Data science՝ ԵՊՀ-ն հեռանկարային մասնագետներ կպատրաստի - Mediamax.am

exclusive
11747 դիտում

Data science՝ ԵՊՀ-ն հեռանկարային մասնագետներ կպատրաստի


Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Սահակյանը
Արթուր Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Սահակյանը
Արթուր Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Սահակյանը
Արթուր Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Քեռյանը
Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Քեռյանը
Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Քեռյանը
Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտոր Օհանյանը
Վիկտոր Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում 2019թ.-ից կմեկնարկի «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» բակալավրի կրթական ծրագիրը, որը միավորում է վիճակագրական մոդելավորման, մեքենայական ուսուցման եւ համակարգչային գիտությունների հիմունքները: 

Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն ասում է, որ հեռանկարային եւ պահանջված ուղղությամբ բակալավրի կրթական ծրագիր ունենալու որոշումը երկար քննարկումների արդյունքում է ծնվել. 

«Որոշեցինք նոր ծրագիր բացել, որը կիրառական է եւ ավելի գրավիչ կլինի դիմորդների համար: Թեմայի շուրջ քննարկումները վաղուց կային, բայց ես, անկեղծ ասած, դեմ էի, քանի որ «Մաթեմատիկա» մասնագիտության դիմորդները շատ չեն, եւ մտավախություն ունեի, որ նոր ծրագիրը կարող էր «խլել» մաթեմատիկայի դիմորդների մի մասին: Հետո, երբ անցյալ տարի մեզ մոտ ISTC-ի հետ համատեղ բացվեց «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը, պարզվեց, որ պահանջարկը բավական մեծ է, եւ որոշ գործատուներ, նույնիսկ, իրենք էին առաջարկում այդ ծրագիրն ունենալ ֆակուլտետում»: 

 

 

Հեռանկարային մասնագիտություն՝ գիտական հիմքով

 

Կիրառական վիճակագրությունը եւ տվյալների գիտությունը մեթոդների ու գաղափարների համախմբություն է, որը թույլ է տալիս իմաստավորել ահռելի ծավալով տվյալներ: Ինչպես նշում են ծրագրի հեղինակները՝ այն ուսանողներին գիտելիքներ եւ գործիքներ կտա, որոնք կարող են կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնեսի, ճարտարագիտության, կենսատեխնոլոգիայի եւ այն ոլորտներում, որտեղ մեծ ծավալի տվյալներ են ընդգրկված: 

 

Արթուր Սահակյանը Արթուր Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ուսանողների համար այս մասնագիտությունն ավելի նախընտրելի է, քան ծրագրավորումը, քանի որ այն գիտություն է, որն ընկած է հիմնարար մաթեմատիկայի եւ ծրագրավորման միջեւ: Այստեղ ավելի շատ են պետք հիմնարար մաթեմատիկական գիտելիքներ, բայց, միեւնույն ժամանակ, ուղղվածությունը դեպի կիրառությունն է: Իսկ հիմնական առավելությունն այն է, որ աշխատանքի շուկան արտասահմանյան է, սահմանափակ չէ, վարձատրությունն էլ՝ բարձր»,- ասում է Արթուր Սահակյանը՝ շեշտելով, որ պահանջարկը շատ մեծ է ամբողջ աշխարհում եւ Հայաստանում երկրորդ ուղղությունն է, որտեղ մարդիկ կարող են իրենց ուղեղի կիրառմամբ բարձր վարձրատրվող աշխատանքն ունենալ:

 

«Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» բակալավրի կրթական ծրագրի ղեկավար, ԵՊՀ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի Հավանականությունների տեսության եւ մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ Վիկտոր Օհանյանի խոսքով՝ այսօր մարդիկ առնչվում են ահռելի քանակի ինֆորմացիայի, որը ձեռքով հաշվել հնարավոր չէ: 

 

Վիկտոր Օհանյանը Վիկտոր Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Կարծում եմ, այս ծրագիրն ունենալը շատ կարեւոր է, որովհետեւ բոլոր ուսանողները, ովքեր կորոշեն սովորել այստեղ, կունենան շատ ամուր հիմք, որի վրա հետագայում կբարձրանա «շենքը»: Եթե մաթեմատիկական գիտելիքները շատ թույլ են, որքան էլ մեքենայական եւ խորը ուսուցմամբ զբաղվեն, շատ դժվար է ստանալ արժեքավոր արդյունքներ: Հայաստանի համար շատ կարեւոր է այդ ուղղություններով որակյալ եւ խորը գիտելիքներով կադրեր ունենալը, քանի որ ապագան դրանցն է»,- ասում է Վիկտոր Օհանյանը: 

 

Նա կարծում է, որ ծրագիրը հաջողություն է ունենալու, եւ առաջիկա չորս տարիներին արդյունքները տեսանելի կլինեն. «Բակալավրի ծրագրի մեկնարկից հետո մագիստրատուրայի դիմորդները եւս կավելանան, եւ ի տարբերություն այս տարվա՝ հենց այդ ուղղությունն ընտրած ուսանողները կդիմեն, ինչն էլ ավելի կբարձրացնի որակը»:

 

Վիկտոր Օհանյանը կարեւորում է այն, որ ծրագիրը հայերենով է, ինչի շնորհիվ լեզվական խոչընդոտներ չեն լինի ուսանողների համար: Ֆակուլտետում նախատեսում են ժամանակակից բարձրակարգ տեխնիկայով կահավորված լաբորատորիա ունենալ:

 

Բակալավրի ծրագրի վարձավճարը համալսարանի գիտխորհուրդը դեռ չի սահմանել, բայց, ըստ դեկանի, այն մի փոքր ավելի կլինի, քան «Մաթեմատիկա» մասնագիտության դեպքում է՝ տարեկան մինչեւ 600 հազար դրամ: 

 

 

 

Մագիստրոսական ծրագիրը՝ հաջողված առաջին քայլ

 

«Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանն նկատում է, որ մասնագիտությունը թրենդային է, տվյալագիտությամբ հետաքրքրվողները շատ են, բայց, միեւնույն ժամանակ, քչերն են գիտակցաբար որոշում կայացնում երկու տարի տրամադրել հիմնարար գիտելիքներ ստանալուն, փոխարենը նախընտրում են կարճաժամկետ եւ առավել մատչելի դասընթացներ: 

 

Կարեն Քեռյանը Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Այդ հիմնարար գիտելիքները կարող են պետք գալ շատ տարբեր ոլորտներում: Այլ բուհերում եւս այս ուղղությամբ բացված ծրագրեր կան, բայց մեզ մոտ մաթեմատիկայի վրա է շեշտը դրված, միեւնույն ժամանակ աչքաթող չի արվում նաեւ ծրագրավորման մասը: Մենք նաեւ շեշտադրում ենք արդյունաբերության հետ համագործակցությունը, գործող մասնագետների ենք հրավիրում դասախոսություններ կարդալու, որոնք շատ արդիական գիտելիքներ են տալիս, իրենց փորձով են կիսվում»,- ասում է Կարեն Քեռյանը: 

 

Մագիստրոսական ծրագրի վարձավճարը 1 մլն դրամ է, ինչը ԵՊՀ-ի համար աննախադեպ բարձր է: Կարեն Քեռյանն ասում է, որ այդ գումարի չափն արդարացված է, քանի որ աշխատանքի անցնելուն պես դրա բազմապատիկները շատ արագ կարող են հետ վերադարձվել: 

 

«Իհարկե, հասկանալի է, որ ուսանողների համար դժվար է այդ ժամանակն ու գումարը տրամադրել, եւ այդ խնդիրը լուծելու համար մենք փորձեցինք գործընկերներ գտնել ինդուստրիայում: Ուրախությամբ կարող եմ ասել, որ ունենք 5 գործընկեր, որոնք կրթաթոշակներով պատրաստ են աջակցել մեր լավագույն ուսանողներին»:

 

Ֆակուլտետի դեկանն էլ հույս է հայտնում, որ մյուս տարի արդեն գերազանցիկ ուսանողների վարձավճարը կիսով չափ կկրճատվի՝ համագործակցություններով տրվող կրթաթոշակների շնորհիվ, ինչպես նաեւ մեկ-երկու անվճար տեղ կունենան: 

 

Արթուր Սահակյանը Արթուր Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում կարծում են, որ ուսանողների շրջանում պետք է լայն քարոզչություն անել, որպեսզի նրանք ոչ թե գնան արագ արդյունքների հետեւից, այլ ընտրեն առավել հեռանկարային ուղղությունները եւ ստանան հիմնարար գիտելիքներ: 

 

Մագիստրոսական ծրագրին դիմած ուսանողների գիտելիքների մակարդակը, ըստ Կարեն Քեռյանի, ընդհանուր առմամբ լավ է, բայց, քանի որ մասնագիտացումը մուլտիդիսցիպլինար է, գիտելիքները կարելի է կիրառել շատ տարբեր ոլորտներում, դիմորդներն էլ տարբեր համալսարաններից եւ ճյուղերից են:

 

«Մեր 12 ուսանողից ընդամենը 2-ն են ավարտել Մաթեմատիկայի ֆակուլտետը, ընդ որում՝ Ակտուարական մաթեմատիկայից են: Ուսանողներ ունենք Հայաստանի ամերիկյան համալսարանից, Արցախի պետական համալսարանից, նույնիսկ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետից, ինչը ամենազարմանալին էր: Այսինքն՝ պետք է պատրաստ լինել կարողանալու տարբեր հիմք ունեցող ուսանողներին բերել որոշակի մակարդակի, որպեսզի անհրաժեշտ գիտելիքներով զինված լինեն, այնուհետեւ խորացնել այդ գիտելիքները»:

 

Կարեն Քեռյանը Կարեն Քեռյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լրացուցիչ առավելություններ գիտության համար

 

Արթուր Սահակյանը նշում է, որ ֆակուլտետում զարգացող ուղղության առկայությունը հնարավորություն կընձեռի ավելացնել ֆինանսները եւ դրանք ուղղել գիտությանն ու դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը: 

 

«Մագիստրատուրայում այս տարի առաջին անգամ փորձնական ծրագիր մշակեցինք, եւ համալսարանի ղեկավարության հետ պայմանավորվածության արդյունքում՝ ուսման վճարների 80 տոկոսը հատկացվում է դասախոսների վարձատրությանը: Դա թույլ է տալիս ներգրավել լավագույն մասնագետներին եւ ապահովել շատ որակյալ կրթություն»: 

 

Դեկանը նկատում է, որ եթե հիմնարար գիտությունը Հայաստանում չլինի,մի քանի տարի անց կմահանա նաեւ կիրառականը.

 

«Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ծրագրավորող է պատրաստում, որտեղ նաեւ հիմնարար մաթեմատիկա են սովորեցնում: Եթե մենք չունենանք գիտությամբ զբաղվող մարդիկ, գիտական աստիճան ունեցող մասնագետներ, մի քանի տարի անց չենք ունենա մաթեմատիկայի դասախոսներ եւ ուսուցիչներ: Դա շղթայական ռեակցիա է»:  

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին