Փաշինյանը մեկնաբանել է իրավիճակը Սյունիքում - Mediamax.am

9530 դիտում

Փաշինյանը մեկնաբանել է իրավիճակը Սյունիքում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօրվա ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Սյունիքի մարզի իրավիճակի մասին:

Ներկայացնում ենք ուղերձի այդ հատվածը.

 

«Ինչպես արդեն ասել էի նախկինում, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ Հայաստանի զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ եւ անհարմարություններ: Առավել եւս՝ ստեղծում է էմոցիաներ: Ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է, կամ սպառնում է Սյունիքի կորստով։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է. այս ամենը արվում է՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխքիներն ամրապնդելու համար:

 

Ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, եւ եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետեւանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետեւ այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, եւ որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում:

 

Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը եւ այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, եւ սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է: Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, եւ դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով: Նաեւ՝ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին ու փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները։ Եւ համոզված եմ՝ կկարողանամ դա անել, առավելեւս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ: Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի՛ մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել: Սրանում կարող եք համոզված լինել, եւ հակառակի մասին որեւէ պնդում իրականությանը չի համապատասխանում պարզապես»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին