Երեւանը ՌԴ խաղաղապահներից «կոնկրետ եւ տեսանելի քայլեր» է ակնկալում - Mediamax.am

3730 դիտում

Երեւանը ՌԴ խաղաղապահներից «կոնկրետ եւ տեսանելի քայլեր» է ակնկալում


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ «Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ եւ տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր եւ մարտական գործողություններ թույլ չտալու համար»:

Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարության մեջ:

 

«Ադրբեջանի արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունների հայտարարությունները փաստում են նաեւ, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ ներառյալ իրենց զբաղեցրած դիրքերում կողմերի կանգ առնելու վերաբերյալ դրույթի նկատմամբ:

 

Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն եւ հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ կարեւոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաեւ խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձեւակերպի եւ հրապարակի», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին