Փաշինյան. Այս փուլում Արցախի խնդիրը դիվանագիտական լուծում չունի - Mediamax.am

2379 դիտում

Փաշինյան. Այս փուլում Արցախի խնդիրը դիվանագիտական լուծում չունի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Արցախի խնդիրը գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի»:

Այսօր վարչապետը ուղիղ եթերում դիմել է ժողովրդին: Մեդիամաքսը ներկայացնում ուղերձի հիմնական դրույթները:

 

Այսօր խնդիրը դիվանագիտական լուծում չունի

 

«Բոլոր այն հույսերը, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, այս իրավիճակում պետք է ավարտված համարել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա բացատրել է, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ «այն, ինչին մենք համաձայն ենք, կամ կարող էինք համաձայն լինել, Ադրբեջանը համաձայն չէ»:

 

Ավելին, նկատել է Նիկոլ Փաշինյանը, Ալիեւն ասում է, որ «իր համար միակ ընդունելի տարբերակը Արցախի կապիտուլյացիան է»:

 

Ռուսաստանի հետ հարաբերությունները

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ շատ բարձր է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները:

 

«Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից», - ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկու երկրները մշտական հաղորդակցության մեջ են եւ արդյունավետ փոխգործակցում են:

 

«Ռուսաստանն արել է առավելագույնը եւ շարունակելու է անել, ես որեւէ կասկած չունեմ», - շեշտել է վարչապետը:

 

Մեր անելիքը

 

«Մեր անելիքը մեկն է՝ զենք վերցնել ու մինչեւ վերջ պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար, որպեսզի վերջում դիվանագիտական եղանակով հասնենք որեւէ ընդունելի տարբերակի, որը վերջնական կլինի», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա տեղական կառավարման մարմինների, կուսակցությունների, հասարականան կազմակերպությունների ղեկավարներին կոչ է արել ձեւավորել կամավորական ջոկատներ եւ հանձնել դրանք Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո:

 

Իրավիճակն առաջնագծում եւ հակառակորդի կորուստները

 

Վարչապետն ասել է, որ «առաջնագծում բավականին բարդ ու դժվար իրավիճակ է, ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում»:

 

Նրա խոսքով, «հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները»:  «Այո, նրանց ռեսուրսները մեծ են, բայց մեր բանակը աննկարագրելի ծավալի կորուստներ է պատճառում հակառակորդին ու Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում նաեւ այս պատճառով, քանի որ ունի 10 հազարին մոտ կորուստներ: Ադրբեջանը վախենում է նաեւ սպանված վարձկանների եւ թուրք զինծառայողների դիակների առկայության փաստերի ի հայտ գալուց», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին