Երեւան: Մեդիամաքս: Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում հուլիսի 24-28-ն անցկացվել է BarCamp Արցախ 2014-ը:
Չորս օրերի ընթացքում Արցախի եւ Հայաստանի մի խումբ երիտասարդներ ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաներին եւ մեդիային առնչվող տարբեր ուսումնասիրություն-շնորհանդեսներ, մասնակցել են քննարկումներին եւ հանդես են եկել թեմայի վերաբերյալ առաջարկներով ու դիտարկումներով: Միջոցառումն ամփոփվել է ՊԲ զորամասերից մեկը կատարած այցով:
BarCamp Արցախ 2014-ի կազմակերպիչներից Վլադիմիր Գրիգորյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում հաջողված է համարել առաջին անգամ վրանային տարբերակով անցկացվող միջոցառումն ու նշել, որ հաջորդ տարիներին եւս վրանային ձեւաչափը կպահպանվի:
Անդրադառնալով զորամաս կատարած այցելությանը` մեր զրուցակիցը նշել է, որ «դա հատկապես կարեւոր է բանակ-հասարակություն կապի ամրապնդման տեսանկյունից»:
«BarCamp Արցախի նպատակներից մեկը Հայաստանի տարբեր շրջաններից ու արտասահմանից ժամանած մասնակիցներին Արցախը ճանաչելի դարձնելն է: Մենք պետք է քայլեր կատարենք Արցախի վարկանիշի բարձրացման համար, ինչն իր հերթին երկրին կբերի գրավչություն եւ ներդրումներ: Այստեղ հասարակ մարդիկ են ապրում` իրենց հոգսերով ու խնդիրներով, պատերազմական պայմաններում ընտանիքներ են ստեղծվում, երեխաներ ծնվում ու տներ կառուցվում. կյանքը շարունակվում է եւ պետք է այդ կյանքը կարողանանք ներկայացնել արտաքին աշխարհին», - ասել է Վլադիմիր Գրիգորյանը:
Կազմակերպիչը հույս է հայտնել, որ հաջորդ BarCamp-ին ավելի շատ մասնակիցներ կներգրավվենն հատկապես Արցախից, «ինչն իր հերթին հնարավորություն կտա տեղաբնակներին համընթաց քայլել արագ փոփոխվող աշխարհին` ծանոթ լինելով տեխնոլոգիական դարաշրջանի ընձեռած հնարավորություններին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: