Արցախի շուրջ ադրբեջանական թեզերն ու դրանց հակազդելը - Mediamax.am

exclusive
1287 դիտում

Արցախի շուրջ ադրբեջանական թեզերն ու դրանց հակազդելը


Սոֆիա Հակոբյանը
Սոֆիա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարոն Հովհաննիսյանը
Տարոն Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեկտեմբերի 16-ին Մեդիամաքսի գրասենյակում տեղի է ունեցել Արցախի շուրջ ադրբեջանական մեդիա թեզերի վերաբերյալ սեմինար-քննարկում: Այն նախաձեռնել էր արեւելագետ եւ լրագրող Սոֆիա Հակոբյանը:

 

Քննարկումը նպատակ ուներ արցախյան հիմնահարցը լուսաբանող լրագրողներին եւ թեմայով հետաքրքրված այլ մասնագետներին ներկայացնելու, թե որոնք են ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերը եւ ինչպես է պետք աշխատել դրանց հետ:

 

Սոֆիա Հակոբյանի կարծիքով՝ հայկական մամուլում ադրբեջանական թեզերին արձագանքը համակարգված եւ թիրախային չէ, ուստի նման քննարկումների կարիքը կա:

 

«Լինելով թե´ թուրքագետ, թե´ լրագրող, ես ամեն օր կարդում եմ ադրբեջանական եւ թուրքական մեդիա, եւ գիտեմ, որ շատ լրագրող գործընկերներ չունեն հասանելիություն այդ աղբյուրներին, ուստի գաղափար առաջացավ այդ փորձով կիսվելու»,- նշել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանդիպման բանախոսներից քաղաքագետ եւ ադրբեջանագետ, KarabakhRecords-ի համահիմնադիր Տարոն Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրել է ադրբեջանական մամուլում քարոզչության ծավալները եւ այն, թե ինչպես է պետք ճիշտ վերլուծել այդ լրահոսը:

 

Նա ընդգծել է, որ հայատյացությունը Ադրբեջանում ապրող ժողովրդին գաղափարապես համախմբելու միջոց է, ինչպես նաեւ լավ գործիք նավթագազային եկամուտների բաշխման համար: Ընդ որում, հայերի՝ «թշնամի» լինելու թեզը ամենեւին էլ չի փոխվել վերջին զարգացումներից հետո:

 

«Ալիեւի ամեն խոսքում տեսնում ենք ռեւանշիզմ բառը, որով նա ցույց է տալիս, թե հայերը, միեւնույն է, ցանկություն ունեն ռեւանշ վերցնելու: Թե´ Ալիեւի, թե´ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարություններում նշվել է, որ Հայաստանի իշխանությունները եւս ռեւանշիստ են, պարզապես «պատերազմում պարտված լինելով ստիպված են առերեսվել իրականության հետ»: Այսինքն՝ հիմա թույլ են, ընդունում են պայմանները, բայց եթե թողնեն, որ Հայաստանը զարգանա, էլի իրենց դեմ դուրս կգան, հետեւաբար հայերը միեւնույն է թշնամի են: Այս քարոզչությունը հետեւողականորեն աճեցվում է»,- նշել է Տարոն Հովհաննիսյանը:

Տարոն Հովհաննիսյանը Տարոն Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արցախի հիմնահարցը ադրբեջանական մամուլում ներկայացվում է որպես զուտ տարածքային կոնֆլիկտ, որտեղ Հայաստանը իբրեւ թե ցանկանում է հող զավթել Ադրբեջանից: Ըստ այդ թեզերի՝ Ստեփանակերտի կառավարությունը անջատողականների օկուպացիոն ռեժիմ էր, որը հանգիստ չէր տալիս հենց արցախցիներին, իսկ մարդկանց ինքնորոշման եւ անվտանգության հարցերը որեւէ կերպ տեղ չեն գտնում ադրբեջանական մամուլում:

 

«Արցախի բռնագաղթից հետո կարդում էի ադրբեջանական մեդիա տիրույթի շոկային մեկնաբանությունները, որտեղ շատ ադրբեջանցիներ իրենց վիրավորված էին զգում եւ հարցադրում անում, թե իրո՞ք իրենք այդքան վատն են, որ 100 000 մարդ մեկ մարդու պես դուրս եկավ, եւ ոչ ոք չցանկացավ իրենց հետ ապրել»,- նշել է Սոֆիա Հակոբյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային մամուլում Արցախի թեմայով լուսաբանման հիմնական խոչընդոտներին: Նախաձեռնողները մասնակիցների հետ կիսվել են նաեւ պատմաբան Սամսոն Հովհաննիսյանի կազմած Արցախի պատմության եւ հակամարտության վերաբերյալ կարեւոր գրականության ցանկով:

 

Գայանե Ենոքյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին