Երեւան: Մեդիամաքս: «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններն այսօր համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու հուշագիր են ստորագրել:
Ըստ հուշագրի՝ «այս կուսակցությունների համատեղ գործունեությունը հիմնված է շահերի գերակայության սկզբունքի վրա եւ նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատեւ ու կայուն զարգացումը»:
Քաղաքական ուժերը հայտնել են, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ ընտրական դաշինքով:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն ասել է, որ «իրենք հավատում են դաշինքի հաջողությանը»:
«Երեք ուժերը տարբեր են, եւ յուրաքանչյուրն ունի իր անցած ճանապարհի պատմությունը: Բայց մեր տարբերությունները մեզ հզորացնում են: Ցանկացած տարաձայնություն շատ ավելի ցածր արժեք է, քան այն ընդհանուր շահը, որ մեզ միավորում է»,- նշել է նա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ դաշինքը «պետք է ամեն ինչ անի, որ ներսում եղած դիրքորոշումները մոտենան եւ ոչ թե հեռվանան»:
«Մեր ելակետը Հայաստանի Հանրապետության շահերի գերակայության սկզբունքն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն ընդգծել է՝ «կուսակցությունները միավորվել են՝ հաղթելու համար»:
«Մենք ունենք լուրջ թիմ: Մեր անցած ուղին մաքուր է: Մենք պայքարելու ենք իշխանությունների դեմ: Մենք միավորվել ենք, որ լավ Հայաստան ունենաք եւ ձգտելու ենք դրան»,- ասել է Արամ Սարգսյանը:
Դաշինքի անդամներն ընդգծել են, որ համատեղ գործունեության, այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կայացվելու է կոնսենսուսով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: