Տաթեւ Մարտիրոսյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

2479 դիտում

Տաթեւ Մարտիրոսյան. «Անհավանական բարի պատմությունը»



Կարո՞ղ ես նկարագրել բարին կամ չարը։ Եթե չլինի չարը, կնկատվի՞ արդյոք բարու առավելությունը։ Գուցե՞ չարն ապրում է, որ մարդիկ լավ տեսնեն բարու փա՞յլը...

Լույսը, բարին և բոլորն ովքեր լույս են ու բարի, պիտի հաղթեն հավիտյան և հարատև...

Բարին արևն է, լույսը, գեղեցիկը, արդարը, սերը աշխարհի և մարդկության հանդեպ։

Մի անմոռանալի հանդիպման պատմություն, որ պատահեց ինձ 2017 թ-ի մայիսին։

Գնել էի բալետի ներկայացման երկու տոմս։ Եկավ օրը և ժամը, որ պետք է սկսվեր

Ներկայացումը։ Մարդիկ շտապում էին իրենց տեղերը գտնելու։ Ժամը յոթն է, և պետք է սկսվի ներկայացումը։ Սակայն ես ոչ մի տեղ չեմ շտապում։ Կանգնել եմ տղայիս հետ դռան առջև և սպասում եմ նրան, ինչպես կսպասես լույսին՝ երբ շուրջդ մութ լինի։ Սրտի թրթիռով և շատ անհանգիստ գնում-գալիս եմ այս ու այն կողմ։ Անհանգիստ եմ շատ, սիրտս այնպես է բաբախում, որ ինձ թվում է,թե, եթե լռեն բոլոր ձայները, կլսվեն անհանգիստ զարկերը՝ թխկ-թխկ-թխկ...

Ինչու՞ եմ այսպես հուզվում․

Որովհետև նա՝ ով պետք է գա բարությունն է ողջ աշխարհի։ Նա իր ողջ կյանքում առաքյալի նման քարոզել է բարին՝ ինքն էլ բարի է ողջ էությամբ։ Նա լույսն է, բարին է, և հույսի շողացող ամենավառ ճառագայթը, որ չի մարելու...
ԵՎ ահա նա եկավ։ Մենք դեռ կանգնած ենք դռան առջև։ Ինձ համար անսպասելի՝ գրկեց տղայիս․

-Կարելի՞ է նկարել,- հարցրի նրան։
-Իհարկե՛,- հնչեց պատասխանը։
-Շնորհակալ եմ, անչափ...

Այդ ամենը տևեց ակնթարթներ, բայց այդ ակնթարթներն այնպես ջերմացրին հոգիս, ինչպես կջերմացնար մարդը, եթե գտնվեր արևին շա՜տ-շա՜տ մոտ։ Կարծես թռչուն սկսեցի ճախրել աներևույթ զույգ թևերով։ ՈՒ չեմ հիշում, թե ինչպես բարձրացա իմ շարքը ու ինչպես նստեցի...
ՈՒրախ էի, հոգիս ցնծում էր։ Ողջ գիշեր թևածեցի իմ անուրջներում՝ ինչպես կախարդական այգում, որտեղ ամեն ինչ աներևակայելի գեղեցիկ էր և բարի, բարի... Իսկ այգում լսվում էին նրա երգերը՝ մեղմ ու գեղեցիկ՝ հրաշք...

Պատահականությու՞ն, թե բախտի պարգև՝ չգիտեմ։ Երկու օր անց իմացա, որ նա գնալու է կինո՝ «Խոստում» ֆիլմը դիտելու։ Ցեղասպանության թեմայով, երկինք խոյացող ռելիեֆային գոբելեն եմ գործել։ Մտա տուն, վերցրի այդ գոբելենը և սլացա կինոթատրոն։ Կինոն նոր էր սկսվել և կտևեր մոտ երկուսուկես ժամ։ Միևնույն է՝ կսպասեմ թեկուզ ողջ օրը, թեկուզ օրեր, բայց պետք է տեսնեմ նրան, պետք է նվիրեմ այս գոբելենը։ ՈՒ սպասում եմ։ Ժամանակը կարծես դժվար է անցնում՝ թի՜կ-թա՜կ, թի՜կ-թա՜կ։ Տարբեր մտքեր քամու նման սուլում են իմ գլխում...
Ահա լրացավ ժամը։ Դուռը բացվեց և նա... Ի՜նչ ուրախ եմ ես, հոգիս երգում է, ես նրան կրկին տեսա... Մոտեցա նրան, բարևեցի և նվիրեցի գոբելենը։

-Սա, սիրով Ձեզ։
-Շա՜տ գեղեցիկ է,- ասում է նա և հարցնում,- դու ե՞ս գործել։
-Այո ։
-Շնորհակալություն։ Երջանիկ եմ, կարծես շուրջս մի մեծ հրավառություն է՝ հույզերի հրավառություն... Այսքանը․ Նկարվեցինք ու բաժանվեցինք։

Նա՝ ում այդքան անհամբեր, այդքան մեծ սիրով, սրտի տրոփյունով սպասում էի, ով միշտ խաղաղություն և բարություն է սփռել իր շուրջը, ով իր ներկայությամբ ջերմացրել է ողջ աշխարհը, ով արև է, լույս, բարի և բարության դեսպանը համայն աշխարհի...
Նա ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ է։ Ի՛մ Շառլը, քո՛նը և բոլորի՛նը... Նա՝ ում սպասում էի սրտի մեծ թրթիռով՝ բարության, սիրո դեսպանն է ողջ մոլորակի...
ԵՎ այդ բարին, այդ լույսը ապրում է իմ սրտում...




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին