Բորիս Նավասարդյանը պատմել է կառավարությունում կայացած քննարկման մասին - Mediamax.am

exclusive
792 դիտում

Բորիս Նավասարդյանը պատմել է կառավարությունում կայացած քննարկման մասին


Բորիս Նավասարդյանը
Բորիս Նավասարդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Փետրվարի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ պետական տարբեր մարմինների եւ զանգվածային լրատվության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հանդիպման ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է 2023 թվականի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:

 

Արձանագրված մի շարք խախտումներից զատ, կոմիտեն մտահոգիչ պատկեր է արձանագրել նաեւ տեղեկատվության ազատության սահմանափակումների առումով՝ մասնավորապես լրագրողների հարցումների անհիմն մերժման կամ դրանց ոչ ամբողջական, լղոզված պատասխաններ տրամադրելու փաստեր, իշխանությունների մի շարք ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով փորձ է արվել իրավական հիմքեր ստեղծել պաշտոնական տվյալների տրամադրումը սահմանափակելու համար։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, որը ներկա է եղել հանդիպմանը, Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ քննարկումը հիմնականում ծավալվել է տեղեկատվության հարցումների վերաբերյալ արձանագրված հետընթացի շուրջ:

 

«Հիմնականում խոսվել է կառավարության կողմից հաղորդակցական քաղաքականության բարելավման անհրաժեշտության մասին՝ ինչպես ռազմավարական հաղորդակցության, այնպես էլ անմիջապես լրատվամիջոցների հետ շփման առումով: Մյուս կողմից քննարկվել է հարցերի բովանդակությունը, դրանց հնարավորինս կոնկրետ լինելու անհրաժեշտությունը, որպեսզի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կատարումը պետական կառույցների համար ավելի դյուրին դառնա»,- նշել է Բորիս Նավասարդյանը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հնարավոր փոփոխություններին, քննարկվել են պատասխանների տրամադրման ժամկետների, պետական կամ ծառայողական գաղտնիքին առնչվող հարցեր:

 

«Կառավարության ներկայացուցիչները բավականին հանգիստ լսում էին հնչող քննադատությունը, սակայն չէի ասի, որ նկատելի էր կոնկրետ լուծումների գնալու տրամադրվածություն: Գուցե պատճառն այն էր, որ սա առաջին նման կարգի հանդիպումն էր»,- նշել է Բորիս Նավասարդյանը՝ հույս հայտնելով, որ հանդիպումների շարունակականության պարագայում հնարավոր կլինի կոնկրետ մեխանիզմներ մշակել:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

«Ամենակարեւորն այն է, որ կառավարության ներկայացուցիչները հասկանան՝ հանրությունից, լրատվամիջոցներից փակվելը հազիվ թե ճիշտ ճանապարհ է, թեեւ նման միտում վերջին ժամանակներում զգացվում է»,- հավելել է նա:

 

Լրատվամիջոցների շրջանում կան մտահոգություններ, որ իրենց առնչվող հարցերն առաջին հերթին քննարկվում են հասարակական կազմակերպությունների, այլ ոչ հենց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Արձագանքելով այս մտահոգությանը, Բորիս Նավասարդյանը նշել է, որ մեդիա ոլորտի հասարակական կազմակերպությունների բարձրացրած հարցերը ձեւավորվում են լրատվամիջոցների հետ երկխոսության արդյունքում:

 

«Բայց անկախ այդ հանգամանքից՝ կառավարության ներկայացուցիչների եւ պրակտիկ լրագրությամբ զբաղվողների միջեւ անմիջական շփումն անհրաժեշտ է ավելի խորը եւ արդյունավետ երկխոսություն համար»,- եզրափակել է նա:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին