1960 թվական՝ Միկոյանը ծանոթանում է Ֆիդելի եւ Չե Գեւարայի հետ - Mediamax.am

exclusive
15686 դիտում

1960 թվական՝ Միկոյանը ծանոթանում է Ֆիդելի եւ Չե Գեւարայի հետ


Չե Գեւարան եւ Անաստաս Միկոյանը Մոսկվայում
Չե Գեւարան եւ Անաստաս Միկոյանը Մոսկվայում

Լուսանկարը` Sputnik

Անաստաս Միկոյանը եւ Ֆիդել Կաստրոն ԽՍՀՄ-ում
Անաստաս Միկոյանը եւ Ֆիդել Կաստրոն ԽՍՀՄ-ում

Լուսանկարը` ՏԱՍՍ

Անաստաս Միկոյանը եւ Ֆիդել Կաստրոն Կուբայում
Անաստաս Միկոյանը եւ Ֆիդել Կաստրոն Կուբայում

Լուսանկարը` ՏԱՍՍ

Նիկիտա Խրուշչովը, Ֆիդել Կաստրոն եւ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ-ում
Նիկիտա Խրուշչովը, Ֆիդել Կաստրոն եւ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ-ում

Լուսանկարը` ՏԱՍՍ


2017 թ. հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծեց մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ: Գաղտնազերծված փաստաթղթերը որոշ չափով լույս են սփռում Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործունեության վրա: Նյութերն ուսումնասիրելիս՝ Մեդիամաքսը գտավ Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեց «Միկոյանը ԿՀՎ աչքերով» հատուկ նախագիծ պատրաստել: Մեդիամաքսը նախագիծը ներկայացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ:

 

***

 

Այն, որ Անաստաս Միկոյանը առանցքային դերակատարություն է ունեցել 1962թ.-ի Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման գործում, շատերին է հայտնի:

 

Ավելի քիչ հայտնի է, թե ինչու էր որոշվել Ֆիդել Կաստրոյի հետ չափազանց բարդ ու պատասխանատու բանակցություններին գործուղել հենց Միկոյանին: Բացի նրանից, որ այդպիսի արտակարգ իրավիճակում անհրաժեշտ էր հմուտ, հեղինակավոր ու կուբական ղեկավարության վստահությունը վայելող միջնորդ, պատճառներից մեկն այն էր, որ հայտնի իրադարձություններից երկու տարի առաջ՝ 1960թ. Անաստաս Միկոյանը այցելել էր Կուբա, որտեղ ստորագրել էր Հավանայի համար շատ կարեւոր առեւտրային համաձայնագիր: Այդ այցի ընթացքում Միկոյանը անձնական լավ կապեր էր հաստատել Ֆիդել Կաստրոյի, Էրնեստո Չե Գեւարային ու Կուբայի հեղափոխական այլ առաջնորդների հետ:

Անաստաս Միկոյանը եւ Ֆիդել Կաստրոն ԽՍՀՄ-ում Անաստաս Միկոյանը եւ Ֆիդել Կաստրոն ԽՍՀՄ-ում

Լուսանկարը` ՏԱՍՍ

Միկոյանի այցը Կուբա տեղի է ունեցել 1960թ. փետրվարին, սակայն դեռ հունվարի 20-ին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդ ներկայացվել է մի փաստաթուղթ, որտեղ վերլուծվում էր Հավանայում կայանալիք ԽՍՀՄ ցուցահանդեսի «պրոպագանդիստական ու քաղաքական արդյունքները, որոնք Մոսկվան կփորձի քաղել դրանից»:

 

Ամերիկացի դիվանագետները նշում էին, որ Միկոյանը՝ որպես ԽՍՀՄ-ի տնտեսության առաջնորդ, առաջ է տանելու տնտեսական կապերի ընդլայնման հարցը ու հնարավոր է Խորհրդային միության կողմից Կուբային մեծ վարկ տրամադրելու մասին պայմանագրեր ստորագրի:

 

Սովետական կողմը բավականին բարձր էր գնահատում այցի արդյունքները, իսկ ինքը՝ Միկոյանը, տպավորված էր Կուբայի առաջնորդներով: Նա ասում էր Կաստրոյի մասին. «Նա հեղափոխական է՝ մեր նման: Ես ինձ այնպես էի զգում, կարծես երիտասարդությունս էր վերադարձել»:

Անաստաս Միկոյանը եւ Ֆիդել Կաստրոն Կուբայում Անաստաս Միկոյանը եւ Ֆիդել Կաստրոն Կուբայում

Լուսանկարը` ՏԱՍՍ

Այցի շրջանակներում Կուբային սովետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրեր կնքնվեցին, որոնց համաձայն ԽՍՀՄ-ը տրամադրելու էր Կուբային 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ եւ պարտավորվում էր 5 տարվա ընթացքում մեծ քանակով կուբական շաքար գնել:  

 

Վերլուծելով Միկոյանի այցը, ամերիկյան հետախուզությունը նշում էր, որ «Միկոյանի քայլերը Կուբայում՝ մանավանդ մեծ ծավալով շաքար գնելու պարտավորվածությունը,  կարծես մշակված էին խրախուսելու Կուբայի կառավարության ներկայիս վերաբերմունքը Միացյալ Նահանգների հանդեպ»:

 

Ամերիկյան կողմը նաեւ մտահոգիչ էր համարում այն հանգամանքը, որ Կաստրոյի կառավարությունը խրախուսվում է ավելի սերտ հարաբերություններ զարգացնել Արեւելյան Գերմանիայի ու Չեխոսլովակիայի հետ, որտեղ մոտ ապագայում նախատեսվում էին Կուբայի պատվիրակության այցելություններ:

Նիկիտա Խրուշչովը, Ֆիդել Կաստրոն եւ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ-ում Նիկիտա Խրուշչովը, Ֆիդել Կաստրոն եւ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ-ում

Լուսանկարը` ՏԱՍՍ

Ամերիկյան հետախուզության փաստաթղթում նշվում էր, որ անգամ Կաստրոյի մերձակա շրջապատում որոշակի մտահոգության նշաններ կան առ այն, որ ԽՍՀՄ-ի հետ չափից շատ մերձեցումը կարող է ոչ միանշանակ ընկալվել Լատինական Ամերիկայի այլ պետություններում: Կան նաեւ մարդիկ, որոնք կարծում են, թե սովետական ազդեցությունը կարող է ոչնչացնել կուբական հեղափոխությունը:

 

Փաստաթղթում նշվում էր նաեւ Միկոյանի այցի ընթացում կուբացի կաթոլիկ ուսանողների կողմից կազմակերպված բողոքի ցույցի եւ նրանց հանդեպ գործադրված բռնության մասին: 

Չե Գեւարան եւ Անաստաս Միկոյանը Մոսկվայում Չե Գեւարան եւ Անաստաս Միկոյանը Մոսկվայում

Լուսանկարը` Sputnik

Այնուամենայնիվ, ԽՍՀՄ-ի ու Կուբայի միջեւ փոխհարաբերությունները շարունակում էին ակտիվ զարգացում ապրել: Միկոյանի այցից ընդամենը կես տարի անց՝ հոկտեմբերին, Մոսկվա էր ժամանել Կուբայի կառավարական տնտեսական առաքելությունը Չե Գեւարայի գլխավորությամբ, ում ի թիվս այլ սովետական պաշտոնյանների ընդունել էր նաեւ Անաստաս Միկոյանը: Երկու տարի անց սկսվելու է Կարիբյան ճգնաժամը:

 

Կարդացեք նաեւ Ռոքֆելերը՝ Միկոյանին. Իմ ընտանիքը պատերազմ չի ցանկանում հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը, Նիքսոնը եւ ստրկացված ժողովուրդները հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Ինչպես էր Խրուշչովն առաջարկում Միկոյանին «Սիբիր ուղարկել» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյան` «մեր գովազդը ձեր գովազդից վատն է» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը՝ «սուտն ու ճշմարտությունը խառնելու հանճարը» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը Լոս Անջելեսում `«Դոկտոր Ժիվագոն» եւ IBM 709 համակարգիչը հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ հոդվածը:

 

Նախագծի գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին