Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում - Mediamax.am

4968 դիտում

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլեւ հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի:

«Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլեւ ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ նաեւ ներքին տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով:

 

20/54 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն եւ մի քանի այլ գյուղի հետ կապող գրունտային ճանապարհը»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ Ադրբեջանը սա բացատրում է իբր Հայաստանից ԼՂ ռազմական բեռների եւ անձնակազմի տեղափոխումներով. «Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է: Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է»:

 

Նա եւս մեկ անգամ կրկնել է, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի:

 

«Այս փաստը ստուգելու համար ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկն Ադրբեջանն ինքն է մերժել 2022 թվականին Պրահայում: Սակայն այս առաջարկն ուժի մեջ է եւ միջազգային մակարդակում այս հարցը վերջնական պարզաբանելու կարիք կա, ինչը Լաչինի միջանցք եւ ԼՂ փաստահավաք խումբ գործուղելն է:

 

Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու նախապատրաստություններ է տեսնում, Լաչինի միջանցքը 100 օրից ավելի փակ է, գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը դադարեցված են, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները պարբերաբար գնդակոծվում են:

 

Մենք պետք է հետեւողականորեն շարունակենք միջազգային հանրությանն իրազեկել այս մասին եւ աշխատենք միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Անդրադառնալով Լաչինի միջանցքի հետ կապված երթուղու փոփոխությանը՝ նա նշել է, որ 2022 թվականի օգոստոսին ԼՂ եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ կայացած համաձայնությամբ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ:

 

«Քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա նորից՝ Ադրբեջանի տարածք, ապա՝ ՀՀ տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչեւ 2023-ի ապրիլի 1-ը:

 

Նախօրեին Ադրբեջանին տեղեկացրել ենք, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով եւ որ ՀՀ սահմանապահ զորքերն են ստանձնելու այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը:

 

Այս ամենի արդյունքում հայկական դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, այն տարբերությամբ, որ այդ հատվածի պահպանությունը կիրականցվի սահմանապահ զորքերի կողմից:

 

Այդ առաջարկով դիմել ենք նաեւ Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ, որ այս ամենը տեղի կունենա առանց սադրանքների»,- եզրափակել է խոսքը Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին