«Բաքվի համար սա հաղթանակ չէ, այլ գործարք սատանայի հետ» - Mediamax.am

6356 դիտում

«Բաքվի համար սա հաղթանակ չէ, այլ գործարք սատանայի հետ»


Նիկու Պոպեսկուն
Նիկու Պոպեսկուն

Լուսանկարը` https://deschide.md


Երեւան: Մեդիամաքս: Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Մեծ Եվրոպա» ծրագրի տնօրեն Նիկու Պոպեսկուն կարծում է, որ «Լեռնային Ղարաբաղն այժմ ավելի նման կլինի Աբխազիային եւ Հարավային Օսիային՝ մինչեւ 2008 թվականը»:

Այս մասին 2019թ. հունիսից նոյեմբեր Մոլդովայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Պոպեսկուն գրում է Politico հանդեսում հրապարակված  «Ռուսաստանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում ԵՄ-ի պարտությունն է» հոդվածում:

 

«Վրաստանից բաժանված այս երկու հանրապետությունները երկար ժամանակ աշխարհաքաղաքականորեն հարմար հակամարտային գոտիներ էին, որոնց շնորհիվ Ռուսաստանը կարող էր բարձրացնել կամ նվազեցնել լարման աստիճանը` Վրաստանի ներքին քաղաքականության եւ անվտանգային իրավիճակի վրա ազդելու համար», - նշում է հեղինակը:

 

«Կարող է թվալ, որ Ադրբեջանը հաղթեց, իսկ Հայաստանը՝ պարտություն կրեց, բայց իրավիճակն այդքան էլ պարզունակ չէ: Բաքվի համար սա ոչ այնքան հաղթանակ է, որքան սատանայի հետ գործարք: Ադրբեջանը իր վերահսկողության տակ է ստացել Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները եւ կկարողանա պահպանել նվաճած տարածքներն անկլավում: Բայց նա ստիպված կլինի համակերպվել իր ապագա արտաքին քաղաքականության եւ անվտանգության համակարգի հարցերում սահմանափակումների հետ:

 

Հաշվի առնելով տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունը եւ ՌԴ հատուկ ծառայությունների անձնակազմի առկայությունը, որը Ադրբեջանին ապահովելու է կապը Նախիջեւանի հետ, Մոսկվան հանկարծ շատ ավելի մեծ լծակներ է ստանում երկրի անվտանգության ապահովման գործում:

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն փաստացի վերահսկողություն է պահպանում Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասի վրա, եւ այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ ապագա հակամարտությունների դեպքում երկիրը դառնում է պակաս խոցելի:

 

Սակայն Հայաստանը հայտնվել է շատ ավելի բարդ իրավիճակում, քանի որ նրա առանց այն էլ մեծ կախվածությունը Մոսկվայից կտրուկ աճել է, իսկ Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք մնում են Հայաստանի վերահսկողության տակ, այժմ անհնար կլինի պաշտպանել առանց Ռուսաստանի օգնության: Չի բացառվում, որ Ռուսաստանն էլ ավելի համառորեն դրդի Հայաստանին ցավոտ զիջումների ներքին կամ արտաքին քաղաքականության հարցերում», - գրում է Նիկու Պոպեսկուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին