Սերգեյ Ռիբինսկի. Մենք միմյանց չենք դավաճանել - Mediamax.am

exclusive
7891 դիտում

Սերգեյ Ռիբինսկի. Մենք միմյանց չենք դավաճանել

Սերգեյ Ռիբինսկին
Սերգեյ Ռիբինսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Պռոշյան փողոցում առաջին հայացքից ոչ տեսանելի մի շենք կա։ Պարսպապատ տարածք է, մի քանի մուտքով։ Ներս մտնելուն պես հայտնվում ես գրեթե լաբիրինթոսում՝ եթե չուղեկցեն, հաստատ կկորչես։ Արդեն առաջին իսկ սրահում պարզ է դառնում, որ տարածքը ռուսական է՝ ամեն ինչ ռուսերեն է եւ պատմում է ռուսական մշակույթի մասին։

 

Ռուսաստանի գիտության և մշակույթի այս կենտրոնն այստեղ գործում է 2009-ից։ 10-ը տարի առաջ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի ձեռքով բացվեց։ Գլխավոր նպատակը՝ հայ-ռուսական կապերի ամրապնդումն է, հումանիտար  գործակցությունը՝ մշակույթի, գիտության կրթության ոլորտում, ռուսերենի ուսուցումը։ Կենտրոնի «երկվորյակը»՝ նույն գործառույթներով Գյումրիում է, բացվել է 2017-ին։ 

 

Առաջին հայացքից՝ «փակ», բայց պարզվում է շատ էլ «բաց» կենտրոնի մասին Մեդիամաքսը զրուցել է Սերգեյ Ռիբինսկիի՝ կենտրոնի տնօրենի հետ, որն այս պաշտոնը զբաղեցնում է նախորդ տարվա գարնանից։

 

Մաշան ծնվել է Երեւանում

 

«Մեկուկես տարի է արդեն Հայաստանում եմ։ Եվ այս երկրի հետ մենք՝ ես եւ իմ ընտանիքը, կապվել ենք ոչ միայն աշխատանքով, այլ նաեւ կյանքով։ Այստեղ է ծնվել իմ դուստրը՝ Մաշան։ Նրա անձնագրում որպես ծննդավայր գրանցված է Հայաստանի Հանրապետությունը, Երեւանը, եւ ես կարծում եմ, որ մենք ուր էլ որ գնանք եւ տեղափոխվենք, նա միշտ ձգտելու է վերադառնալ այստեղ»։

 

Իր աշխատասենյակում մեզ դիմավորող Սերգեյ Ռիբինսկին նախ սուրճ է առաջարկում, հետո կոնֆետ, վերջում էլ նշում է, որ օրվա կեսն է, գուցե քաղցած ենք եւ ինչ-որ բան ուտելը, այնուամենայնիվ չէր խանգարի։

 

Վլադիմիրի Պուտինի նկարի տակ դրված գրասեղանին կից՝ մեծ սեղան է։ Դրա վրա, այնուամենայնիվ, ափսեների փոխարեն հայտնվում է մեր ձայնագրիչն ու տեսախցիկը։ Ռիբինսկին՝ սուրճը խմում է միայնակ ու պատմում, որ մինչեւ Երեւան տեղափոխվելը  Ռոսսոտրուդնիչեստվոյի կենտրոնական գրասենյակում է աշխատել։ Բայց կարիերան հաջողությամբ շարունակելու եւ ավելի արդյունավետ աշխատելու համար՝ անհրաժեշտ էր տեղափոխվել որեւէ երկիր, որտեղ Ռոսսոտրուդնիչեստվոն ներկայացուցչություն ունի։ Աշխարհի 80 երկրում գտնվող 90 կենտրոններից Ռիբինսկիին բաժին է հասել Երեւանը։ Պնդում է, որ այն իրենց գլխավոր եւ կարեւոր ուղղություններից մեկն է, եւ առաջարկն ուրախությամբ է ընդունել։

 

Սերգեյ Ռիբինսկին Սերգեյ Ռիբինսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այստեղ եկել է Գյումրիում կենտրոնի մասնաճյուղը բացելու մարտահրավերով։ Հաջողել է։ Ասում է, որ այն հիմա բավականին հաջող աշխատանք է կատարում՝ զարգացնում է մշակույթը, գիտությունը, կրթությունը։

 

Կապանն ամենագեղեցիկն է 

 

«Հայաստանում իմ ամենասիրելի վայրը Կապանն է։ Այնտեղ դեռ մեկ անգամ եմ եղել։ Շատերն, իհարկե, կվիճեն ինձ հետ՝ ասելով, որ Խոր-Վիրապը, Գառնին ու Գեղարդը գեղեցիկ են, Սեւանն ու Տաթեւն ուղղակի հրաշալի, բայց Կապանը շատ ուրիշ է»։

 

Ռիբինսկիին այն կարծիքին է, որ Հայաստանում կան հրաշալի վայրեր, որոնք շատ հեռու են գտնվում եւ ներառված չեն զբոսաշրջային ուղղություններում։ Կենտրոնն այս փաստը վաղուց է ֆիքսել եւ հիմա աշխատում է մի նախագծի ուղղությամբ, որը հույս ունեն արդեն այս տարի իրականացնել։ Այն «ռուսական հետքի» մասին է։ Նախատեսել են այն իրականացնել պատմաբանների եւ զբոսաշրջային կազմակերպությունների համատեղ ուժերով։ Հայաստանի այն շրջաններում, որտեղ ռուսական մարտական փառքի հետքը կլինի, (խմբ-Ռուս-Պարսկական պատերազմ՝ 1826-1828թթ, Առաջին (1914-1918թթ.) եւ Երկրորդ (1939-1945թթ.) աշխարհամարտեր) կտեղադրվեն հուշակոթողներ։ Նպատակն է, որ այդ տարածքների մասին իմանան ոչ միայն մասնագետները, այլեւ լայն հանրությունը եւ որ այն հասանելի լինի նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։ Ռիբինսկին այն կարծիքին է, որ նախագիծը Հայաստան կբերի ավելի շատ ռուս զբոսաշրջիկների։

 

Ռիբինսկիին նախանձում են, որ Հայաստանում է 

 

«Ռոսսոտրուդնիչեստվոյի տարբեր երկրներում գտնվող կենտրոններում աշխատող մասնագետներ կան, որոնք նախանձում են, որ ես Հայաստանում եմ աշխատում։ Պատճառը հայ-ռուսական յուրահատուկ հարաբերություններն են։ Մենք մտերիմ ենք ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում։ Մենք հասկանում ենք միմյանց ու մենք ձգտում ենք միմյանց։ Հայաստանը՝ ռուսերենի իմացության մակարդակով առաջին երկրներից է»։

 

Ռիբինսկիի կարծիքով, բավական է փողոց դուրս գալ եւ պարզ է դառնում  Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների նրբերանգներից մեկը՝ ռուսական պետհամարանիշներով բազմաթիվ մեքենաներ են շրջում փողոցում։ Կենտրոնի տնօրենն ասում է, որ Հայաստանի բացասական բաներից մեկը՝ ամռան տապն է, բայց դա էլ հարաբերական է։ Նշում է, որ սեփական փորձով գիտի, որ ամռանը կարելի է Երեւանից մի քանի  կիլոմետր աջ կամ ձախ գնալ, եւ կլիման  կփոխվի։ Երկրի այլ «մինուսներ» դժվարանում է գտնել։

 

Թե ինչով է ապրում կենտրոնը հիմա

 

«Հայերը հնարավորություն ունեն սովորելու ռուսական լավագույն 500 բուհերում։ Կրթությունն ավարտելուց հետո, վերադառնում են եւ աշխատում երկրում պահանջվող մասնագիտություններով»։

 

Մասնագիտություններն ընտրվում են Հայաստանում կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ։ Դրանք հիմնականում կառավարության կողմից գերակա հայտարարված ուղղություններն են։ Ուսանողները ռուսաստանյան բուհերում սովորելուց հետո հնարավորություն ունեն վերադառնալ եւ միանգամից անցնել աշխատանքի։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

Կենտրոնը զբաղվում է  նաեւ ուսանողների՝ կրթական փոխանակման ծրագրով, դպրոցներում եւ բուհերում՝ ռուսերենի արագացված դասընթացներով։

 

Այս տարի ՄԱԿ-ի հետ համատեղ նաեւ երկրաֆիզիկական լաբորատորիա են բացել։

 

Մշակութային իրադարձությունների պակաս չունեն, տարեկան ամենաքիչը 300 միջոցառում են անցկացնում։ Մի քանի օր առաջ, կենտրոնում, պատերազմի վետերանների հետ նշել են Լենինգրադի բլոկադայի ճեղքման 75-ամյակը։ 

 

Կենտրոնն է պատասխանատու նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքների փոխգործակցության համար։ Ունեն նաեւ բարեգործական ծրագրեր։

 

Կենտրոնի դռները բաց է նոր նախագծերի եւ առաջարկների, ուսանողների եւ բոլոր այն մարդկանց առջեւ, ովքեր հետաքրքրվում են Ռուսաստանով, ռուսերենով, ռուսական մշակույթով,գիտությամբ եւ ինչու ոչ՝ բիզնեսով։ 

 

Ազդեցությունը բիզնեսի վրա

 

«Բիզնեսի հարցերով այստեղ զբաղվում է ՌԴ առեւտրային ներկայացուցչությունը։  Եթե խոսենք կենտրոնի դերի մասին, պետք է ընտրենք մեկ բառ՝ միավորող»:

 

Հայ-ռուսական գործարար կապերի ամրապնդման կամ զարգացման հարցում կենտրոնի մասնակցությունն ուղղակի չէ։ Կենտրոնի շնորհիվ, օրինակ, ռուսական բուհերում սովորող հայ ուսանողները հաճախ աշխատանքի են անցնում ռուսական ձեռնարկություններում։ Կամ, օրինակ, գործակցության հուշագրեր են կնքվում հայկական եւ ռուսական բուհերի միջեւ։ Այսինքն, կենտրոնի՝ «բիզնես ազդեցությունը» զուտ կրթական է։

 

Հայկական հեղափոխության ընթացքը

 

«Կար անհանգստություն, երբ Հայաստանում հեղափոխություն էր կատարվում»:

 

Ռիբինսկին նշում է, որ հեղափոխության օրերին անհանգստությունը մեծ էր նաեւ այն պատճառով, որ կենտրոնի գտնվելու վայրը շատ մոտ էր իրադարձությունների էպիկենտրոնին։ Բայց, պնդում է, որ մտահոգությունները երկար չեն տեւել։ Իր գնահատականով, հիմա ամեն ինչ իր տեղում է, եւ ոչ մի վատ բան իրականում չի կատարվել։ «Համենայնդեպս, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները հանդիպում են, ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանվել է», -ասում է  Ռիբինսկին։

 

Սերգեյ Ռիբինսկին Սերգեյ Ռիբինսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այս պահին միայն տնտեսական ֆորումները շատացնելու անհրաժեշտություն է տեսնում։ Ըստ իրեն՝ դրանք այս պահին կարող են ակտիվացնել ռուս-հայկական գործարար կապերը։

 

Ռուսական «փափուկ ուժի» քաղաքականությունը

 

«Դրա հիմքում ու հիմնական ռեսուրսը մշակույթն է, երկար, պատմական եւ խորը կապերը եւ փաստը՝ որ մենք միմյանց չենք դավաճանել»։

 

Սերգեյ Ռիբինսկին այն կարծիքին է, որ հայ եւ ռուս ազգերի՝ միմյանց աջակցելու, օգնելու, միմյանց զարգացնելու ցանկությունը փոխադարձ է։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ըստ նրա՝ «պատմությունը մենք չէ, որ գրել ենք, եւ այն երբեք չպետք է մոռանանք»։ Ռիբինսկին վստահ է, որ այս պահին պետք է պահպանել այն ինչ կա եւ համատեղ ուժերով լուծել ներկա եւ ծագող խնդիրները։

 

Սերգեյ Ռիբիսնկիի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին