Ալեքս Եմենիջյանը՝ Քըրքորյանի դասերի եւ ժամանակի կարեւորության մասին - Mediamax.am

5807 դիտում

Ալեքս Եմենիջյանը՝ Քըրքորյանի դասերի եւ ժամանակի կարեւորության մասին


Ալեքս Եմենիջյանը
Ալեքս Եմենիջյանը

Լուսանկարը` WCIT 2024

Լուսանկարը` WCIT 2024

Ալեքս Եմենիջյանը
Ալեքս Եմենիջյանը

Լուսանկարը` WCIT 2024

Ալեքս Եմենիջյանը
Ալեքս Եմենիջյանը

Լուսանկարը` WCIT 2024

Ալեքս Եմենիջյանը
Ալեքս Եմենիջյանը

Լուսանկարը` WCIT 2024


Ս.թ. հոկտեմբերին Երեւանում կայացած The World Congress on Innovation and Technology (WCIT) կոնֆերանսի խոսնակներից մեկը MGM Studios ընկերության նախկին գործադիր տնօրեն Ալեքս Եմենիջյանն էր:

 

Ներկայացնում ենք նրա ելույթի ամբողջական թարգմանությունը:

 

Երբեւէ չեմ մասնակցել տեխնոլոգիական կոնֆերանսի եւ բացարձակապես ոչինչ չգիտեմ տեխնոլոգիայի մասին: Բայց միեւնույնն է՝ շատ ոգեւորված եմ, որ այսօր այստեղ եմ, քանի որ իրականում սա չեմ ընկալում որպես տեխնոլոգիայի ոլորտի միջոցառում կամ բիզնես համաժողով: Ես այս համաժողովն ու ձեզ՝ հայերի հաջորդ սերունդը, համարում եմ կարեւոր մեր երկրի հաջող ապագայի համար:

 

Քանզի ձեռներեցությունն ու նորարարությունը Հայաստանի պայծառ ապագայի բանալին են, կարծում եմ, որ վենչուրային կապիտալը, հատկապես տեխնոլոգիայի ոլորտում, այն լուցկին է, որը վառելով կցանկանայինք Հայաստանը վերածել գաղափարների գործարանի: Երբ տեսնում եմ սովորելու փափագ ու գործելու պատրաստակամություն, շատ լավատեսորեն եմ տրամադրվում մեր երկրի ապագայի նկատմամբ: Ես տեսնում եմ սթարթափային մշակույթ այս երիտասարդ, խելացի եւ տենչացող սերնդում, որի վերաբերմունքն ու ինտելեկտը շատ ավելի բարձր են, քան իմ սերնդինը:

 

Կարծում եմ, որ հայերի իմ սերունդը բավական հիասթափեցնող էր: Այդ պատճառով իրոք ոգեւորված եմ, որ դուք՝ հաջորդ սերունդը, այդքան տարբեր եք իմ սերնդից:

 

Ասում են՝ լավ դատողությունը գալիս է փորձից, իսկ փորձը՝ վատ դատողությունից: Մինչ ես փորձ էի ձեռք բերում՝ շատ հաճախ վատ դատողություններ անելով, բախտս բերեց, որ հանդիպեցի Քըրք Քըրքորյանին: Հետո բախտս է՛լ ավելի շատ բերեց, երբ նա խնդրեց ինձ աշխատել իր մոտ:

 

Սկզբում որոշ հարկային պլանավորում էի անում նրա համար, հետո ընկերություններ գնում եւ վաճառում: Այնուհետեւ ղեկավարում էի MGM Resorts-ը Լաս Վեգասում: Եվ վերջապես կառավարում էի Լոս Անջելեսի MGM Motion Picture Studio-ը:

 

 

Այդ ընթացքում ես մի քանի հիանալի դասեր քաղեցի՝ թե՛ բիզնեսի դասեր, թե՛ կյանքի դասեր: Բիզնեսի դասերը շատ արժեքավոր էին, բայց կյանքի դասերը՝ անգնահատելի: Ես նրանից սովորեցի, որ բնավորությունը կարեւոր է: Բնավորությունը այն է, ինչ դու ես: Բնավորությունն այն է, ինչ անում ես, երբ ոչ ոք չի նայում: Իսկ Քըրքը շատ կամային բնավորություն ուներ:

 

Մի անգամ նա ինձ խնդրեց վաճառել Լաս Վեգաս Սթրիփում գտնվող Desert Inn հյուրանոցը: Հանդիպեցի ճապոնացի գնորդների հետ, բանակցեցինք, պայմանավորվեցինք գնի մասին եւ հաջորդ շաբաթ պատրաստվում էինք նորից հանդիպել ու սկսել գործարքի փաստաթղթավորումը։ Մի քանի ժամ անց ինձ զանգահարեց Fortune 500 ցուցակից մի ընկերության ներկայացուցիչ եւ առաջարկեց մի քանի միլիոն դոլար ավել՝ էապես ավելի մեծ գումար: Ես էլ զանգահարեցի Քըրքին ու բացատրեցի իրավիճակը: Նա ինձ հարցրեց՝ «Խոսք տվե՞լ ես ճապոնացիներին»: Ասացի՝ «Դե, գրավոր բան չունենք»: Նա ասաց՝ «Ես քեզ չեմ հարցնում՝ գրավոր բան ունես, թե չէ: Խոսք տվե՞լ ես ճապոնացիներին»: Ասացի՝ «Ենթադրում եմ, որ այո»: Եվ նա ասաց՝ «Այդ դեպքում ինչո՞ւ ես ինձ զանգահարում»:

 

Պատմության բարոյախոսությունն այն է, որ նրա հեղինակությունը ոչ մի գնով չէր վաճառվում՝ անկախ նրանից, թե որքան բարձր էր առաջարկը:

 

Ինչպես բոլորդ գիտեք, Քըրքը շատ առատաձեռն էր: Բացի իր կյանքի ընթացքում նվիրաբերածից՝ նրա ունեցվածքի 100%-ը ուղղվել է բարեգործությանը: Եվ ես նրանից մի երկու դաս քաղեցի բարեգործության մասին: Առաջին այն է, որ բարեգործությունը միակողմանի է. պետք է տալ՝ փոխարենը ոչինչ չակնկալելով կամ չստանալով: Երբ ես դեռ շատ երիտասարդ էի ու չգիտեի, որ Քըրքին հիմար հարցեր տալ չարժե, մի օր հարցրի՝ «Քը՛րք, Դուք այնքան փող եք նվիրաբերում, մարդիկ ուզում են գնահատել դա եւ Ձեր անունով շենքեր անվանել: Ինչո՞ւ երբեք չեք համաձայնվում»: Եվ նա ասաց. «Եթե ես դրա դիմաց ինչ-որ ճանաչում ստանամ, դա արդեն բարեգործություն չէ, այլ գործարք»:

 

Երկրորդ բանը, որ սովորեցի նրանից բարեգործության մասին, այն է, որ նվիրատվությունը պետք է լինի այնքան մեծ, որ իրավիճակ փոխի: Ինձ համար շատ, շատ ավելի դժվար էր նրանից 50 հազար դոլար խնդրել, օրինակ, հետազոտական ծրագրի համար, քան 20 միլիոն կամ 50 միլիոն՝ կրթության կամ առողջապահության կամ երկրաշարժից հետո Գյումրիում տներ կառուցելու համար: Նրա առաջին հարցն ինձ միշտ նույնն էր. «Վստա՞հ ես, որ դա բավական է»: Նրա հետաքրքրությունը գրավելու համար թեման պետք է մեծ լիներ, պետք է լիներ իմաստալից, պետք է իրավիճակ փոխեր: Նա չէր սիրում լուսանցքներում մանրուքներով զբաղվել՝ մի փոքր բան այստեղ անել, մի փոքր բան՝ այնտեղ:

Լուսանկարը` WCIT 2024

Եվ ինչպես հետագայում կտեսնեք, նույն տեսությունը վերաբերում է նրա բիզնեսին: Գիշերը զանգահարում էր ինձ ու հարցնում՝ որքա՞ն գումար պետք է վճարեմ, որ վաղն առավոտյան չներկայանամ ցուցմունք տալու: Կամ էլ հաշտությամբ լուծում էր դատական գործը, որը մենք հաղթելու էինք: Ես հարցնում էի նրան՝ «Քը՛րք, ինչո՞ւ եք միլիոնավոր դոլարներ վճարում, որպեսզի լուծեք այն դատական գործը, որ հաղթելու ենք»: Իսկ նա ասում էր՝ «Որովհետեւ չեմ ուզում կյանքիս հաջորդ հինգ տարին անցկացնել ցուցմունք տալով, փաստաբանների հետ զրուցելով ու դատարան գնալով»: Ասաց՝ «Ժամանակը փողից ավելի թանկ է»: Այն ժամանակ դա ինձ անիմաստ թվաց, բայց հիմա բավական մեծ եմ դա հասկանալու համար:

 

Վերջապես ես նրանից սովորեցի համեստ լինելու կարեւորությունը: Այն վեց տարվա մեջ, որ MGM ստուդիայում էի, մենք մոտավորապես 150 ֆիլմ արտադրեցինք: Քըրքը կարող էր գալ ստուդիա եւ անվճար դիտել այդ ֆիլմերից ցանկացածը: Բայց նա ոչ մի անգամ չեկավ: Նա բոլորի պես շաբաթ երեկոյան գնում էր կինոթատրոն, հերթ կանգնում, տոմս գնում ու նայում ֆիլմերը, որոնք իր սեփականությունն էին:

 

Այս պատմության բարոյախոսությունն այն է, որ պետք չէ օգտագործել իշխանությունը աննշան բաների համար: Այդպես դուք մանրահոգի եք երեւում:

 

Քըրքը բոլորին վերաբերվում էր նույն կերպ՝ անկախ նրանց դիրքից: Ժամանակին թենիս էինք խաղում Desert Inn հյուրանոցում, եւ մեկ-մեկ դերասան Ռոբերտ Ռեդֆորդն էր գալիս: Մի օր նա թենիսի մարզչին ասաց՝ «Մի օր կուզեի հանդիպել Քըրք Քըրքորյանին»: Այնպես ստացվեց, որ հաջորդ օրը Քըրքը եկավ թենիս խաղալու, եւ մարզիչը ներկայացրեց նրան: Մի քանի րոպե անց Ռոբերտ Ռեդֆորդը անցավ թենիսի կորտով՝ գլուխը կախ, վհատված: Մարզիչը հարցրեց՝ ի՞նչ է պատահել: Ռեդֆորդն ասաց՝ «Անհավատալի է: Նա չճանաչեց, չընդունեց այն փաստը, որ ես մեծն Ռոբերտ Ռեդֆորդն եմ»: Իսկ մարզիչն ասաց՝ «Դուք չեք հասկանում: Քըրքը Ձեզ կվերաբերվի ճիշտ այնպես, ինչպես գրասեղանի մոտ նստած ցանկացած մարդուն»:

 

Հիմա բիզնեսի դասերի համար: Առաջին բանը, որ Քըրքը սովորեցրեց ինձ, երբ սկսեցի աշխատել նրա մոտ, դա երբեք գործնական խորհուրդներ չընդունել փաստաբանից: Նա ասաց՝ «Հասկացի՛ր օրենքը, բայց ի՛նքդ կայացրու քո բիզնեսի որոշումները»:

 

Բայց ամենակարեւորն էր, որ ես նրանից սովորեցի առաջին եւ երկրորդ տիպի մտածողության տարբերությունը: Թույլ տվեք բացատրել:

 

Սա հոգեբան Դենիել Քանեմանի «Մտածողության արագն ու դանդաղը» գրքից է: Համառոտ՝ առաջին տիպի մտածողությունը արագ է, բնազդային, զգացմունքային եւ անգիտակից: Հարց է առաջանում, եւ դու արձագանքում ես՝ անմիջապես որոշում կայացնելով: Երկրորդ տիպի մտածողությունը, մյուս կողմից, դանդաղ է, խորաքնին, չափազանց հաշվենկատ, տրամաբանական եւ միանգամայն գիտակցված: Երբ խնդիր է ծագում, ժամանակ ես հատկացնում, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ օրեր, որպեսզի որոշում կայացնելիս հաշվի առնես բոլոր հնարավոր արդյունքները: Արդեն պատկերացնում եք, որ առաջին տիպի մտածողությունը կարող է բազմաթիվ սխալների հանգեցնել: Ես գիտեմ, որովհետեւ բավականաչափ վատ որոշումներ եմ կայացրել՝ օգտագործելով առաջին տիպի մտածողությունը: Լավ կլիներ, որ ավելի վաղ իմանայի այս գրքի մասին: Կամ Քըրքին ավելի վաղ հանդիպեի, քանի որ այս գրքի գրվելուց տասնամյակներ առաջ նա արդեն տիրապետում էր մտածողության երկրորդ տիպին: Նա, իհարկե, նույնիսկ չգիտեր գրքի գոյության մասին: Բայց սա է պատճառը, որ դիտարկում էր խնդիրը բոլոր տեսանկյուններից, տեսնում էր, թե ինչպես մի որոշումը կազդի մնացած ամեն ինչի եւ բոլորի վրա: Եվ սա է պատճառը, որ ունակ էր տեսնել ավելին, քան մյուսները:

 

Քըրքը շատ ժամանակ էր ծախսում խորաքնին ու կենտրոնացված մտածելու վրա: Ես միշտ ապշում էի, թե ինչպես էր նա միշտ կարողանում ճիշտ պատասխան գտնել: Մենք հանդիպում էինք ինչ-որ հարց քննարկելու, եւ դա սովորաբար ավարտվում էր նրանով, որ նա ասում էր՝ «Առավոտվա խելքը երեկոյից լավ է, արի՛ վաղը նորից քննարկենք»: Եվ զարմանալի էր, թե որքան ավելի պարզ էինք մենք տեսնում ամեն ինչ հաջորդ օրը: Շատ անգամ եմ զարմացել, թե ինչու նա որոշում կայացրեց, որն այն ժամանակ ինձ բոլորովին խենթ էր թվում: Իսկ հետո՝ ամիսներ անց, պարզ էր դառնում, որ նա կայացրել է հնարավոր միակ ճիշտ որոշումը: Հաշիվս կորցրել եմ, թե քանի անգամ եմ ինձ հիմար զգացել, որ չեմ կարողացել ինքս դա հասկանալ: Բայց չէ՞ որ ուժերս Քըրքի հետ էի չափում:

Ալեքս Եմենիջյանը Ալեքս Եմենիջյանը

Լուսանկարը` WCIT 2024

Նրա մոտ իմ աշխատելուց շատ տարիներ առաջ Քըրքը մեծ բանակցություններ էր վարում եւ պետք է շատ կարեւոր որոշում կայացներ՝ հենց տեղում: Նա ներողություն խնդրեց եւ լքեց ժողովը, իջավ վերելակով, երեք անգամ պտտեց թաղամասը, վերադարձավ եւ տվեց իր որոշումը: Այս գերհզոր կենտրոնացումը հսկայական մրցակցային առավելություն է, հատկապես, եթե օգտագործում եք երկրորդ տիպի մտածողություն:

 

Նա ինձ սովորեցրեց նաեւ երբեք չանել վերջին քայլը՝ բանակցային սեղանից եւս մի դոլար ստանալու համար: Երբ հարցրեցի նրան, թե ինչու է այդպես, ասաց՝ «Դու այս բոլոր մարդկանց կրկին հանդիպելու ես քո կյանքում»:

 

Մի անգամ նա ինձ շատ նուրբ գործ հանձնարարեց. պաշտոնանկ անել իր հանրային ընկերություններից մեկի գործադիր տնօրենին: Ես հանդիպեցի տնօրենի եւ նրա փաստաբանի հետ եւ բանակցեցի համաձայնագրի շուրջ: Վերջում բոլորը երջանիկ էին: Երկու օր անց Քըրքն ինձ զանգահարեց ու հարցրեց՝ «Գործը կարգավորե՞լ ես»: Ասացի՝ այո։ Նա հարցրեց՝ «Ինչքա՞ն ես վճարել»։ Ես ասացի, իսկ նա էլ թե՝ «Դա բավական չէ»: Ես ասացի՝ «Քը՛րք, գործադիր տնօրենը ուրախ է, նրա փաստաբանը ուրախ է»: Իսկ Քըրքն ասաց՝ «Կարեւոր չէ, ե՛ս ուրախ չեմ: Վերադարձի՛ր ու մի քիչ էլ գումար տուր նրան»: Այդպես էլ արեցի ու սովորեցի, որ պետք է վստահ լինել եւ գործել մասշտաբային, կամ ընդհանրապես չգործել:

 

Քըրքը մեծ վստահություն ուներ: Այն վաղ օրերին, երբ ես երիտասարդ ու միամիտ էի եւ չգիտեի, որ պետք չէ հիմար հարցեր տալ, մի օր ճաշի գնալու ճանապարհին ասացի. «Քը՛րք, գիտե՞ք, ընդունված է, դպրոցում էլ սովորեցնում են, որ պետք է բազմազանեցնել ներդրումները: Բայց ես տեսնում եմ, որ Ձեր ամբողջ կապիտալը կապված է երկու ընկերությունների հետ»: Եվ նա առանց ակնթարթ անգամ վարանելու ինձ ասաց՝ «Ա՛լեքս, բազմազանեցնելը նրանց համար է, ովքեր վստահ չեն, թե ինչ են անում»:

 

Երանի ես էլ այդպիսի վստահություն ունենայի: Բայց Քըրքի վստահության մասին ամենակարեւոր պատմությունը Հովարդ Հյուզի հետ մրցակցությունն է:

Վաթսունականների վերջին Քըրքը Լաս Վեգասում կառուցում էր International Hotel-ը, որն այն ժամանակ աշխարհի ամենամեծ հյուրանոցն էր: Հովարդ Հյուզը յոթ անշարժ գույք ուներ Սթրիփում եւ չէր ցանկանում, որ Քըրքը հյուրանոց կառուցի: Հյուզը իր ամենամոտ օգնականին ձեռագիր հրահանգներ տվեց, թե ինչպես սպառնալ Քըրքին ու ճնշել նրան, որ չկառուցի International Hotel-ը: Ես կարդացել եմ այդ նամակները: Հովարդ Հյուզն այն ժամանակ շատ հզոր մարդ էր: Բայց Քըրքը մի պահ անգամ չերկյուղեց: Հետագայում մեջբերում էին, որ Հովարդ Հյուզն ասել էր՝ «Քըրք Քըրքորյանը միակ մարդն էր, որին ես այդպես էլ չկարողացա ո՛չ գնել, ո՛չ կոտրել»:

Ալեքս Եմենիջյանը Ալեքս Եմենիջյանը

Լուսանկարը` WCIT 2024

Ես սովորեցի, որ ողջախոհությունն իրականում այնքան էլ տարածված երեւույթ չէ: Քըրքը բարձրագույն կրթություն չուներ, բայց նա ավելի ողջախոհ էր, քան ինձ հանդիպած որեւէ մարդ: Նրա ողջախոհությունը շատ ավելի արժեքավոր էր, քան Բաղեղի լիգայի համալսարանի կոչումը:

 

Ես սովորեցի նաեւ, որ բիզնեսում ամենակարեւոր հարցը «ինչու»-ն է: Եթե գիտես «ինչպես», միշտ աշխատանք կունենաս: Բայց եթե գիտես «ինչու», կլինես ղեկավար:

 

Վերջապես, «չգիտեմ» կամ «վստահ չեմ» բառերը երբեք ընդունելի պատասխաններ չէին Քըրք Քըրքորյանին հարցերին: Այդ պատճառով ես պետք է սովորեի գերազանց լինելու իրական իմաստը, այդ թվում՝ կանխատեսել հնարավոր բոլոր հարցերը եւ իմանալ ճիշտ պատասխանը:

 

Ես շատ ու շատ անգամներ ձախողվել եմ: Ես միշտ իմ հարմարավետության գոտուց դուրս էի, իսկ հենց այդտեղ է տեղի ունենում առաջընթացը: Եթե ձեր հարմարավետության գոտում եք, իրականում ոչինչի չեք հասնում: Ես սովորեցի, որ գերազանցությունը բառացիորեն նշանակում է անել լավագույնը, այլ ոչ թե պարզապես ավելի լավը, քան մեծամասնությունը:

 

Դուք պետք է հասկանաք տարբերությունը համարժեքի եւ գերազանցի միջեւ եւ չպետք է փոխզիջման գնաք: Լինի դա Քըրք Քըրքորյանը, թե այս կատաղի մրցակցային աշխարհը՝ բավական լավը բավարար չէ: Գերազանցության հասնելու համար պետք է ավելի շատ մտահոգվեք, քան մյուսները իմաստուն կհամարեն: Պետք է ավելի շատ ռիսկի գնաք, քան մյուսները անվտանգ կհամարեն: Պետք է ավելի շատ երազեք, քան մյուսները իրատեսական կհամարեն: Եվ գերազանցության հասնելու համար վերաբերմունքը ու մոտիվացիան շատ ավելի կարեւոր են, քան IQ-ն:

 

Խնդիրն այն է, որ ողջամտության պես՝ սրանք հնարավոր չէ գնել, սովորել կամ պատճենել: Դուք կամ ունեք ճիշտ վերաբերմունք եւ մոտիվացիա, կամ չունեք:

 

Այս աշխարհում երեք տեսակի մարդ կա. նրանք, որոնք կատարում են գործեր, նրանք, ովքեր դիտում են, թե ինչ է կատարվում, եւ նրանք, ովքեր զարմանում են, թե ինչ կատարվեց: Դուք պետք է որոշեք, թե որ խմբում եք ցանկանում հայտնվել: Իսկ մինչ դուք որոշում եք, հիշե՛ք, որ հեղինակությունը ձեռք է բերվում իրագործելով այն, ինչ հնարավոր չէր անել:

 

Մեզանից յուրաքանչյուրը կարող է համալրել մեծ մարդկանց շարքերը, քանի որ հաջողությունը պատահական չէ, այլ ընտրության հարց է:

 

Վերաբերմունքն ու մոտիվացիան չափազանց կարեւոր են, սակայն դրանք հնարավոր չէ սովորել, այդ պատճառով ուզում եմ վերջում պատմել այս պատմությունը:

Ալեքս Եմենիջյանը Ալեքս Եմենիջյանը

Լուսանկարը` WCIT 2024

Կար-չկար մի ատաղձագործ, որը պատրաստվում էր թոշակի գնալ: Նա պատմեց իր գործատուին՝ կապալառուին, որ ծրագրում է հեռանալ գործից եւ ավելի շատ ժամանակ անցկացնել կնոջ հետ ու վայելել թոռներին: Նա իրոք հիանալի աշխատող էր, ուստի կապալառուն շատ ափսոսաց, որ գնում է, եւ հարցրեց՝ արդյոք կցանկանա՞ եւս մեկ տուն կառուցել որպես անձնական բարեհաճություն կապալառուին: Ատաղձագործը դժկամությամբ համաձայնեց, բայց ընթացքում պարզ դարձավ, որ հոգով գործի մեջ չէր։ Աշխատանքն անորակ կատարեց, ցածրորակ ապրանքներ օգտագործեց: Իսկապես տխուր էր այդպես ավարտել իր փայլուն կարիերան: Երբ գործն ավարտվեց, գործատուն եկավ տունը զննելու եւ մուտքի դռան բանալին հանձնեց ատաղձագործին։ «Սա քո տունն է», -  ասաց  - իմ նվերը քեզ»: Ատաղձագործը ցնցված էր: Ի~նչ ափսոս. եթե իմանար, որ իր տունն է կառուցում, շատ ավելի լավ գործ կաներ:

 

Այս պատմությունը մեզ էլ է վերաբերվում: Մենք օր օրի կառուցում ենք մեր կյանքը՝ հաճախ մեր լավագույն կարողությունները չօգտագործելով: Հետո ցնցված հասկանում ենք, որ պետք է ապրենք այն տանը, որը նոր կառուցեցինք: Եթե  կարողանայինք ամեն ինչ նորից անել, այլ կերպ կանեինք, բայց ժամանակը շրջել չենք կարող:

 

Դուք այդ ատաղձագործն եք: Ձեր վերաբերմունքով եւ ձեր այսօրվա ընտրությամբ դուք կկառուցեք այն տունը, որտեղ ապրելու եք վաղը: Խնդրում եմ՝ խելամտորեն կառուցեք:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին