Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մեղադրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին առնչվող ընկերությանը ադամանդների հափշտակման համար։
Հաղորդագրության համաձայն, ՌԴ հատուկ ծառայությունները «Ալռոսա» ընկերությունից ադամանդների պարբերական հափշտակման դեպքեր են բացահայտել, որոնցում ներգրավված են եղել ընկերության աշխատակիցներ Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին և ՀՀ և ՌԴ քաղաքացիություն ունեցող Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը։
«Մոտ 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների հերթական խմբաքանակի հափշտակման փորձի ժամանակ վերոնշյալ անձինք ձերբակալվել են»,- հաղորդում է ԱԴԾ-ն՝ շեշտելով, որ հանցագործության կազմակերպիչները ՀՀ քաղաքացիներ Բաղիկյան եղբայրներն են, «որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ ադամանդի հումքի մաքսանենգության համար»։
ԱԴԾ պնդմամբ, հափշտակված ադամանդները առաքվում էին Հայաստանում գործող «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ընկերությանը, որի շահառուն է գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Պատգամավորի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունում ներկայացված տվյալները․ «Խաչատուր Սուքիասյանը որևէ կապ չունի չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող այդ կազմակերպության հետ»,- նշել է նա:
ՀՀ պետռեգիստրի տվյալներով, «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ընկերության սեփականատերերը 2017 թվականից եղել են Ասպարիկ և Մարինե Բաղիկյանները, իսկ 2024 թ-ից միակ բաժնետերը Արթուր Օհանջանյանն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: