Մենք հաջողեցինք Բաքվում, ասել է Եվրանեսթում ՀՀ պատվիրակության ղեկավարը - Mediamax.am

3980 դիտում

Մենք հաջողեցինք Բաքվում, ասել է Եվրանեսթում ՀՀ պատվիրակության ղեկավարը


Վահան Հովհաննիսյանը
Վահան Հովհաննիսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր ասել է, որ "հայկական պատվիրակությունը հաջողեց Բաքվում եւ հանդես եկավ որպես մեկ միասնական թիմ”:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 9 պատգամավորից բաղկացած ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 1-ին մեկնել էր Բաքու` մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին:

 

Վահան Հովհաննիսյանն այսօր դրական է գնահատել Բաքվում կայացած նիստի արդյունքները եւ արդարացված համարել պատվիրակության մեկնումն Ադրբեջան:

 

“Հայկական պատվիրակությունն ակտիվորեն մասնակցեց նիստի աշխատանքին եւ կարողացավ առաջ տանել կարեւոր շեշտադրումներ հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների ամրապնդման, սոցիալական զարգացման հարցերում”,- ասել է պատվիրակության ղեկավարը:

 

Նա տեղեկացրել է, որ ի տարբերություն նախորդ նիստի, այս անգամ վեհաժողովի անդամ երկրներին հաջողվել է բանաձեւեր ընդունել:

 

Խոսելով հայկական պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության մասին՝ պատվիրակության ղեկավարն ասել է, որ անվտանգության ապահովումը եւ ընդունելությունը պատշաճ մակարդակի վրա էր:

 

“Ատելության կամ ագրեսիայի դրսեւորում չնկատվեց: Կարծում եմ, որ այդ երկրում կա ընդամենը մեկ մարդ, ով քաղաքական դիվիդենտներ է շահում պատերազմի մասին խոսելիս”,- նկատել է Վահան Հովհաննիսյանը: 

Անդրադառնալով նիստի բացման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին, որում այդ երկրի ղեկավարը հայերին “ֆաշիստ” է անվանել՝ Հովհաննիսյանն ասել է, որ դրանով Ալիեւը մեծ հարված է հասցրել իր երկրի քաղաքական իմիջին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին