«Առաջիկա 1-2 օրում կարող ենք դիմել Հայաստանին` Արցախի ճանաչման հարցով» - Mediamax.am

5617 դիտում

«Առաջիկա 1-2 օրում կարող ենք դիմել Հայաստանին` Արցախի ճանաչման հարցով»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակի խախտել Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը մարդասիրական հրադադարի մասին, ապա Ստեփանակերտը դիմելու է Հայաստանին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար:

Այսօր հանդես գալով մամուլի ասուլիսում, Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախը դիմելու է նաեւ աշխարհի բոլոր երկրներին՝ իր անկախությունը ճանաչելու առաջարկությամբ:

 

«Այն պետությունները, որոնք այսօր աջակցում են Ադրբեջանին, պետք է գիտակցեն, որ աջակցում են միջազգային ահաբեկչությանը եւ իրենց հասարակությունները եւս պետք է այդ մասին իմանան», - շեշտել է Արցախի նախագահը:

 

Նա ասել է, որ Ադրբեջանը վարում է բացահայտ ցեղասպան քաղաքականություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ եւ անում է դա Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ:

 

«Ժամանակն է, որ քաղաքակիրթ աշխարհը կոչերից անցնի ավելի առարկայական քայլերի եւ գիտակցի, որ միջազգային ահաբեկչությունն այսօր ներթափանցում է տարածաշրջան», - ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

 

Արցախի նախագահն ասել է, որ «Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ օգտագործում է համազարկային կրակի հրթիռային համակարգեր եւ հարվածող ԱԹՍ-ներ եւ դրանից հետո ակնկալում է, որ մենք համաձայնելու ենք իրենց ձեւակերպված պահանջներին»:

 

«Դա չի լինելու: Արցախը Ադրբեջանի մաս չի լինելու: Աշխարհում ամենաշատը Արցախն է խաղաղություն ցանկանում, բայց մենք չենք կարող ընդունել մի պետության պայմանները, որի նպատակը մեզ բնաջնջելն է», - ասել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին