Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կոչով դիմել է արցախցիներին՝ ասելով, որ «դավաճաններ» կամ «հող ծախողներ» փնտրել պետք չէ։
«Դավաճանների» մասին
Արցախի նախագահը հիշեցրել է հոկտեմբերի 3-ին մարդկային ռեսուրսների սակավության վերաբերյալ իր կոչի մասին, նշել, որ այդ ժամանակ վտանգված էր հյուսիսային հատվածը։
«Այդ օրը Հայաստանից եկած ԱԱԾ եւ Արցախի էլիտար հատուկ ստորաբաժանումները հրաժարվեցին ինձ հետ գալ «Եղնիկներ»։ Նրանք երկրի նախագահին թողեցին մենակ։ Այսօր ստիպված եմ ասել այս մասին։ Քիչ թվով զինծառայողներ, սակայն, միացան ինձ ու մենք կարողացանք կատարել մեր խնդիր, դրա շնորհիվ է, որ «Եղնիկներն» այսօր գտնվում են մեր վերահսկողության տակ»։
Նա ասել է, որ շատ կամավորական ջոկատներ են միացել զորքին, նրանց մի մասը բարեխղճորեն մինչեւ վերջին օրը կատարել է խնդիրը, բայց եղել են նաեւ այնպիսիք, որոնք մեկ օր էլ չեն մնացել ռազմաճակատում։
Արայիկ Հարությունյանն ասել է, որ ստիպված է եղել անձամբ գնալ Հադրութ, երբ թշնամու մի քանի տասնյակ դիվերսանտների ներխուժումից հետո քաղաքը լքել էր
մեծաքանակ հայկական զորախումբ:
«Վերադարձեք Արցախ»
Արայիկ Հարությունյանն արցախցիներին կոչ է արել չմասնակցել Երեւանում ընթացող քաղաքական գործընթացներին:
«Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքին, ամեն ինչ արել են ձեզ համար, կրել եւ շարունակում են կրել զրկանքներ: Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ, հանգիստ եղեք, բոլորիդ խնդիրները լուծվելու են»,- ասել է նա:
Արցախի նախագահը ժողովրդին կոչ է արել վերադառնալ Արցախ՝ խոստանալով, որ օրերի ընթացքում կլուծեն ենթակառուցվածքների, ջրի, էլեկտրականության, գազամատակարարման խնդիրները:
«Ուզում եմ վստահեցնել, որ ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական որեւէ խնդիր չլինի: Այսօր ինձ կոչով դիմել են հադրութցիները. առաջինը պետք է պաշտպանեինք Հադրութը, չկարողացանք: Պատրաստ ենք առաջին փուլում Երեւանում, հետո՝ հնարավորության դեպքում՝ Արցախում ապահովել այն նվազագույն բնակարանային, սոցիալական եւ կենցաղային պայմաններով, իսկ հետո արդեն՝ վերջնական»,- ասել է նա:
«Խուճապի մի մատնվեք, մի տեղափոխեք ձեր ունեցվածքն Արցախից Հայաստան, հետ բերելու ենք, ոչ թե ստիպողաբար, այլ կամավոր, դուք եք բերելու, համոզված եք լինելու, որ Արցախում ապրելու ենք եւ ավելի լավ ենք ապրելու, քան այլ տեղ»,- ասել է նա:
Միասնականության ու հանդարտության մասին
«Մենք պետք է միասին պայքարենք արտաքին թշնամու դեմ, որ շարունակում է քայքայել մեր միասնականությունը»,- ասել է Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունյանը նաեւ հանդարտության կոչ է արել ու վստահեցրել, որ Արցախը մնալու է հայկական:
«Քաղաքական շատ հարցերի ես այսօր պատրաստ չեմ պատասխանել: Բազմաթիվ հարցեր են քննարկվում այսօր: Կարգավիճակի, ճանապարհների, տարածքների, սահմանի մասին առաջիկայում հերթով կպատասխանեմ»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: