Շառլ Միշելը՝ նոր «գլխավոր միջնորդը» - Mediamax.am

exclusive
8778 դիտում

Շառլ Միշելը՝ նոր «գլխավոր միջնորդը»


Շառլ Միշելը եւ Նիկոլ Փաշինյանը
Շառլ Միշելը եւ Նիկոլ Փաշինյանը
Շառլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը
Շառլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը
Շառլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը
Շառլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը
Շառլ Միշելը
Շառլ Միշելը

Լուսանկարը` REUTERS

Շառլ Միշելը եւ Արմեն Սարգսյանը 2020թ. հոկտեմբերի 21-ին
Շառլ Միշելը եւ Արմեն Սարգսյանը 2020թ. հոկտեմբերի 21-ին

Լուսանկարը` REUTERS

2022թ. փետրվարի 4-ի տեսակոնֆերանսը
2022թ. փետրվարի 4-ի տեսակոնֆերանսը

Լուսանկարը` REUTERS

Շառլ Միշելը եւ Վլադիմիր Պուտինը
Շառլ Միշելը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS


1. Շառլ Միշելը՝ ո՞վ է նա։

 

Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին։

 

Հինգ տարի (2014 թվականի հոկտեմբերից մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր) զբաղեցրել է Բելգիայի վարչապետի պաշտոնը։

Շառլ Միշելը Շառլ Միշելը

Լուսանկարը` REUTERS

2019 թվականի դեկտեմբերի 1-ից նա Եվրոպական խորհրդի նախագահն է՝ այդ պաշտոնում փոխարինել է Դոնալդ Տուսկին։

 

2022 թվականի մարտի 24-ին վերընտրվել է երկրորդ ժամկետով եւ կշարունակի ղեկավարել Եվրոպական խորհուրդը մինչեւ 2024 թվականի նոյեմբերի 30-ը։

 

2. Ի՞նչ սկանդալի կենտրոնում էր հայտնվել Միշելը 2021 թվականի ապրիլին, որի պատճառով նույնիսկ կորցրել էր քունը:

 

2021 թվականի ապրիլի 6-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Եվրամիության առաջնորդների հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առանձին բազկաթոռ չստացավ։

 

Էրդողանը եւ Միշելը նստել էին կողք կողքի, իսկ ֆոն դեր Լայենը ստիպված էր շփոթված մի կողմում կանգնել։ Արդյունքում, Եվրահանձնաժողովի ղեկավարին, ով բանակցություններում Էրդողանին ու Միշելին հավասար կարգավիճակում էր, նստեցրեցին բազմոցին՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի դիմաց։

 

Սկանդալից հետո Եվրոպայի կանանց ասոցիացիաները պահանջեցին Շառլ Միշելի հրաժարականը։ Նրանք պնդում էին, որ Եվրոպական խորհրդի նախագահը «վնաս է հասցրել դիվանագիտությանը, Եվրամիությանն ու կանանց իրավունքներին»։

 

Մի քանի օր անց Շառլ Միշելն գերմանական Handelsblatt թերթին ասել էր, որ լավ չի քնում Անկարայում տեղի ունեցած միջադեպից հետո։ «Ես չեմ թաքցնում, որ այդ օրվանից ի վեր լավ չեմ քնում, որովհետեւ գլխումս անընդհատ այդ տեսարանն է», - ասել էր նա:

 

3. Ի՞նչ էր ասում Շառլ Միշելը 2020 թվականի պատերազմի ժամանակ։

 

2020 թվականի հոկտեմբերի 2-ին, ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրն ամփոփող ասուլիսում, Շառլ Միշելն ասել էր, որ

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ կառուցողական դեր խաղալ լարվածության թուլացման հարցում:

 

«Բոլորը պետք է ավելի կառուցողական դեր խաղան` դեէսկալացիան հեշտացնելու համար: Մենք ուզում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, դա բարդացնում է իրավիճակը»,- ասել էր նա:

Շառլ Միշելը եւ Արմեն Սարգսյանը 2020թ. հոկտեմբերի 21-ին Շառլ Միշելը եւ Արմեն Սարգսյանը 2020թ. հոկտեմբերի 21-ին

Լուսանկարը` REUTERS

«Արտաքին միջամտության» անընդունելիության մասին Շարլ Միշելը նորից խոսել էր 2020թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո գրված թվիթում։

 

4. Ո՞ր հարցերի շուրջ էր Ալիեւը հեռակա բանավիճում Միշելի հետ։

 

2021 թվականի հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր.

 

«Շարլ Միշելը Երեւան կատարած այցի ժամանակ վիճահարույց է անվանել սահմանամերձ տարածքները: Ճիշտն ասած, ես համաձայն չեմ այս արտահայտության հետ, քանի որ մենք այդ տարածքները համարում ենք մերը: Ես համարում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է: Իսկ Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է, եւ մենք մեր հողի վրա ենք: Ես փորձեցի նրան բացատրել, որ մենք դուրս ենք եկել մեր սահմանների մոտ։ Ինչո՞ւ ենք դուրս եկել մայիսին: Քանի որ ձյունը հալվել է մայիսին: Ձյունը հալվելուց հետո մենք վերցրեցինք անհրաժեշտ բարձունքները եւ տեղավորվեցինք այնտեղ, ամրապնդվեցինք եւ շարունակելու ենք ամրապնդվել»:

 

Նույն հարցազրույցում Ալիեւն ասել էր, որ «ԵՄ-ն նախատեսում է ընդամենը 150 միլիոն եվրո հատկացնել Ադրբեջանին, սակայն անհասկանալի է, թե ինչ պայմաններով եւ երբ»:

 

Ալիեւը նշել էր, որ այդ հարցը քննարկել էր Շառլ Միշելի Ադրբեջան կատարած այցի ժամանակ։

 

«Նրա պատասխանն այն էր, որ, իբր, Ադրբեջանը միջոցների կարիք չունի: Նախ, ոչ ոք մեզ ոչինչ չի առաջարկել: Դուք նախ առաջարկեք, հետո ես կասեմ ձեզ՝ պե՞տք են մեզ արդյոք միջոցներ, թե ոչ: Մի՞ թե կարիք չկա վերականգնելու ազատագրված տարածքները: Դրա համար միլիարդավոր դոլարներ են պետք, դրանք երկնքի՞ց են ընկնելու մեզ վրա: Ադրբեջանն ինքնաբավ երկիր է: Բայց եթե մեզ, ինչպես Հայաստանին, դրամաշնորհի տեսքով միջոցներ հատկացնեն, ապա մենք երբեք չենք հրաժարվի դրանցից»,- շեշտել էր Ալիեւը:

 

2022 թվականի փետրվարին Եվրամիությունը հայտարարեց, որ Ադրբեջանին կտրամադրի 2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ։

 

5. Քանի՞ անգամ են հանդիպել Միշելը, Ալիեւն ու Փաշինյանը։

 

2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։

 

Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված էր.

 

«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաեւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

 

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին:

 

Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը, որի համաձայն՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն»։

 

2022 թվականի փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Շառլ Միշելի միջնորդությամբ եւ մասնակցությամբ տեղի էր Փաշինյանի եւ Ալիեւի հեռավար հանդիպումը:

 

Այդ հանդիպման արդյունքում փետրվարի 7-ին Ադրբեջանից հայրենիք էին վերադարձել 8 հայ ռազմագերիներ։

2022թ. փետրվարի 4-ի տեսակոնֆերանսը 2022թ. փետրվարի 4-ի տեսակոնֆերանսը

Լուսանկարը` REUTERS

2022թ. ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել էր Փաշինյանի, Միշելի եւ Ալիեւի երկրորդ առերես եռակողմ հանդիպումը։

 

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում ասված էր.

                                                                                                                                          

«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:  

 

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաեւ 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր»:

 

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով:

 

Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հանձնարարել էին արտգործնախարարներին սկսել նախապատրաստական աշխատանքները երկու երկրների միջեւ խաղաղ բանակցությունների համար»։

Շառլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը Շառլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը

 

Շառլ Միշելը հայտարարություն էր տարածել եռակողմ հանդիպման արդյունքներով, որում, մասնավորապես, ասված էր.

 

«Ղեկավարները քննարկել են զարգացումները, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից եւ 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի մասնակցությամբ տեսակոնֆերանսից հետո: Նրանք դիտարկել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը, քննարկել են վերջին շրջանի լարվածությունը եւ վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին ամբողջապես հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

 

Նրանք ողջունել են մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը եւ անհրաժեշտ են համարել շարունակել այդ շփումները՝ առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների համարժեք իրականացումն ապահովելու համար»։

 

Նախագահ Միշելն ընդգծել էր երկու կողմերի մարդասիրական քայլերի կարեւորությունը վստահության եւ խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա ընդգծել էր բոլոր մարդասիրական խնդիրների ամբողջական եւ արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ մնացած կալանավորների ազատումը եւ անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, եւ հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: ԵՄ-ն կշարունակի նաեւ աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ մարդասիրական ականազերծման ջանքերին՝ շարունակելով տրամադրել փորձագիտական խորհրդատվություն եւ ավելացնելով ֆինանսական օգնությունը:

Շառլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը Շառլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը

 

Նախագահ Միշելը ի նկատի էր առել եւ՛ նախագահ Ալիեւի, եւ՛ վարչապետ Փաշինյանի հայտարարած ցանկությունը՝ արագ շարժվել իրենց երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կանդրադառնա բոլոր անհրաժեշտ խնդիրներին։

 

2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության համաձայն, պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչեւ ապրիլի վերջ ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով։

 

Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատում կլինի.

 

1.    սահմանազատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը

2.   ապահովել կայուն անվտանգության իրադրություն սահմանագծի երկայնքով եւ  մերձակայքում:

 

Նախագահ Միշելը նաեւ շեշտել էր, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման եւ լարվածության նվազեցման էական տարր է հանդիսանում։ Նա վերահաստատել էր ԵՄ-ի պատրաստակամությունը տրամադրել խորհրդատվություն եւ աջակցություն:

 

Ղեկավարները քննարկել էին նաեւ կոմունիկացիոն ենթակառուցվածքի վերականգնումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ Հարավային Կովկասում։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին եւ Ադրբեջանին արդյունավետ լուծումներ գտնել ավտոճանապարհային միացումների վերականգնման համար»։

 

6.    Ինչի՞ց էր դժգոհ Լավրովը:

 

2022 թվականի փետրվարի 8-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր.

 

«Կուզեի, որ Բրյուսելում մեր եվրոպացի գործընկերները հասկանան՝ այդ գիծն արդեն ստեղծվել է երեք առաջնորդների կողմից 2020 եւ 2021 թվականներին, եւ նրանք չեն փորձելու ուղղումներ անել։

 

Ես ուշադրություն դարձրեցի, որ Շառլ Միշելի հայտարարության մեջ ՌԴ-ն որեւէ տեղ հիշատակված չէ, սա խոսում է այն մասին, որ Եվրամիության ղեկավարության համար կարեւոր է զարգացնել ձեռք բերվածը կամ օգտագործել Ղարաբաղյան թեման առանձնանալու համար ռուսաֆոբությամբ։ Ռուսաստանը երբեք չի զոհաբերի իր դաշնակիցների շահերը ինչ-որ աշխարհաքաղաքական, առավել եւս՝ քարոզչական խաղերին»։

 

2022 թվականի ապրիլի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել էր ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանավորվածությունների թեման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից անցյալ տարի առաջարկված օրակարգը «յուրացնելու Բրյուսելի անամոթ փորձերի» մասին։

 

7. Ինչի՞ մասին էին խոսել Պուտինն ու Միշելը։

 

Ապրիլի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն հեռախոսազրույցում քննարկել էին Լեռնային Ղարաբաղում կայունության եւ անվտանգության ապահովման հարցը, «այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի եւ Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ»։

Շառլ Միշելը եւ Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրության մեջ ասված էր.

 

«Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հիմնարար եռակողմ համաձայնագրերի հետեւողական իրականացման հիմնարար կարեւորությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը հայտնել է տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացմանն, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին եւ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի մասին»։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին