exclusive
6834 դիտում

Սուրբ Գեղարդը՝ Քրիստոսի ժամանակներից մինչեւ մեր օրեր


Լուսանկարը` Սերգեյ Դավիդյանց

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ

Լուսանկարը` Մայր Աթոռ


Շուրջ մեկ ամիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները օրեր առաջ հայտարարեցին, թե սուրբ Գեղարդից մի կտոր իբր վաճառվել է ռուս քաղաքապետի: Գեղարդի ամբողջական լինելը ապացուցելու նպատակով Գարեգին Երկրորդի տնօրինությամբ հուլիսի 7-ին այն դրվեց Մայր տաճարում՝ ի տես բոլորի:


«Պարզաբանում» խորագիրն անդրադառնում է հայերիս եւ ամբողջ քրիստոնյա աշխարհի համար մեծագույն սրբություն Գեղարդին:

 

1. Ի՞նչ է ասվում Աստվածաշնչում սուրբ Գեղարդի մասին: 

 

Գեղարդի մասին խոսվում է Նոր Կտակարանի մեջ՝ Հովհաննեսի Ավետարանում: Այն հիշատակվում է Հիսուսի խաչելության դրվագում. «Երբ եկան Հիսուսի մոտ եւ տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, եւ իսկույն արյուն եւ ջուր ելավ»: 

 

Հայ մատենագրության մեջ գեղարդը՝ նիզակի խոցող հատվածը, ծայրը, կոչվել է աստվածամուխ՝ Աստծո կողը մխրճված: Իսկ ըստ եկեղեցական ավանդության, հարվածողը եղել է Ղունկիանոս հարյուրապետը, որը հետագայում առաքյալների կողմից մկրտվեց, դարձավ քրիստոնյա, նահատակվեց քրիստոնեական հավատքը քարոզելու համար: Նա սրբադասվել է բոլոր ավանդական եկեղեցիների կողմից:

 

2. Ինչպե՞ս է սուրբ Գեղարդը հասել Հայաստան եւ որտե՞ղ է պահվել դարեր շարունակ:

 

Հայ եկեղեցու սրբազան ավանդության համաձայն՝ աստվածամուխ սուրբ Գեղարդն առաջին դարի երկրորդ կեսին Հայաստան է բերել Քրիստոսի 12 առաքյալներից եւ Հայոց առաջին լուսավորիչներից սուրբ Թադեոսը: Ավանդության հիմքում սուրբ Թադեոսի վկայաբանությունն է, որը 5-րդ դարում՝ հայոց գրերի գյուտից հետո, Սամուել եպիսկոպոսն ասորերենից թարգմանել է հայերեն: Համաքրիստոնեական այս սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում: 

 

Լուսանկարը` Մայր Աթոռ

 

13-րդ դարում այն հանգրվանել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ մեծ սրբության, կոչվել է Գեղարդավանք: Պռոշյան իշխանական տոհմի հիմնադիր Պռոշ Պռոշյան իշխանը 1268 թվականին արծաթե պահարան է պատրաստել տվել, որը հետագայում ավերիչ երկրաշարժից մեծապես վնասվել է:

 

18-րդ դարի 60-ական թվականներին՝ Սիմեոն Առաջին Երեւանցի կաթողիկոսի գահակալության տարիներին, սուրբ Գեղարդը տարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մինչ օրս այն պահվում է Մայր տաճարում՝ ավանդատուն-թանգարանում:

 

3. Ե՞րբ եւ ինչո՞ւ է ստեղծվել Գեղարդի կրկնօրինակը:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշում է, որ որեւէ մեկը չի կարող կասկածի տակ առնել Էջմիածնում պահվող Գեղարդի իսկությունը, քանի որ կան պատմական փաստաթղթեր: Գեղարդի մասին իրենց ուղեգրություններում հիշատակել են օտարերկրացի ճանապարհորդները (Տավեռնիե, Մորիեր եւ այլն): 19-րդ դարասկզբին, ռուսաց ցարին ներկայացնելու համար, ստեղծվել է Գեղարդի գծապատկերը՝ համապատասխան բացատրություններով: Այսօր այն պահվում է Ռուսաստանի պետական արխիվում: Այն տպագրվել է նաեւ Ֆերնանդ դը Մելի 1904 թ. Փարիզում տպագրված գրքում:

 

Գեղարդը հնարավոր հափշտակություններից զերծ պահելու նպատակով՝ 18-րդ դարում ժամանակի կաթողիկոսները պատվիրել են Գեղարդի կրկնօրինակը: Իրականը կրկնօրինակից տարբերելու համար, 1800-ական թթ. Դավիթ 5-րդ եւ Դանիել 1-ին հայոց կաթողիկոսներն իրենց կնիքներով կնքել են բուն Գեղարդը: Այդ սուրգուճե կնիքները մինչ օրս տեսանելի են սուրբ Գեղարդի վրա: 


4. Ի՞նչ առիթներով է սուրբ Գեղարդը դուրս բերվում պահոցից:

 

Արդեն մի քանի դար է՝ Սուրբ Գեղարդը Մայր տաճարից դուրս է բերվում 7 տարին մեկ՝ սրբալույս մյուռոնի օրհնությանը: Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն՝ մյուռոնօրհությունը կատարվում է երեք մեծագույն սրբություններով՝ սուրբ Գեղարդով, Գրիգոր Լուսավորչի մասունքներն ամփոփող աջով եւ Քրիստոսի խաչափայտի մասունքը պարունակող խաչով:

 

Լուսանկարը` Մայր Աթոռ

 

2014 թվականից Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կոնդակով՝ Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է աստվածամուխ սուրբ Գեղարդի ուխտի օր: Տարվա ընթացքում մեկ անգամ այն դուրս է բերվում Մայր Տաճար, եւ հավատացյալները հնարավորություն են ունենում խոնարհվելու Տիրոջ կողը խոցած Գեղարդին: 

 

Իսկ Մայր Աթոռում պահվող կրկնօրինակն օգտագործվում է միջազգային ցուցահանդեսներին ներկայացնելու համար:

 

5. Սուրբ Գեղարդի հետ կապված ի՞նչ հրաշքներ են հայտնի:

 

Սուրբ Գեղարդի զորության եւ հրաշագործությունների մասին բազմաթիվ վկայություններ կան: Օրինակ՝ 18-րդ դարի վերջին վրաց երկու թագավորները դիմել են Սիմեոն Երեւանցի եւ Ղուկաս Կարնեցի կաթողիկոսներին՝ խնդրելով Գեղարդը տանել Թիֆլիս՝ ժանտախտի համաճարակը փարատելու համար: Տարբեր հիվանդությունների բուժման նպատակով սուրբ Գեղարդը տարվել է նաեւ Արեւելյան Հայաստանի մի շարք քաղաքներ: Գրավոր վկայությունների համաձայն՝ սուրբ Գեղարդի զորությամբ այդ հիվանդությունները վերացել են: Մեր օրերում նույնպես Գեղարդի զորությամբ հրաշքներ լինում են՝ սրբությանը հավատքով մոտեցողների կյանքում:

 

Լուսանկարը` Մայր Աթոռ

 

6. Քանի՞ գեղարդ կա աշխարհում:

 

Սուրբ Էջմիածնում պահվող Գեղարդից բացի` աշխարհում հայտնի է եւս չորսը: Դրանցից ամենահինը, որը գիտնականների թվագրմամբ 7-րդ դարի է, պահվում է Վիեննայում: Դրա կրկնօրինակը գտնվում է Կրակովում: Երրորդը Վատիկանինն է, որը, ըստ տեր Ասողիկի, երբեւէ չի ցուցադրվել, հայտնի է դրա հին գծապատկերը: Այն գտնվել է 11-րդ դարերում, եւ տարվել Կոստանդնուպոլիս: Թուրքերի կողմից Պոլսի գրավումից հետո այդ գեղարդի պահպանված հատվածը 15-դր դարում սուլթանն ընծայաբերել է Հռոմի Պապին, իսկ դրա մյուս մասը դեռ 13-րդ դարում Բյուզանդիայի կայսրը նվիրել էր Ֆրանսիայի թագավորին: Տեր Ասողիկը նշում է, որ վերջերս «հայտնաբերվել է» 4-րդ գեղարդը: Այն պահվում է Թուրքիայում՝ Զմյուռնիայի կաթոլիկ մի վանքում, եւ էջմիածնական Գեղարդի ճիշտ կրկնօրինակն է: 

 

«Իրենց վկայությունների համաձայն՝ այդ գեղարդը թվագրվում է 1-ին դարով, ըստ իրենց ունեն նաև Վատիկանի հավաստագիրը: Հայտնի է, որ Թուրքիայում հաստատված այդ կաթոլիկ միաբանությունը վտարվել է Նախիջեւանից դեռեւս 17-րդ դարում՝ պարսից իշխանությունների կողմից, եւ նրանք հաստատվել են Օսմանյան կայսրության տարածքում: Արեւելյան Հայաստանում եղած ժամանակ նրանք պետք է որ առնչություններ ունեցած լինեին Սուրբ Էջմիածնի հետ, պետք է տեսած լինեին մեր Սուրբ Գեղարդը: Ավելին, ժամանակին հայոց հայրապետներն օտարազգի հյուրերին, ուխտավորներին, ովքեր լինում էին Մայր Աթոռում՝ որպես նվեր ընծայաբերում էին նաև Սուրբ Գեղարդի մոմից պատրաստված օրինակը: Հավանաբար, նրանք ձեռք են բերել այդ մոմե գեղարդը, որից էլ պատրաստել են մետաղյա օրինակը: Հիշատակված այս բոլոր գեղարդները հավակնում են «Ղունկիանոսի գեղարդ» կամ «Ճակատագրի գեղարդ» անվանումների: Իսկ այդ անվանմամբ գեղարդը համարվել է աշխարհակալության ուժի խորհրդանիշ: Դրա համար է, որ պատմության ընթացքում եղել են տիրակալներ, որոնք ամեն կերպ ջանացել են ստանալ այդ խորհրդանշական առարկան: Հայոց Եկեղեցու համար Սուրբ Գեղարդը հավատքի առարկա է»,- ասում է տեր Ասողիկը:

 

7. Ո՞ւմ է տրվել սուրբ Գեղարդի «փշրանքը»:

 

Դարերի ընթացքում քրիստոնեական ավանդական եկեղեցիները միմյանց նվիրաբերել են համաքրիստոնեկան սրբություններ, մասունքներ: Սուրբ Գեղարդից առաջին անգամ մի «մի փոքրիկ մասունք, փշրանք», ինչպես բնորոշում է Մայր Աթոռի թանգարանների տնօրենը, Ամենայն Հայոց հայրապետի օրհնությամբ 2004 թվականին նվիրաբերվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն՝ միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գ. Պոլտավչենկոյի: Սուրբ Գեղարդի կոթառից վերցված փոքրիկ մասունքի ընծայաբերումը համընկել է Ռուս եկեղեցու նախորդ պատրիարք Ալեքսի 2-րդի ծննդյան 75-ամյակին: Մասունքը պահվում է Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Սուրբ Կոստանդիանոս եւ Սուրբ Հեղինե վանքում:

 

Հ. Գ.  Գեղարդը պահոցից դուրս բերելուց հետո «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության հոգեւոր առաջնորդ Կորյուն աբեղա Առաքելյանը կասկածի տակ դրեց դրա իսկությունը: Տեր Ասողիկը վստահեցնում է՝ այդ կասկածներն ամբողջովին անհիմն են, իսկ մարդկանց Մայր Աթոռի դեմ տրամադրելու նպատակով սուրբ Գեղարդի մասին  կեղծ տեղեկություններ տարածելը դատապարտելի:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am