Սերժ Սարգսյանը Բաքվին հիշեցրել է Աղդամի եւ Ֆիզուլիի կորստի մասին - Mediamax.am

10586 դիտում

Սերժ Սարգսյանը Բաքվին հիշեցրել է Աղդամի եւ Ֆիզուլիի կորստի մասին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի «բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու»:

«Այսօր Ադրբեջանում ոմանք պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետեւաբար եւ խոցելի: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չունի եւ չի կարող ունենալ», - ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Երկրապահ կամավորականների միության համագումարին:

 

«Ձեզնից շատերը հիշում են, թե 90-ական թվականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում ելույթ ունենալ եւ ասել, որ մի քանի օր հետո ինքը Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց, ինչպես պատմությունը ցույց տվեց՝ ձեր եւ մեր ժողովրդի այլ հերոս զավակների ջանքերով այնպես ստացվեց, որ նրանք ոչ միայն Ստեփանակերտում թեյ չխմեցին, այլ զրկվեցին Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում, Քարվաճառում եւ այլ վայրերում թեյ խմելու հնարավորությունից», - նկատել է Սերժ Սարգսյանը:

 

«Անկեղծ եմ ասում, որ մենք Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, սակայն եւ ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը: Արցախի խնդիրը հայ ժողովրդի գործն է. ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան», - շեշտել է Հայաստանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին