Սեւակ Սարուխանյան. Իրանական գազը կմերձեցնի Երեւանն ու Թբիլիսին - Mediamax.am

exclusive
19428 դիտում

Սեւակ Սարուխանյան. Իրանական գազը կմերձեցնի Երեւանն ու Թբիլիսին

Սեւակ Սարուխանյանը
Սեւակ Սարուխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Վրաստանը շարունակում է բանակցել Գազպրոմի հետ` ռուսական գազի գնման հարցով: Այդ պատճառով ոմանք Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին «դավաճան» են անվանում, իսկ ադրբեջանցի պաշտոնյաներն ու պատգամավորներն անթաքույց վրդովմունքով հետեւում են բանակցությունների ընթացքին: 

 

Մեդիամաքսը խնդրել է «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սեւակ Սարուխանյանին օգնել հասկանալ ռուս-վրացական բանակցությունների մանրամասները եւ Հայաստանի դերն այդ գործընթացներում: 

 

- Ինչո՞ւ է Վրաստանը սկսել այդպիսի մեծ ուշադրությամբ մոտենալ գազի  մատակարարման դիվերսիֆիկացմանը: Այսօր հաճախ կարելի է տեսնել մեկնաբանություններ այն մասին, որ այդ կերպ Վրաստանը ցանկանում է կրճատել սեփական կախվածությունը Ադրբեջանից: Որքանո՞վ են արդարացված նման կարծիքները:

 

- Վրաստանի ցանկությունը՝ դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարումները, պայմանավորված է ոչ թե մեկ, այլ մի շարք գործոններով:

 

Դրանցից ես կարող եմ նշել հիմնականները՝

 

1) Շահ Դենիզ հանքավայրի շահագործման ուշացումը;

 

2) բնական գազի օգտագործման աճը Վրաստանում նոր ՋԷԿ-երի հաշվին;

 

3) ադրբեջանական գազի գինը:

 

Եթե վերլուծենք այդ բոլոր գործոնները, Թբիլիսիի նպատակները շատ հասկանալի կդառնան:

 

Նախեւառաջ, Վրաստան ներմուծվող գազի գնագոյացման կառուցվածքը ուղիղ կապ ունի Ադրբեջանի խոշորագույն Շահ Դենիզ հանքավայրի շահագործման հաջողության հետ: Այդ հանքից գազն արտահանվում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով։ 

 

Լինելով ադրբեջանական գազի համար տարանցիկ երկիր՝ Վրաստանը, համաձայն Բաքվի հետ գործող պայմանագրի, իրավունք ունի գնել 500 մլն խմ ադրբեջանական գազ  $ 64-ով, 250 մլն խմ՝ $ 55-ով, ինչպես նաեւ մոտավոր 500 մլն խմ այսպես կոչված «սոցիալական գազ», որի համար Վրաստանը վճարում է $ 189։ Գազի մնացած մասը երկիրը գնում է շուկայական գնով՝ $ 237։

 

Սակայն Ադրբեջանի հետ պայմանագրի ամենաշահավետ մասը կապված է այսպես կոչված անվճար գազի հետ․Վրաստանի տարածքում պետք է մնա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով տեղափոխվող Շահ Դենիզից հանված գազի 5%-ը։

 

Հաշվարկներ էին արվել, որոնց համաձայն՝ 30 մլրդ խմ ադրբեջանական բնական գազի տարանցման դիմաց Վրաստանին տրամադրվելու է համապատասխանաբար 600 մլն խմ, ինչը կազմում է երկրում սպառվող գազի գրեթե քառորդը։ Դա զգալի ներդրում է Վրաստանի էներգետիկ անվտանգության եւ գների ցածր մակարդակի ապահովման մեջ։

 

Պայմանագրի այդ հատվածի իրականացման հետ կապված տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ։

 

1.    Շահ Դենիզ հանքի շահագործումը սկսել է երկարաձգվել, եւ կավարտվի լավագույն դեպքում 2022-2023 թթ․(նավթի գնի անկումը կարող է անդրադառնալ ինչպես SOCAR-ի, այնպես էլ նախագծի գլխավոր օպերատորի՝ BP-ի ներդրումային ծրագրերի վրա);

 

2.    Վերջին հաշվարկները ցույց են տալիս, որ Ադրբեջանը, լավագույն դեպքում, կարող է գազատարով տարանցել 20 մլրդ խմ գազ, ինչը կնվազեցնի Վրաստանի կողմից ստացվող անվճար գազի ծավալը մինչեւ 400 մլն խմ;

 

3.    Ներկայում գազատարով արտահանվում է 6 մլրդ խմ գազ, ինչը տվյալ փուլում զգալիորեն նվազեցնում է Վրաստանի բաժինը եւ գրեթե ոչինչ չի տալիս երկրին։ Մինչդեռ ադրբեջանական գազի տեղափոխման հետ կապված ծախսերը Վրաստանի նավթի ազգային կորպորացիայի համար գրեթե նույնն են մնում, ինչպես 20 կամ 30 մլրդ խմ-ի հնարավոր տարանցման դեպքում։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ պայմանագրի ամենաշահավետ մասը՝ կապված անվճար գազի հետ, գրեթե ոչինչ չի տալիս Վրաստանին։

 

Ի վերջո, Վրաստանում տեսնում ենք բավական միանշանակ գնային պատկեր.

 

- 500 մլն խմ՝ $ 64-ով

- 250 մլն խմ՝ $ 55-ով

- 500 մլն խմ «սոցիալական գազ»՝ $ 189-ով

- շուրջ 700 մլն խմ՝ $ 237-ով

- շուրջ 200 մլն խմ անվճար գազ որպես փոխհատուցում՝ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան գազի տեղափոխման համար։

 

Սպառելով 2,2 մլրդ խմ բնական գազ՝ Վրաստանը ստիպված է մինչեւ 700 մլն խմ-ն գնել Ադրբեջանից շուկայական գնով՝ $ 237-ով։ Դա շատ բարձր գին է, հաշվի առնելով, որ ռուսական արտահանվող գազի 100 խմ-ն 2016թ. կարժենա $ 170-190։ Այսինքն, եթե Ադրբեջանը Վրաստանի համար չիջեցնի գազի շուկայական գինը, ապա ռուսական գազի գնումն ավելի շահավետ կդառնա։

 

- Ադրբեջանն իսկապե՞ս անհանգստացած է Վրաստանի քայլերից, թե՞ հայկական մամուլը ցանկալին որպես իրականություն է ներկայացնում։

 

- Անհանգստություն իրոք կա, եւ հարցը վրացական գազային շուկայի կորուստը չէ։ Եթե Վրաստանը գնային այլընտրանք ունենա եւ մատակարարման նոր աղբյուր, ապա Թբիլիսին կարող է փոխել տարանցիկ գազատարի հետ կապված դիրքորոշումը։ Հնարավորություն կստեղծվի պահանջելու հաստատվածից ավելին, առավել եւս, որ Ադրբեջանը բավական ուշացրել է Շահ Դենիզի շահագործումը, որի հետ Վրաստանը մեծ հույսեր էր կապում։

 

Ավելին, մեծ հավանականություն կա, որ ադրբեջանական գազի սպառման կառուցվածքը Վրաստանում ոչ թե աճելու է, այլ, ընդհակառակը՝ լճանալու է։ Բանն այն է, որ, այսպես կոչված արտոնային գնով՝ $ 189-ով, Վրաստան է մատակարարվում «սոցիալական գազը», կոպիտ ասած, այն գազը, որը բնակչության համար է, այլ ոչ թե տնտեսության։ Վրաստանի սոցիալական հատվածում գազի սպառումը գրեթե հասել է իր գագաթնակետին, իսկ սպառման աճը ապահովվում է տնտեսության հաշվին, եւ առաջին հերքին ՋԷԿ-երի։ Գարդաբանիում նոր ՋԷԿ է բացվել, իրականացվում են այլ նախագծեր, որոնք էլ ապահովելու են սպառման աճը։ Այստեղ թվաբանությունը բավականին պարզ է. եթե Գարդաբանիի ՋԷԿ-ի համար Ադրբեջանն առաջարկում է գազ  $ 237-ով, իսկ Ռուսաստանը կամ Իրանը՝ $ 170-ով, ապա Վրաստանի ընտրությունն ակնհայտ է։ Այդպիսով, սպառման աճն ապահովվելու է ոչ ադրբեջանական գազի հաշվին, եւ Բաքուն կարող է դառնալ միայն «սոցիալական գազի» մատակարար, որի սպառման նկատելի աճ տեղի չի ունենալու։

 

Կա եւս մի պահ։ Ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ խոսում են այն մասին, որ վրացական շուկան փոքր է, եւ ակնարկում են, որ դրա կորուստը մեծ խնդիրներ չի առաջացնի։ Դա ճիշտ է, սակայն միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը դեպի համաշխարհային շուկա ելք ունենա։ Իսկ այդ ելքը կապ ունի Թուրքիայում TANAP գազատարի կառուցման հետ, որն ադրբեջանական գազի արտահանման շղթայում գլխավոր օղակներից է։ Այդ գազատարը պետք է կառուցվի Ադրբեջանի հաշվին, իսկ հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը եւ երկրի եկամուտների զգալի նվազումը նավթի գնի անկման հետեւանքով, շատ կասկածելի է, որ երկիրը կկարողանա ֆինանսավորել այդ նախագիծը։

 

Արդյունքում կարող է ստացվել, որ ենթակառուցվածքային հնարավորությունների բացակայության պատճառով ադրբեջանական գազը «զմռսված» կմնա տարածաշրջանում, իսկ այդ պայմաններում վրացական շուկայի մի մասի կորուստը կարող է ցավոտ լինել։

 

- Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հունվարի 11-ին ասել է, որ Վրաստանը ցանկանում է փոխել նախկին պայմանավորվածությունները «Գազպրոմ»-ի հետ եւ ստանալ ռուսական գազը դեպի Հայաստան տեղափոխելու գումարը, եւ ոչ թե տեղափոխված ծավալի 10%-ը։ Ինչո՞վ է պայմանավորված Թբիլիսիի այդ ցանկությունը՝ ավելի շատ գումար ստանալու ցանկությա՞մբ տնտեսական ճգնաժամի պայմաններում, թե՞ այլ գործոններ էլ կան:

 

- Ինձ թվում է՝ Վրաստանի ցանկությունը կապված է բնական գազի գնի անկման հետ։ Ռուսաստանում եւ Հայաստանում հաճախ Վրաստանի տարածքով տեղափոխման արժեքը հաշվարկելիս ելնում էին այն գնից, որով Հայաստանը գազը գնում է Ռուսաստանից։ Եթե գազը արժեր $ 110, ապա հաշվում էին, որ Վրաստանը ստանում էր $ 11-ի գազ, եթե $ 165, ապա՝ $ 16,5-ի։ Սակայն դա սխալ մոտեցում է։ Պետք է ելնել գազի միջազգային գնից։ Եթե ռուսական գազը Եվրոպայում արժեր $ 400, իսկ Հայաստանի համար՝ $ 165, ապա Գազպրոմը Վրաստանին թողնում էր $ 400-ի 10%-ը՝ գրեթե $ 40 ամեն 1000 խմ-ի դիմաց։

 

Պետք է հասկանալ, որ եթե Վրաստանը 3 տարի առաջ ցանկանար ռուսական գազ գնել, ապա կստանար այն «եվրոպական», այլ ոչ թե «հայկական» գնով։

 

Այդպիսով, 10 տոկոսի մեխանիզմը շատ շահավետ էր Թբիլիսիի համար։ Իսկ հիմա գազի գներն անկում են ապրել, եւ Վրաստանում, ամենայն հավանականությամբ, հաշվարկել են, որ եթե «Գազպրոմը» վճարի միջազգայնորեն ընդունված ձեւով, այսինքն, N դոլար 100 կմ տարանցման փոխարեն, ապա Վրաստանը գումարային տեսքով ավելի շատ կշահի, քան եթե ընդհանուր ծավալի 10 տոկոսը ստանա։ Հարցն այն է, թե ինչ բանաձեւ է առաջարկվելու 100 կմ տարանցման ապահովման գինը հաշվարկելու համար։

 

- Դեկտեմբերի սկզբին մեզ համար մեկնաբանելով Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի բանակցությունները՝ Դուք նշում էիք, որ Վրաստանը, ամենայն հավանականությամբ, կգնի «վիրտուալ» իրանական գազ: Այսինքն, Վրաստանն Իրանի հետ գազի գնման պայմանագիր կստորագրի, եւ այդ «իրանական գազը» թողնելու է Ռուսաստանին՝ այն մասից, որ մատակարարվում է Հայաստան։ Փոխարենը Իրանը նույն քանակությամբ գազ է մատակարարելու Իրան-Հայաստան գազատար, եւ այդ գազը վաճառվելու է Հայաստանում որպես ռուսական գազ: Եթե կողմերը նման պայմաններով համաձայնագիր են քննարկում, ապա մեծ հաշվով Հայաստանի համար ոչինչ չի փոխվելու, եւ մենք ոչինչ չե՞նք շահելու դրանից։

 

- Կարծում եմ՝ մենք ակնհայտորեն շահում ենք նման սխեմայից։ Նախեւառաջ, ավելանում է Իրան-Հայաստան գազատարի ծանրաբեռնվածությունը, որը տարբեր ժամանակահատվածներում կամ ընդհանրապես ծանրաբեռնված չի լինում, կամ էլ մասնակի է ծանրաբեռնված լինում։ Նման «կիսամեռ» ենթակառուցվածք մեզ պետք չէ, առավել եւս, որ ամորտիզացիոն եւ այլ կապիտալ ծախսերը փոքր ծանրաբեռնվածության դեպքում չեն նվազում։

 

Երկրորդ՝ հայ-իրանական կապերը նման պայմանագրից կխորանան։ Երրորդ՝ մի փոքր հեռանամ էներգետիկայի թեմայից․մեզ խիստ անհրաժեշտ է խորացնել գործակցությունը Վրաստանի հետ։ Մեզ պետք է ավելի շատ կապեր ունենալ այդ երկրի հետ, որպեսզի Թբիլիսին ծայրահեղ հետաքրքրված լինի Երեւանի հետ լավ հարաբերություններով։

 

Ավելին, ես կարծում եմ, որ Վրաստանի հետ մենք պետք է ընթանանք մեր էներգետիկ հատվածների առավել ինտեգրման, հանգույցների համատեղ զարգացման ճանապարհով, ընդհանուր շուկաների՝ զբոսաշրջայինից մինչեւ դեղերի շուկայի

ստեղծման ճանապարհով։ Չեմ կարծում, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կամ Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը կարող են խոչընդոտել դրան։

 

- Այսինքն, Հայաստանն այդ գործընթացում ներգրավված է որպես ակտիվ խաղացո՞ղ եւ ոչ թե կողմնակի դիտորդ։

 

- Հայաստանն ակնհայտորեն հանդես է հալիս որպես շահագրգիռ կողմ, որը նման սխեմայի իրականացումից միայն շահում է։ Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ապա ինձ թվում է, որ Հայաստանն էլ, Իրանն էլ որոշ չափով դիտորդներ են, քանի որ հիմնական հարցը նրանում է, թե արդյոք կկարողանան տարիներ շարունակ հակամարտող կողմերը՝ Ռուսաստանն ու Վրաստանը, փոխշահավետ համաձայնության գալ։ Եթե կարողանան, ապա Հայաստանին ու Իրանին կմնա միայն միանալ այդ սխեմային։

 

- Այսօր կարելի է նաեւ կարծիքներ լսել, որ եթե ժամանակին Հայաստանը «չզիջեր Ռուսաստանի ճնշմանը», Իրան-Հայաստան գազատարը ավելի մեծ թողունակություն կունենար, եւ այսօր մենք կկարողանայինք քննարկել ոչ թե վիրտուալ, այլ իրական գազի մատակարարման հարցը Իրանից Վրաստան։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

 

- Ես շատ եմ լսել Երեւանի վրա գործադրած ճնշման մասին, բայց ոչ մի հաստատող փաստաթղթի կամ թեկուզ բանակցությունների մասնակիցների վկայությանը չեմ հանդիպել։

 

Ենթադրենք, նման ճնշում չէր եղել, եւ մենք կառուցել էինք ավելի մեծ թողունակությամբ գազատար։ Հաշվի առնելով այն, որ գլոբալ խաղացողներից ոչ մեկը՝ ոչ Իրանը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն պատրաստ չէին ֆինանսավորելու հայկական տարածքի հատվածի կառուցումը, պետք է ենթադրել, որ մենք ինքներս պետք է դա անեինք։ Ընդ որում, մենք պետք է այդ գազատարը հասցնեինք մինչեւ հայ-վրացական սահման, ու դա անեինք 2006-2008 թթ․, երբ Վրաստանն իրանական գազ գնելու մտադրություն չուներ։ Պետք չէ մոռանալ, որ այսօր խոսք է գնում Վրաստանի կողմից ընդամենը մի քանի հարյուր միլիոն խմ գազի գնման մասին, ինչը տնտեսապես չի կարող արդարացնել լայն գազատարի կառուցումը Մեղրիից մինչեւ Քվեմո Քարթլի։

 

Բնականաբար, լայն գազատարի կառուցումը արդարացված կլիներ, եթե իրանական գազը Հայաստանի ու Վրաստանի տարածքով տեղափոխվեր Եվրոպա։ Բայց 1,4 մետր տրամագիծ ունեցող գազատարը, որից մենք, ինչպես պնդում են, հրաժարվեցինք Ռուսաստանի ճնշման հետեւանքով, կարող է ապահովել ընդամենը 6-7 մլրդ խմ բնական գազի տարանցում։ Դա դեպի Եվրոպա տարանցիկ գազատար չէ։ Լավագույն դեպքում մենք կարող էինք հրաժարվել ռուսական գազից, բայց դա կնշանակեր, որ մի կախվածության փոխարեն՝ Ռուսաստանից, մենք կընտրեինք այլ կախվածություն՝ Իրանից։

 

Այստեղ կվերադառնայի մեր զրույցի նախորդ մասին՝ հայ-վրացական հարաբերություններին։ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազատարը դեռ հիմնական, եթե ոչ միակ ենթակառուցվածքն է, որը Վրաստանին թեկուզ մի փոքր կախվածության մեջ է դնում Հայաստանից։ Նման գազատարից հրաժարվելը կնշանակեր եւ նշանակում է Հայաստանն ու Վրաստանը միացնող միակ ենթակառուցվածքից հրաժարվել։

 

- Ի՞նչ եք կարծում, Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների վերացման կամ թուլացման պայմաններում կարո՞ղ են իրականանալ Իրանի ու Վրաստանի գաղափարները՝ կապված Հայաստանի տարածքով էլեկտրականության վաճառքի հետ։ Կախա Կալաձեն անցած տարի մեր գործակալությանը տված հարցազրույցում ընթացքում ասել էր, որ «տարանցիկ միջանցքի հարավային ուղղությունը շատ հետաքրքիր ու հեռանկարային կլինի, եթե ստեղծվի անհրաժեշտ իրավական դաշտ»։

 

- Որքանով տեղյակ եմ, կողմերն արդեն մոտ են համապատասխան համաձայնագրի ստորագրմանը, կա նաեւ ռուսական կողմի եւ ԵՄ-ի հետաքրքրվածությունը։ Հայաստանը 2009-ից ակտիվորեն զբաղվում էր այդ հարցի լոբբինգով, եւ դա ակնհայտորեն մեր շահերից է բխում, քանի որ ընդլայնում է էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային կապերը Հայաստանի մասնակցությամբ։

 

Մինչդեռ այդ նախագիծը լուրջ ազդեցություն չի ունենա Հայաստանի ու Վրաստանի տնտեսությունների վրա։ Ինչ վերաբերում է Վրաստանի ու Իրանի միջեւ կապերի ընդլայնմանը ընդհանուր առմամբ, ապա պատժամիջոցների վերացումից հետո լուրջ փոփոխություններ պետք չէ ակնկալել, քանի որ էներգետիկ ոլորտից դուրս այլ «սպասող նախագծեր» կողմերը չունեն։ Կա այդ երկու պետությունների մեկ տրանսպորտային հանգույցում միավորվելու հեռանկար՝ չինական «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի նախագծի» շրջանակում։ Սակայն այդ հեռանկարը մոտ ապագայի համար չէ։

 

Սեւակ Սարուխանյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին