Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման հարցերը - Mediamax.am

3678 դիտում

Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման հարցերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստում քննարկվել են վիզային ռեժիմի ազատականացմանը վերաբերող երկխոսության մեկնարկի հետ կապված հարցեր:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

«Նիստի ժամանակ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական եւ ոլորտային երկկողմ համագործակցության ապագա իրավական ձեւաչափի ձեւավորմանն ու առեւտրատնտեսական հարաբերությունների ապագային, ինչպես նաեւ ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությանն ու համապատասխան ծրագրերին առնչվող հարցեր: Որոշվել է շարունակել քննարկումները եւ առաջիկա ամիսներին հստակեցնել այն ուղղություններն ու համագործակցության ապագա իրավական ձեւաչափում ներառման ենթակա գլուխները, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար եւ կստեղծեն նախադրյալներ հարաբերությունների հետագա կարգավորման եւ զարգացման համար», - ասված է հաղորդագրության մեջ:

 

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման մասին Մեդիամաքսը վերջերս զրուցել էր Հայաստանում Հայաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ, որը դեկտեմբերի սկզբին ավարտեց իր առաքելությունը Հայաստանում:

 

«Լեհաստանը միշտ կողմնակից է եղել, որ Վրաստանի հետ վիզայի ռեժիմի վերացումը տեղի ունենա Հայաստանի հետ միաժամանակ: Սա է մեր դիրքորոշումը: Սակայն Հայաստանն իր որոշ գործողություններով չի հեշտացնում մեր գործը, եւ երբեմն հայտնվում է հպարտ միայնության մեջ: Խոսքն, օրինակ, Ղրիմի բռնազավթումը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման օրինակ ներկայացնելու մասին է: Նման փորձերը բացասական են անդրադառնում ԵՄ երկրների հետ փոխհարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա: Իմ կարծիքով, Հայաստանը պետք է համոզի Բրյուսելում իր գործընկերներին, Եվրոպական հանձնաժողովի նոր ղեկավարությանը, որ Հայաստանը Եվրամիության վստահելի գործընկերն է այս կարեւոր տարածաշրջանում», - ասել էր դիվանագետը Մեդիամաքսի հետ հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին