Ռիգայում մեկնարկում է Արեւելյան գործընկերության երկրների մեդիահամաժողովը - Mediamax.am

1034 դիտում

Ռիգայում մեկնարկում է Արեւելյան գործընկերության երկրների մեդիահամաժողովը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 13-14-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կանցկացվի «Արեւելյան գործընկերության երկրների մեդիահամաժողով 2019. բիզնես եւ կայունություն» միջոցառումը, որին կմասնակցի նաեւ Մեդիամաքսի ներկայացուցիչը։

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության եւ Լատվիայի կառավարության աջակցությամբ: Այն համախմբել է ԶԼՄ-ների, դրանց զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների ու դոնորների ավելի քան 100 ներկայացուցիչների՝ գործընկեր երկրներից եւ Եվրոպական միությունից:

 

Սա 2017 թ-ին կայացած՝ Արեւելյան գործընկերության երկրների 2-րդ մեդիահամաժողովի շարունակությունն է, որի շրջանակներում տնտեսական կայունությունը ճանաչվել է առանցքային մարտահրավեր, որին առերեսվում է արհեստավարժ լրագրությունն ամբողջ տարածաշրջանում:

 

Համաժողովը կբացեն Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Վրաստանի, Մոլդովայի եւ հարեւանության միջսահմանային համագործակցության զարգացման հարցերով տնօրեն Մաթյո Բուսկեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան գործընկերության, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Ռադոսլավ Դարսկին ու Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրիս Պելշսը:

 

Առաջին աշխատանքային նիստի շրջանակում կներկայացվեն ԶԼՄ-ների կարիքների համապարփակ գնահատման արդյունքները, որը պատվիրվել էր Հանձնաժողովի կողմից եւ անցկացվել ԱլԳ երկրներում:

 

Այնուհետեւ ԱլԳ յուրաքանչյուր երկրից ԶԼՄ-ների ներկայացուցիչները կներկայացնեն դեպքերի ուսումնասիրություններ` ընդգծելով, թե ինչպես են իրենց կազմակերպությունները մշակել հաջողակ բիզնես մոդելներ ու բարելավել սեփական ֆինանսական կայունությունը:

 

Վերջին նիստը հարթակ կտրամադրի դոնորներին, որոնք կքննարկեն ԱլԳ երկրներում իրենց գործողությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների տարբեր կարիքների բավարարմանն ուղղված ռազմավարությունները:

 

Համաժողովը կեզրափակվի ամփոփիչ նիստով, որում ի մի կբերվեն միջոցառման արդյունքներն ու ներկայացված առաջարկները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին