Փաշինյան. Անկլավների հարցը հանրության վրա ճնշում գործադրելու «գործիք է սարքվել» - Mediamax.am

706 դիտում

Փաշինյան. Անկլավների հարցը հանրության վրա ճնշում գործադրելու «գործիք է սարքվել»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Արարատի մարզում գտնվող «Տիգրանաշենը վերադարձնելով՝ ոչ մի խնդիր չի առաջանա»:

«Մենք քաղաքական մակարդակով ելնում ենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, պետք է նայենք նաեւ իրավական հիմքերը: Եթե քաղաքական առումով պարզվի, որ դա Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանն ուզում է Արծվաշենը վերադարձնել, Քյարքին վերցնել:

 

Եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ այս հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այդպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի խնդիր, որն անլուծելի է, չկա նման հարց: Եթե այդ ճանապարհն այսպես չի կարող անցնել, այնպես կարող է անցնել: Իրականում մեր ճանապարհային ցանցն այնքան ենք զարգացրել, որ նման խնդիր չկա:

 

Կգնանք, կնայենք, պարզվեց՝ Ադրբեջանինն է, դե յուրե էդ քարտեզով, քաղաքական մակարդակով ոչ մի խնդիր չկա, մենք ասում ենք, որ անկլավներն ընդունում ենք, իրենք էլ ընդունում են Արծվաշենը»,- հունիսի 1-ին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ անկլավների հարցը հանրության վրա հոգեբանական ճնշում գործադրելու գործիք է սարքվել.

 

«Մենք ասում ենք, որ պատրաստ ենք վերադարձնել գյուղերը, դուք պատրա՞ստ եք վերադարձնել Հայաստանի հողերը։ Եթե այո, ուրեմն հենց հիմա փոխանակենք։  

Այնպես չէ, որ մենք երազում ենք ինչ-որ բան տալ, մենք պատրաստ ենք տալ ու ստանալ: Մենք չենք նսեմացնում Հայաստանի շահերը, առաջարկում ենք սահմանի ողջ երկայնքով ապառազմականացված գոտի մտցնել։ Մենք ցանկանում ենք որեւէ լեգիտիմացնող առիթ չտալ Ադրբեջանին ագրեսիվ քաղաքականություն վարելու համար:  

 

29800 քառ. կմ-ն ընդգրկում է Արծվաշենը, նաեւ Տավուշի մարզի Բերքաբեր, Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի հողերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ցանկանում է ապագա սերունդներին «Հայաստանի լրացված եւ ամբողջական կադաստրային վկայական թողնել»։  

 

«Սա չի նշանակում, որ այն կգոհացնի բոլորին, բայց մյուս կողմից բոլորին կբավարարի։ Մենք երկու անգամ հիմնադրել ենք Հայաստանի Հանրապետություն։ Եվ երկու անգամ էլ Հայաստանն ընկալում ենք որպես ավելի մեծ գործիք ավելի մեծ նպատակի համար։ Մեր պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունն ինքնին որպես նպատակ կամ չի եղել, կամ շատ քիչ է եղել: Ես ցանկանում եմ, որ ՀՀ-ն լինի եւ նպատակ, եւ գործիք»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին