Ընդդիմությունը չի մասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին - Mediamax.am

1573 դիտում

Ընդդիմությունը չի մասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հարցերով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.

 

«Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է։ Նշվածն, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Դրա անհնարինության ապացույցն է նաեւ իշխանության եւ նրա ուղղակի ցուցումները կատարող ու գործադիր իշխանության մաս կազմող իրավապահ մարմինների` մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը։

 

Չնայած այս պարզ ճշմարտությանը` իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետեւանքների «թիվ մեկ մեղավորը» եւ «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որեւէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։

 

Հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։

 

Այս եւ մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

 

Միաժամանակ հայտնում ենք, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին