Արա Սարաֆյան. Հայ պատմաբանը մարտահրավեր է նետում թուրք արխիվագետին - Mediamax.am

12836 դիտում

Արա Սարաֆյան. Հայ պատմաբանը մարտահրավեր է նետում թուրք արխիվագետին

Արա Սարաֆյանը
Արա Սարաֆյանը

Լուսանկարը`


Թուրքիայի իշխանությունները ժամանակ առ ժամանակ հայտարարում են իրենց արխիվները բացելու պատրաստակամության մասին: Վերջերս նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սակայն, կան բոլոր հիմքերը պնդելու, որ անգամ եթե Անկարան նման քայլի դիմի, ապա ուսումնասիրման ենթակա արխիվները կեղծված փաստաթղթեր կպարունակեն:

 

Կոմիտաս Ինստիտուտի (Լոնդոն) տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը վերջերս եղել է Թուրքիայում եւ այցելել է Անկարայից ոչ հեռու գտնվող Այաշ քաղաքը: Իր այցից հետո թուրքական Ռադիկալ թերթում հոդված տպագրվեց: Արա Սարաֆյանի` Լոնդոն վերադառնալուց հետո մենք մի քանի հարց ուղղեցինք նրան:

 

- Ինչո՞ւ էիք գնացել Այաշ:

 

- Ես աշխատում էի 1915 թվականի ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալված հայերի ճակատագրին նվիրված նախագծի վրա: Նրանցից մոտ 85-ը ուղարկվել էին Այաշ, իսկ մնացածը` Չանկիրի: Ցանկանում էի պատկերացում կազմել Այաշի մասին եւ ստուգել  իմ ունեցած որոշ տեղեկություններ:

 

- Ովքե՞ր էին Այաշի բանտարկյալները:

 

- Այաշ ուղարկվածներից մեծ մասը մտավորականներ էին եւ հայկական քաղաքական կուսակցությունների աջակիցներ: Հարկ է նշել, որ դրանք իրավական դաշտում գործող կուսակցություններ էին եւ ամենեւին էլ չէին գործում օրենքից դուրս, ինչպես փորձում են ներկայացնել թուրք պետական պատմաբանները: Նրանք մեծ մասամբ գրողներ, բանաստեղծներ, դասախոսներ եւ լրագրողներ էին: Այաշ ուղարկվածների մի փոքր մասը միայն մտավորականներ չէին եւ այդ պատճառով նրանց բաց թողեցին: Բանտում մնացած կալանավորները պատկերացում չունեին, թե ինչ է իրենց սպասվում:

- Ի՞նչ եղավ նրանց հետ:

 

- Կալանավորներից շատերին սպանեցին հենց 1915 թվականին: Մի քանիսին այլ վայր տարան ու սպանեցին այնտեղ, իսկ մեծ մասը սպանվեց երկու գործողությունների արդյունքում: Մի խումբը ուղարկվել էր Անգորա (Անկարա), եւ այդ քարավանի բոլոր ներկայացուցիչները շուտով սպանվեցին, ենթադրաբար, Ալմա Դաղի շրջակայքում: Այդ կալանավորների մասին այլեւս ոչ ոք չի լսել: Մյուս խմբին նույնպես հանեցին Այաշից եւ սպանեցին Այաշ Բելիի կոտորածի արդյունքում:

- Որտեղի՞ց եք գիտեք նման մանրամասներ:

 

- Ազատ արձակված կալանավորներից ոմանք թողել են իրենց տեսածի մանրամասն նկարագրությունը: Այդուհանդերձ, մենք այդ սպանությունների փաստացի վկա-ականատեսներ չունենք: Մենք ուղղակի գիտենք, որ այդ մարդիկ անհետացել են պետական կալանքի տակ գտնվելու ժամանակ: Լավ տեղեկացված թուրքերից շատերը, որոնցից մի քանիսը մասնակցել էին այդ կոտորածին, հայտնել են հայ միջնորդներին այդ սպանությունների մասին: Նրանցից ոմանք անգամ գլուխ էին գովում:

 

- Ի՞նչ են ասում պաշտոնական թուրք պատմաբաններն այդ կալանավորների վերաբերյալ:

- Մինչեւ վերջերս նրանք այդ մասին շատ քիչ էին խոսում: Սակայն, մի քանի տարի առաջ, թուրքական Պետական արխիվի տնօրեն Յուսուֆ Սարինեյը հայտնեց, որ Այաշի կալանավորները «կոմիտաջիս» մեղադրյալներ են եղել, որոնք ձերբակալված են մնացել մինչեւ Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտը, իսկ այնուհետեւ` բաց թողնվել: Սակայն Սարինայի աշխատանքը հորինվածք էր: Իր կողմից օգտագործված արխիվային նյութերը եւ փաստարկները չեն հաստատում իր գլխավոր պնդումն այն մասին, որ այդ մարդիկ մեղավոր են եղել, եւ, ինչն ավելի կարեւոր է` տեղեկություններ չեն պարունակում նրանց հետագա ճակատագրի մասին:

- Ի՞նչ կասեիք Սարինային, եթե նման հնարավորություն ունենայիք:

 

- Չնայած, որ ես եւ Սարինայը միակարծիք ենք 1915 թվականին Այաշ ուղարկված կալանավորների ինքնության հարցում, ես կենտրոնանում եմ նրանց հետագա ճակատագրի վրա: Սարինայը նշում է, որ ավելի քան 70 կալանավորներ ազատ են արձակվել Այաշից Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Քանի որ նա թուրքական Ազգային արխիվի նախկին ղեկավարն է, նա պետք է ապացույցներ ներկայացներ, որ 1918 թվականին եւ ավելի ուշ 70 բանտարկյալները դեռեւս կենդանի էին: Եթե նրանք ողջ էին մնացել, ինչպես նա պնդում է, ապա նա պետք է ապացույցներ ներկայացներ, ինչպիսիք են, օրինակ, բանտարկյալների նամակները, բանտային գրառումները կամ նրանց ազատ արձակման մասին հրամանը: Սակայն նա չի կարող անել այդ ամենը, քանի որ այդ մարդիկ անհետացել են ձերբակալվելուց հետո: Իրականում, եթե նա նման ապացույցներ ունենար, իհարկե, կներկայացներ դրանք:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին