Լինաս Լինկյավիչյուս. Առանց վիզայի ռեժիմը պետք է առաջնային լինի - Mediamax.am

exclusive
17764 դիտում

Լինաս Լինկյավիչյուս. Առանց վիզայի ռեժիմը պետք է առաջնային լինի

Լինաս Լինկյավիչյուսը
Լինաս Լինկյավիչյուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ

 

- Մեկ տարի առաջ Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետ Հայաստանն այլեւս չէր կարող Եվրոպական միության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր: Կարո՞ղ ենք ասել, որ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւս հավակնոտ փաստաթուղթ է, որը կարող է Հայաստանին շատ բան առաջարկել: 

 

- Ցանկացած փաստաթուղթ կարող է լինել հավակնոտ, եթե կա շահագրգռվածություն եւ ջանքեր: Հենց Հայաստանն է, որ պետք է այս նոր համաձայնագիրը արդյունավետ դարձնի: Ակնհայտ է, որ այս փաստաթուղթը երբեք չի փոխարինի Եվրոպական միության հետ Ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրին, իսկ նախկինում արվածը պահպանելը կրկին Հայաստանի անելիքն է: Եվրոպական միությունում մենք փորձում ենք այնպես հարմարեցնել յուրաքանչյուր դիրքորոշում, որպեսզի համոզված լինենք, որ մեր գործընկերներն իրենց հարմարավետ են զգում. մենք չենք առաջադրում նրանց ինչ-որ բան, որը նրանց դուր չի գալիս: 

 

Շատ անելիքներ կան, որոնք կապված են ոչ միայն վերոնշյալ համաձայնագրի հետ: Ըստ իս, առաջնահերթություն պետք է լինի առանց վիզայի ռեժիմի սահմանումը, որովհետեւ մարդկանց համար կարեւոր է տեսնել շոշափելի արդյունքներ, այլ ոչ թե միայն վիճակագրություն: Կարեւոր է, որ մարդիկ զգան, որ կարող են ազատ ճանապարհորդել: Ես դա լավ գիտեմ Լիտվայի փորձից: Երբ մենք բացեցինք սահմանները, երիտասարդ ուսանողները կարողացան ճանապարհորդել եւ սովորել, աշխատանք գտնել. սա մեծ իրադարձություն էր, հեղափոխության պես մի բան: 

 

Ես կկենտրոնանայի այսպիսի հարցերի վրա, որոնք ընդգրկված չեն ձեր նշած համաձայնագրում: Այն չի փոխարինի համագործակցության այն հնարավոր խորությունը, որին կարող էինք հասնել հինգ տարի առաջ, սակայն սա այն է, ինչ ունենք այսօր: 

 

Լինաս Լինկյավիչյուսը Լինաս Լինկյավիչյուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լիտվան՝ որպես Եվրոպական միության անդամ, ուրախ կլինի աջակցելու Հայաստանին կամ համագործակցելու Հայաստանի հետ՝ ձեզ համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Հայաստանն է, որ պետք է ընտրի, թե որքան արագ եւ խորն է ցանկանում հայտնվել եվրոպական «խոհանոցում»: 

 

- Երբ Հայաստանը Եվրոպական միության հետ բանակցում էր Ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը, Դոնորների կոնֆերանս անցկացնելու գաղափար կար: Ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանը հիմա հանդես գա նման նախաձեռնությամբ, արդյոք հնարավոր կլինի այն իրագործել: 

 

- Դժվար է ասել: Կարծում եմ, հիմա Հայաստանը պետք է հոգ տանի ներքին խնդիրների մասին, քանի որ հիմա մենք տեսնում ենք լարվածություն եւ անկայունություն: Սա իմ անձնական տեսակետն է: Նոր նախաձեռնություններով եւ համագործակցության գաղափարներով հանդես գալուց առաջ՝ ավելի լավ է կարգավորել ներքին հարցերը: Բայց նորից պետք է կրկնեմ, որ հենց Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշի, թե ինչն է օգտակար: Եվրոպական միությունում մենք, ավելի քան, ուրախ կլինենք աջակցություն ցուցաբերել հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: 

 

- Հայաստանի վարչապետը պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերին: Արդյո՞ք հնարավոր է նոր Ընտրական օրենսգիրք ընդունել եւ արտահերթ ընտրություններ անցկացնել ընդամենը երկու ամսում: 

 

- Ես իրավասու չեն մեկնաբանել ներքաղաքական իրավիճակին կամ Սահմանադրության յուրահատկություններին վերաբերող հարցեր: Այս առնչությամբ պարզապես կասեմ, որ եթե ինչ-որ մեկն ունի հասարակության վստահությունը, եւ, կարծես թե, ներկայիս վարչապետն ունի դա, նա պետք է ունենա նաեւ գործելու լծակներ: Եթե չունենա, շատ դժվար է խոսել ցանկացած զարգացման մասին: 

 

Լինաս Լինկյավիչյուսը Լինաս Լինկյավիչյուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Թե իրավիճակն ինչպիսի հանգուցալուծում կունենա, կախված է ինստիտուտներից, սահմանադրական մեխանիզմներից, եւ մենք ցանկանում ենք տեսնել կարգավորում որքան հնարավոր է շուտ, որովհետեւ ժամանակը շատ կարեւոր գործոն է: Դուք չեք կարող անվերջ ապրել պատային իրավիճակում, ուստի մենք ցանկանում ենք իրավիճակի հնարավորինս արագ կարգավորում տեսնել: 

 

- Հայաստանում բազմաթիվ քննարկումներ եւ շահարկումներ եղան այն մասին, թե արդյոք Եվրոպական միությունը բավարար խանդավառությամբ ընդունե՞ց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Իմաստ ունի՞ քննարկել Եվրոպական միության խանդավառության մակարդակը: 

 

- Խոսքը պետք է գնա ոչ թե խանդավառության, այլ պրագմատիզմի եւ գործնական մոտեցման մասին: Հայաստանը պետք է որոշի, թե ինչ խորությամբ եւ արագությամբ է ցանկանում համագործակցել այլ ինստիտուտների հետ՝ ներառյալ Եվրոպական միությունը: Որքան հասկանում եմ՝ հայտարարություններ են հնչել այն մասին, որ մեծ փոփոխություններ չեն սպասվում: Այսպիսով, եթե իրավիճակը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին որ նախկինում էր, համագործակցությունը կմնա այն նույն մակարդակում, ինչ որ ընտրված է Հայաստանի կողմից: 

 

Լինաս Լինկյավիչյուսը Լինաս Լինկյավիչյուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

- Խնդիրն ավելի լայն համատեքստում դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ, ցավոք, հակադրությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ոչ միայն չեն հարթվում, այլեւ խորանում են: Հայաստանն ունի լավ հարաբերություններ Արեւմուտքի հետ եւ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ի՞նչ եք կարծում, Հայաստանը կկարողանա՞ պահպանել հավասարակշռությունը, թե՞ վաղ թե ուշ ստիպված կլինի «ընտրություն» կատարել:

 

- Ընտրություն միշտ էլ պետք է կատարել: Դա պայմանավորված է շահերով: Եթե ամեն ինչ հարթ է ընթանում եւ Հայաստանը կարող է իրացնել իր շահերն ու կայացնել սեփական որոշումներ, ուրեմն ամեն ինչ կարգին է: Բայց եթե կան խոչընդոտներ եւ արտաքին ազդեցություն, դա նաեւ լարվածություն կառաջացնի: Սա է ձեր հարցի պատասխանը: Կարո՞ղ եք արդյոք անել այն, ինչ ցանկանում եք, թե դա այնքան էլ հեշտ չէ: Իմիջիայլոց, նույնը մեր՝ Լիտվայի դեպքում էր: 

 

Լինաս Լինկյավիչյուսը Լինաս Լինկյավիչյուսը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեր պարագայում եւս առկա էր արտաքին ազդեցության գործոնը, եւ մենք որոշեցինք հավատարիմ մնալ այն ինստիտուտներին, որոնք, ըստ մեզ, կայուն եւ ժողովրդավարական են եւ ապահովում են օրենքի գերակայությունը: Այդպիսի միջավայրում մենք մեզ ավելի ապահով ենք զգում: Դա մեր որոշումն ու ընտրությունն էր: Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է կատարի իր ընտրությունը:

 

- Ձեզ բավարարո՞ւմ է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը: 

 

- Մեր հարաբերությունները շատ դրական են, միեւնույն ժամանակ՝ շատ համեստ: Համագործակցության ոլորտներն այնքան էլ շատ չեն: Մենք կարող ենք անել ավելին: Սա այն հարցերից մեկն է, որ պատրաստվում եմ քննարկել հայ գործընկերներիս հետ: Կան բազմաթիվ ոլորտներ, որոնք դեռեւս բացահայտված չեն երկու կողմերի համար: 

 

Լինաս Լինկյավիչյուսի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին