Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ խաղաղ համաձայնագրի համար անհրաժեշտ վեց կետերը - Mediamax.am

4962 դիտում

Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ խաղաղ համաձայնագրի համար անհրաժեշտ վեց կետերը


Ջեյմս Ուորլիքը
Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` PanArmenian Photo


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գալիք շաբաթ կայցելեն Լեռնային Ղարաբաղ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում`«Լեռնային Ղարաբաղ. կարգավորման բանալիները» ելույթում:

 

«Գալիք շաբաթ մենք կնշենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Չնայած մենք կարող ենք փոքր-ինչ հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել պատերազմի անմիջական վերսկսումից, բայց պետք է նաեւ համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի եւ անկայուն  է: Անվերջ բանակցությունները, բռնության պարբերական բռնկումները, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակումը, հիասթափությունը Ադրբեջանում եւ ներքին տեղահանվածների զայրույթը  չեն կարող խաղաղության կամ կայունության հաստատման բաղադրատոմս լինել, եւ սա, անկասկած, դեպի բարգավաճում տանող ուղի չէ: Տարածաշրջանի ժողովուրդներն ավելիին են արժանի»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

 

Համանախագահի խոսքերով, երկարատեւ եւ կայուն խաղաղության համաձայնագիրը պետք է արտացոլի հակամարտության բոլոր կողմերի մոտեցումները:

 

«Տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներում ես լսել եմ առավել հուսադրող մեսիջներ: Երկու նախագահներն էլ ցանկանում են առաջընթացի հասնել: Նրանք երկուսն էլ համաձայն են, որ վերջին մի քանի տարում բանակցված փաստաթղթերը պարունակում են համաձայնագրի տարրեր: Սակայն ակնհայտ է, որ միայն նախագահներն են կարող համաձայնագրի հասնել եւ նրանք են, որ պետք է ձեռնարկեն խիզախ քայլեր խաղաղության հասնելու համար: ԱՄՆ-ը հորդորել են երկու առաջնորդներին հանդիպել մոտ ապագայում եւ օգտագործել խաղաղության հասնելու հնարավորությունը»,- նշել է Ջեյմս Ուորլիքն իր ելույթում:

 

Ամերիկացի համանախագահը հիշեցրել է, որ խաղաղ համաձայնագրի հիմքում ընկած են ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ դրան կից փաստաթղթերը, եւ Հելսինկի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ազգերի հավասար եւ ինքնորոշման իրավունքը: 

 

Դիվանագետը նշել է, որ այս հիմքի վրա գոյություն ունեն 6 կետեր, որոնք անպայման պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն:  Նրա խոսքերով, այս կետերի հերթականությունը եւ դրանց վերաբերող մանրամասները  բանակացությունների առարկա են, եւ պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն: Ցանկացած փորձ ` նախընտրելու դրանցից որեւէ մեկը, անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հասնելու հնարավորությունը:

 

Ներկայացնում ենք ամերիկացի համանախագահի թվարկած վեց կետերը.

 

Առաջին. Լեռնային Ղարաբաղի պատմության լույսի ներքո, կողմերը պետք է որոշեն ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը ` ապագայում երկկողմ համաձայնեցված եւ իրավականորեն ամրագրված կամարտահայտության միջոցով: Սա պարտադիր է: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր լուծում:

 

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս գնտվող տարածքները, որոնք չեն գտնվում Բաքվի ենթակայության ներքո, պետք է ստանան միջանկյալ կարգավիճակ, ինչն առնվազն անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կապահովի:

 

Երրորդ. Լեռնային Ղարաբաղի շուրջ զբաղեցված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի ենթակայության տակ: Կարգավորումն անհնար է առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգման եւ այն փաստի ճանաչման, որ այդ երկրի ինքնիշխանությունն այդ տարածքներում պետք է վերականգվի:    

 

Չորորդ. Պետք է լինի Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք: Այն պետք է բավական լայն լինի` ապահովելու անվտանգ տարանցումը, բայց այն չի կարող ընդգրկել ողջ Լաչինի շրջանը:

 

Հինգերորդ. Կայուն կարգավորումը պետք  է ճանաչի բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների` իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքը:

 

Վեցերորդ. Կարգավորումը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ`ներառյալ նաեւ խաղաղապահ գործողությունը: Չկա սցենար, որով խաղաղությունը կարող է ապահովվել առանց լավ ձեւավորված խաղաղապահ գործողության, որը պետք է վայելի բոլոր կողմերի վստահությունը:   

 

«ԱՄՆ-ը պատրաստ են օգնել խնդրի կարգավորմանը հնարավոր բոլոր միջոցներով: Ես կոչ եմ անում երկու երկրների սփյուռքի համայնքներին հանդես գալ խաղաղության օգտին եւ օգնել վերջ դնել այս հակամարտությանը»,- եզրափակել է Ջեյմս Ուորլիքը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Մադրիդյան սկզբունքների 6 հիմնական տարրերն առաջին անգամ ընդգրկվեցին 2009թ. Լ’Աքվիլայում Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին