Սիրան Գրիգորյան. Վիոլան հաղթել է - Mediamax.am

5904 դիտում

Սիրան Գրիգորյան. Վիոլան հաղթել է


Լուսանկարը`


Վիոլան իմ ընկերուհին է, 33 տարեկան է, ունի ինտելեկտուալ-կատակասեր ամուսին, տիկնիկների նման երկու դուստր, շատ ընկերներ ու աշխատանք: Շուտով բնակարանամուտ է տոնելու: Ինձ ծանոթ ամենաուրախ և լավատես մարդն է, ում համար հրճվանքի աղբյուր են անգամ սենյակ մտած ճանճերին ազատություն տալը կամ վանիլային պաղպաղակի գնդի մեծությունը: 

 

Վիոլան մորն է նման. մայրը հավատավոր կին է՝ բարության և համեստության մարմնացում: Վերջերս հանկարծահաս հիվանդությունից մի ծանոթ երիտասարդ էր մահացել, Վիոլան այդ մասին ասաց մորը: “Բարի եղեք, ներեք մարդկանց”,- այսպես արձագանքեց Վիոլայի մայրը: Մենք նրա պատասխանը համարեցինք համատեքստից դուրս և անցանք:

 

Օրեր անց Վիոլան տարեկան հերթական բուժզննման էր գնացել: Ոչ մի գանգատ չուներ:  Վահանաձև գեղձի հետազոտոթյունից հետո քաղցկեղ ախտորոշեցին:

 

Իմ առաջին արձագանքը մերժելն էր՝ դա չի կարող քեզ պատահել:

 

Մեկ ամիս անընդմեջ ստուգումներ անցավ: Բոլոր բժիշկները նույն բանն էին ասում՝ պետք էր ուռուցքից մասնիկ պոկել և հետազոտել: Արեցին: Հաստատվեց՝ չարորակ է:

 

Բժիշկներին հարցնում էի՝ ինչի՞ց է առաջանում: Հայտնի չէ, թերևս՝ սթրեսից:

 

Սթրեսն էլ հայտնի չէ՝ ինչ է. մեր կյանքում ամենօրյա սուրճի պես է, ամռան պաղպաղակի ու ձմռան թեյի, լացող մանկան, փնթփնթացող ծերունու, ուրախությամբ և տխրությամբ է շաղախված, աղով ու շաքարով, նարնջի բույր ունի և շոկոլադի համ, համբերության բաժակ է, գինու շիշ է, ծովն է շառաչում սթրեսի հետ և ամռան գիշերվա քամին սթրեսաբեր հով է դառնում, սթրես են մեր սպասելիքներն ու իրականությունը, մեր հույսերն ու վհատությունը, մեր սերն ու ատելությունը…

 

 Մեր երկրի ու տարածաշրջանի լավագույն կլինիկաներում նույն էին պնդում՝ անհապաղ հեռացնել վահանաձև գեղձը: Բժշկական ութերորդ կարծիքը ստացանք Իսպանիայից: Իններորդը Գերմանիան էր: Նորից նույնը՝ միանշանակ հեռացնել գեղձը: Հետոն հստակ չէր:

 

Հետոն երբեք հստակ չի լինում:

 

Ամենուր բոլորն ուզում էին լավ ու բարի մի բան անել Վիոլայի համար: Վրացի բժիշկները նույնիսկ գումար չվերցրեցին ախտորոշման համար: Ես համաձայն էի ամեն օր պաղպաղակ ուտել Վիոլայի հետ, բայց նա չկերավ, գցեց: Իհարկե, ես նրան նախատեցի պաղպաղակի հետ այդպես վարվելու համար, իսկ նա ոչ մի արձագանք չտվեց: Սիրտ չուներ: Ասաց՝ արի գնանք երգող տիկնիկ գնենք դստերս համար, երեկ ամբողջ օրը լաց է եղել, տիկնիկ էր ուզում:

 

Մենք էլ էինք թաքուն լալիս, և երևի Աստծո մոտից տեսարանը նույնն է: Աղջնակն իր տիկնիկը ստացավ, մենք՝ մերը:

 

Վիոլան վախենում էր անզգայացումից, ճառագայթներից, թերապիաներից…

 

- Ո՞ւր հասանք, Վիոլա,- վիրահատության օրը հարցրեցի:

 

- Բոլորին ներել եմ, ամեն ինչ սկսում եմ մաքուր էջից,- պատասխանեց:

 

- Բժիշկն ինչ ասաց՝ հետվիրահատական թերապիաներ պե՞տք է անցնես,- հետաքրքրվեցի վիրահատությունից մի շաբաթ անց:

 

- Ոչ, պարզապես պետք է չչարանամ,- ասաց Վիոլան:

 

Հ.Գ.- Ես փոստատարի պես փոխանցեցի ձեզ այս պատմությունը, կամ դատարանում վկայի պես ասացի ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից: Վիրահատությունից հետո ուռուցքի հետազոտությունը ցույց է տվել, որ հայ, վրացի, իսպանացի և գերմանացի բժիշկների կողմից ինն անգամ հաստատված "չարորակ"-ը բարորակ է:

 

Բարի ավարտով իմ այս պատմությունը կհաղթի թե ոչ, քիչ կարևոր է, կարևորը՝ իմ ընկեր Վիոլան հաղթել է, բարին է հաղթել, հաղթել է Աստծո սերը, մեր աղոթքներն են հաղթել, հաղթել են Վիոլայի տիկնիկ-աղջիկները, նրա կատակասեր, բայց վերջին շրջանում լրջացած ու սփրթնած ամուսինն է հաղթել, նրա 60-ն անց հայրն է հաղթել, ով հեկեկում էր` կյանքս կտամ, միայն թե աղջիկս հաղթի, Վիոլայի բաժին ծովն է հաղթել, նրա սիրած աշնան սառն առավոտվա տաք սուրճը և հաստատ հաղթել են աշխարհի բոլոր վանիլային պաղպաղակները...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին