Խորեն Լեւոնյան. “Պետք է վերականգնեինք “Երեւան” ստուդիայի բարի անունն ու փառքը” - Mediamax.am

exclusive
8571 դիտում

Խորեն Լեւոնյան. “Պետք է վերականգնեինք “Երեւան” ստուդիայի բարի անունն ու փառքը”


Խորեն Լեւոնյան
Խորեն Լեւոնյան

Լուսանկարը` www.Bravo.am


2012-ի հունվարից հեռուստաֆիլմերի “Երեւան” ստուդիայի տնօրենը Խորեն Լեւոնյանն է: Դերասանն այս պաշտոնի առաջարկը ստացել էր դեռ մեկ տարի առաջ, ու մինչ համաձայնություն տալը երկար մտածում էր: Ասում  է` հիմա օր ու գիշեր ծանոթանում է համակարգին ու խնդիրներին: Մեդիամաքս-ի թղթակիցը ստուդիայի աշխատանքի ու հետագա անելիքների մասին խոսել է նորանշանակ տնօրենի հետ:

 

“Ներկայումս մեր գործունեությունը հին ժապավենների ռեստավրացիան է, ստուդիայում թվայնացվում, վերականգնվում են գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, հաղորդումներ: Հետագայում ուզում ենք աշխատել նաեւ այլ ուղղությամբ`վերականգնելու այն գործունեությունն ու անունը, որն ունեցել է հեռուստաֆիլմերի “Երեւան” ստուդիան”,-Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Խորեն Լեւոնյանը:

 

“Ստուդիայում աշխատում են լավ մասնագետներ, պրոֆեսիոնալ խումբ:  Ֆիլմերի թվայնացնում ու վերականգնումը ամենօրյա, մանրակրկիտ աշխատանք է, որն արվում է մի քանի փուլով` ֆիզիկական մաքրում, ժապավենների լվացում, հետո նոր թվայնացում: “Երեւան” ստուդիայում  պահպանում են տեխնոլոգիական բոլոր փուլերը: Շնորհիվ մեր ինժեներների ճկունության եւ մտահաղացման`կա մի համակարգ, որով կարողանում ենք կատարել այդ աշխատանքը, ժամանակի ընթացքում սարքավորումները կնորացվեն, ամեն ինչ պետք է վերակենդանացնել”, - ասել է Խորեն Լեւոնյանը:

 

Ֆիլմերի վերականգնման հիմքում ընկած է “Թորոս Ռոսլին” տեխնոլոգիան.  “Երեւան” ստուդիայում ֆիլմերը թվայնացվում են որոշակի սկզբունքով. վերականգնվում  է բնօրինակը` առանց ավելորդ գունազարդումների` կադրը պետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է, գույները ստանան իրենց նախկին փայլը, տեսքը, ինչպես Թորոս Ռոսլինի մանրանկարները:

 

Մեր զրուցակցի փոխանցմամբ ստուդիայի արխիվում կա 700 անուն ֆիլմ: Բոլոր գեղարվեստական ֆիլմերի թվայնացումն ավարտել են, ներկայումս թվայնացվում են վավերագրականները: 2006 թվականի կեսից մինչ օրս  թվայնացվել է 135 ֆիլմ: Շուրջ 400 ֆիլմ տեխնիկապես վերականգնվել է, ժապավենները փրկվել են փչացումից ու ոչնչացումից. “Արժեքավոր են բոլոր կադրերը, նույնիսկ փոքրիկ պատառիկները, ոչ մի կադր հենց այնպես չի պահվում, սա մշակութային հարստություն է, “կինո մատենադարան”: Մեր առաջնային նպատակն  է շարունակել այս գործընթացը, փրկել ժապավենները, եւ, որ ամենակարեւորն է,  հեռուստաֆիլմերի “Երեւան” ստուդիայի լոգոյի ներքո ֆիլմ արտադրելը”:

 

Խորեն Լեւոնյանը (Bravo.am)

 

“Այդ ուղղությամբ արդեն աշխատանքները սկսել ենք, դա երկար պրոցես է, հույսեր կան, որ եկող տարի արդեն ավելի կոնկրետ կխոսենք: Առաջին ֆիլմը պետք է լինի Վարդգես Պետրոսյանի “Վերջին ուսուցիչը”, կլինի  Նար-Դոսի “Մեր թաղը”` 7 մասից բաղկացած, ծրագրում կա նաեւ պատմական դարաշրջանից մի մեծ գեղարվեստական ֆիլմ, որտեղ, նախնական մտահաղացմամբ, ընդգրկված է լինելու նախաքրիստոնեական շրջանը”,- այստեղ իր դերակատարումը կունենա նաեւ Խորեն Լեւոնյանը:

 

Ստուդիան զբաղվելու է նաեւ գեղարվեստական ֆիլմերի թարգմանությամբ եւ  կրկնօրինակմամբ, ինչով դեռ 2001-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողին հայտնի է Խորենը: “Առաջիկայում նախատեսվում է  մի շատ հետաքրքիր արտասահմանյան գեղարվեստական ֆիլմի կրկնօրինակում` իր բոլոր տեխնիկական պարամետրերով,  լիարժեք կրկնօրինակում` մեկ կերպար-մեկ ձայն սկզբունքով, սա բավականին բարդ աշխատանք է, որին չեն դիմում անգամ արտասահմանյան լուրջ ստուդիաները”:

 

“Երեւան” ստուդիայի աշխատանքի առաջին պտուղները շուտով տեսանելի կդառնան. “Քանի որ այս տարի գրքի տարի է հայտարարված, այդ ծրագրի շրջանակներում իր հատուկ հնչեղությունը կունենա Կիմ Բակշիի եւ Հովիկ Հախվերդյանի  “Մատենադարան” ֆիլմի թվայնացված տարբերակի ներկայացումը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ավարտված են”: 

 

Ստուդիայի նորանշանակ տնօրենն իր աշխատանքից մեծ ակնկալիքներ ունի`“Ամեն ինչ անելու եմ, որ խիղճս հանգիստ լինի, սա պատասխանատու գործ է, պետք է այնպես անել, որ աշխատանքի որակը բարձրանա, առաջ գնանք, դա շատ կարեւոր է ինձ համար,  կարեւոր է, երբ ստուդիայի լոգոն որեւէ ֆիլմից առաջ լինի, մարդկանց համար արժեք ունենա:  Հույս ունեմ, որ “Երեւան” ֆիլմերի ստուդիան նոր վերածնունդ կապրի, դրա համար եմ գնացել այնտեղ: Տարիների ընթացքում պետք է վերականգնենք ստուդիայի բարի անունը, պատիվը, փառքը: “Երեւան”  ստուդիայի լոգոյի ներքո պետք է լինեն միայն լավ որակի, ազգին պիտանի, ազգի դեմքը ցույց տվող ու ազգ ներկայացնող ֆիլմեր”,- Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Խորեն Լեւոնյանը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին