ինդուստրիալիզացիայի քաղաքականության շրջանակներում Ադրբեջանում շահագործման է հանձնվել 60 արդյունաբերական ձեռնարկություն եւ դեռ շարունակվում է 80-ի շինարարությունը:
Նախարարի խոսքերով, Ադրբեջանի կայուն տնտեսական զարգացման համար սահմանվել են հետեւյալ առաջնահերթ ուղղությունները`
- մակրոտնտեսական կայունության պահպանում,
- տնտեսության դիվերսիֆիկացման խորացում,
- ինդուստրիալիզացիայի արագացում, արդյունաբերական ավանների ստեղծում,
- ագրարային ոլորտում ինտենսիվ միջոցների կիրառման ընդյալնում,
- տարանցիկ հնարավորությունների արդյունավետ օգտագործում, Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի, Միջազգային առեւտրային նավահանգստի եւ նավաշինական գործարանի շինարարության ավարտ,
- տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների ընդլայնում եւ նորարարական գործունեության զարգացում, առաջին ադրբեջանական արբանյակի ելքը դեպի ուղեծիր,
- բիզնես եւ ներդրումային ոլորտների շարունակական բարելավում,
- միջազգային տնտեսական համակարգում ինտեգրման արագացում, արտերկրում առեւտրային տների ստեղծում,
- շրջակա միջավայրի պահպանում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառման հնարավորությունների ընդլայնում,
- տուրիզմի զարգացում,
- բարձր սոցիալական բարեկեցության ապահովում եւ մարդկային կապիտալի զարգացում: