Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմում Թուրքիայի եւ ՌԴ-ի դերի մասին - Mediamax.am

5656 դիտում

Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմում Թուրքիայի եւ ՌԴ-ի դերի մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի ու Թուրքիայի դերի եւ Արցախի երկնքի անվտանգության վերաբերյալ հնչեցված հայտարարություններին։

Ռուսաստանի դերի մասին

 

Սերժ Սարգսյանը քաղաքականության տեսանկյունից «տգիտություն» է անվանել Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ.-ին՝ մինչ վարչապետ դառնալը, արած հայտարարությունը, թե «ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրած է եղել Ռուսաստանի հետ եւ հրահրված է եղել Ռուսաստանի կողմից»։

 

«Երբ մարդիկ չստուգված, վարկաբեկող մտքեր են հայտնում դաշնակիցների վերաբերյալ, դա ունենում է շատ վատ հետեւանքներ։ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ նման հայտարարություն անելը նշանակում է քո դաշնակցին պատերազմ հրահրելու եւ դավաճանության մեջ մեղադրել, ինչը անթույլատրելի է, հատկապես այն պարագայում, երբ Ռուսաստանը մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 

Նա նկատել է, որ 2010թ.-ին Երեւանում կնքված պայմանագրով՝ ՌԴ ռազմական բազան լրացուցիչ պարտավորություններ է վերցրել իր վրա, եւ ԱՊՀ արտաքին սահմանների անվտանգության ապահովումից բացի պատասխանատվություն է ստանձնել նաեւ  ՀՀ սահմանների ողջ երկայնքի համար։ Նա նաեւ հայտնել է, որ այդ պայմանագրով ՌԴ-ն Հայաստանի սպառազինությունը թարմացնելու պատասխանատվություն է ստանձնել։

 

«Մինչեւ 2018թ. ապրիլյան իրադարձությունները (նկատի ունի մինչ իր հրաժարականը-Մեդիամաքս) ստացել ենք 50 հազ. տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն։ Այդ պարագայում խոսել այն մասին, թե ՌԴ գիտությամբ եւ հրահրմամբ են տեղի ունեցել ապրիլյան իրադարձությունները, պարզապես չի կարելի։ Միայն Հայաստանն ունի «Իսկանդեր» համակարգ, սա դաշնակցի վերաբերմո՞ւնք է, թե՞ ոչ։ Միայն «Իսկանդերի» առկայության շնորհիվ է, որ ապրիլին ոչ թե լայնածավալ պատերազմ, այլ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ եղան»,- ասել է նա։

 

Թուրքիայի մասնակցության մասին

 

ՀՀ նախկին նախագահը նկատել է, որ 2016թ.-ի ապրիլին միակ երկիրը Թուրքիան էր, որ չդատապարտեց Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը նշանակում է, որ Թուրքիան անվերապահորեն ընդունում էր այն, ինչ շահավետ է Ադրբեջանին։

 

«Չեմ բացառում, որ նրանց գործողությունները մինչ այդ էլ հստակ համաձայնեցվում էին, բայց նաեւ դժվարանում եմ ասել՝ արդյոք, թուրք մասնագետները կամ զինվորականները մասնակցե՞լ են Ապրիլյան պատերազմին։ Հաստատված փաստեր ունենք, որ քառօրյայի ընթացքում եւ դրան նախորդող օրերին Ադրբեջանում գտնվում էին թուրք եւ իսրայելացի հրահանգիչներ ու մասնագետներ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 

Արցախի երկնքի անվտանգության մասին

 

Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե «2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր» եւ ասել, որ «եթե Արցախի օդային տարածքը որեւէ պահի անպաշտպան մնացած լիներ, ոչինչ չէր խանգարի Ադրբեջանին հարվածել Արցախին, այդ թվում՝ Ստեփանակերտին»։

 

«Քառօրյա պատերազմի ընթացքում 9 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է ոչնչացվել ՊԲ մարտիկների կողմից, այնուհետեւ՝ ապրիլ ամսին, եւս 8-ը։ Որեւէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում երբեւէ չի հայտնվել, դրանք առավելագույնը եղել են առաջնագծից 10-15 կիլոմետրի վրա, եւ եթե կարողանային ազատորեն ճախրել Արցախի երկնքում, ապա կխոցեին Ստեփանակերտը։ Որեւէ ադրբեջանական ինքնաթիռ չի հատել շփման գիծը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին