Սերգեյ Բելոուսով. Մարդու ուղեղը, ԱԲ-ն ու դրախտի կանոնները - Mediamax.am

exclusive
6733 դիտում

Սերգեյ Բելոուսով. Մարդու ուղեղը, ԱԲ-ն ու դրախտի կանոնները

Սերգեյ Բելոուսովը
Սերգեյ Բելոուսովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Acronis ընկերության գործադիր տնօրեն եւ հիմնադիր Սերգեյ Բելոուսովը հունիսի սկզբին գործարար Ռուբեն Վարդանյանի հրավերով այցելել էր Հայաստան։  Acronis Foundation-ը գիտելիքի առաջխաղացման եւ հանրայնացման հիմնադրամ է բացել, որի նախագծերից մեկը կարող է լինել Հայաստանում Տեխնոլոգիական համալսարանի հիմնումը։ 

 

Մեդիամաքսի հետ զրույցում Սերգեյ Բելոուսովը խոսել է Հայաստանում կրթության զարգացման, արհեստական բանականության ապագայի եւ ժամանակակից աշխարհում տվյալների ամբողջականության ու անվտանգության մասին։ 

 

Հայաստանում կրթության զարգացման ներուժը

 

Հայաստանում առաջին անգամ չեմ, եւ այս երկիրն ինձ հետաքրքիր է կրթության տեսանկյունից։ Ես միջազգային մարդ եմ. Սինգապուրի քաղաքացի եմ, ծնվել եմ Ռուսաստանում, ապրում եմ Շվեյցարիայում։ Այդ պատճառով՝ ցանկացած նախագիծ, որով զբաղվում եմ, միջազգային է։

 

Այժմ մենք աշխատում ենք Տեխնոլոգիական համալսարանի ստեղծման ուղղությամբ։ Համալսարանները շատ երկար ժամանակում եւ դանդաղ են ստեղծվում։ Մենք այսպիսի ուղի ենք ընտրել՝ նախ հիմնում ենք համալսարան Շվեյցարիայում, ապա ստեղծում համագործակցություններ եւ ներկայացուցչություններ, հնարավոր է՝ նաեւ Հայաստանում։ Այժմ առաջին փուլում ենք. Շվեյցարիայում ուսանողների հավաքագրմամբ ենք զբաղվում։  

 

Մարդիկ կարծում են, որ երկրների միջեւ պետք է սահմաններ լինեն, եւ պետությունները, ժամանակ առ ժամանակ, պիտի պատերազմեն։ Հարկավոր է առավելագույն ջանքեր գործադրել, որ այդ ամենը պակասի։ Մարդկանց իրական թշնամիներն այլ մարդիկ չեն, այլ հիվանդությունները։ Դրանց դեմ է պետք պայքարել։

 

Այդ իմաստով Հայաստանը հետաքրքիր վայր է։ Ըստ էության, Հայաստանն այլընտրանք չունի եւ պետք է զարգացնի իր մարդկանց։ Նույնիսկ, զբոսաշրջության ոլորտի հնարավորությունները, միեւնույնն է, սահմանափակ են։ Հայաստանում շատ մեծ ուշադրություն է հատկացվում երեխաներին ու կրթությանը, եւ դա է ինձ, հատկապես, հետաքրքրում։

 

Արհեստական բանականությունն ու ապագայի միտումներ

 

Կա մի բարդ ոլորտ, որն իր մեջ ներառում է տարբեր տեխնոլոգիաներ, որոնք աշխատում են գիտելիքների, մասնավորապես՝ տեղեկատվության, որոշումների կայացման հետ: Այս ոլորտում կան տարբեր մեթոդներ: Machine learning-ը (մեքենայական ուսուցումը) դրանցից մեկն է. այն մեթոդների էկոհամակարգի մաս է: Այս պահին այն շատ տարածված է:

 

Թեպետ հիմա ընդունված է խոսել, օրինակ, տիեզերքի ուսումնասիրման մասին, սակայն ամենահետաքրքիր ու խորհրդավոր օբյեկտը մարդու ուղեղն է: Չնայած արհեստական բանականության ոլորտում գրանցած բոլոր հաջողություններին՝ դժվար է հասկանալ, թե ինչպես է գործում մարդու ուղեղը: Այդ պատճառով դժվար է ասել՝ արդյոք, արհեստական բանականությունը «պանացե՞ա» (բալասան) է, թե՝ ոչ: Ամենայն հավանականությամբ, այն ունի որոշակի սահմաններ: Բայց դա, իհարկե, շատ հետաքրքիր բնագավառ է, հաջորդ 10 տարիների ընթացքում, անխոս, ակտիվորեն կկիրառվի տարբեր ոլորտներում: Օրինակ՝ ռոբոտը կլուսանկարի եւ, հավանաբար, դա ավելի լավ կանի, քան մարդը:

Սերգեյ Բելոուսովը Սերգեյ Բելոուսովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ-որ մեկը հավատում է Աստծուն, իսկ ես այնպես եմ դաստիարակվել Խորհրդային Միությունում, որ ագնոստիկ եմ: Չեմ հակադրվում Աստծո գոյությանը, բայց չեմ հետեւում որեւէ սովորույթի: Ավելի շատ հակված եմ մտածել, որ տիեզերքը հենց Աստված է: Պետք ճանաչեք տիեզերքը: Այդ է պատճառը, որ ես հավատում եմ գիտելիքին:

 

Համապատասխանաբար, ես հավատում եմ, որ գիտելիքը միշտ դրական է: Ինձ թվում է, որ արհեստական բանականությունն ավելի շատ դրական կողմեր կունենա, քան՝ բացասական: Բայց, իհարկե, ինչպես մյուս փոփոխությունների դեպքում, այս դեպքում եւս կգտնվի մեկը, ով մի քիչ դժգոհ կլինի: Սա նորմալ է: Գուցե մեկը կորցնի իր աշխատանքը, ինչ-որ մեկն էլ գտնի: 

 

Դրախտի կանոնները կամ անվտանգ օնլայն կյանք

 

Պատկերացրեք՝ մարդիկ հայտնվել են դրախտում։ Այնտեղ չի կարելի խմել, ստել, սիրուհիներ ունենալ եւ, առհասարակ, չի կարելի խախտել կանոնները։ Եվ ինչպե՞ս ապրել։ Բայց, այնուամենայնիվ, մարդիկ հավատում են, որ դրախտում ամեն ինչ լավ է։

Սերգեյ Բելոուսովը Սերգեյ Բելոուսովը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տվյալների անվտանգության, ամբողջականության, գաղտնիության, հասանելիության եւ ճշգրտության խնդիրը շատ ավելի հրատապ է։ Եթե անգամ արհեստական բանականությունը չի որոշում ընդունողը, ամեն դեպքում այդ որոշումն ընդունվում է տվյալների հիման վրա։ Այդ պատճառով՝ եթե տվյալները կոտրեն, փոխարինեն, անհասանելի դարձնեն կամ ոչնչացնեն, ձեր որոշումը կարող է կանխատեսելի դառնալ կամ դուք կարող եք մանիպուլացվել։

 

Պետք է զբաղվել այս ամենով։ Հարկավոր է հասկանալ, որ խնդիրներից մեկից պաշտպանվելը բավարար չէ։ Դա նույնն է, ինչ փորձել պաշտպանվել մոծակներից միայն ձեռքերը պաշտպանող միջոցով, կամ զրահաբաճկոնի եւ այլ սարքավորումների փոխարեն միայն սաղավարտ կրել։

 

Այնպես որ տվյալների անվտանգությունը, ամբողջականությունը, գաղտնիությունը, հասանելիությունը եւ ճշգրտությունը հավասարապես կարեւոր են, եւ պետք է դրանք ամբողջությամբ պաշտպանել։

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին