Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազյեւը կարծում է, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը կնպաստի վերամշակող ու բարձր տեխնոլոգիական արտադրանքի զարգացմանը:
«Մենք ստեղծում ենք միասնական տնտեսական տարածք, որպեսզի զարգանան համագործակցային կապերը, զարգանա վերամշակման ու բարձր տեխնոլոգիական արտադրանքը: Հենց այդ նպատակով է ստեղծվում Մաքսային միությունը եւ վերացվում են մաքսային պատնեշները: Հայաստանի հետ համագործակցությունը զարգանալու է մեքենաշինության, գործիքաշինության, ատոմային էներգետիկայի բնագավառներում», - ասել է Սերգեյ Գլազյեւը «Вестник Кавказа» թերթի հետ հարցազրույցում:
«Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա այստեղ ձեւավորվել է մենատնտեսություն` կապված նավթի ու նավթամթերքի արտադրության եւ արտահանման հետ, ինչը հանդիսանում է Ադրբեջանի բնական մրցակցային առավելությունը: Եկամտի ներհոսքը, որը ձեւավորվում է նշված գործունեության հաշվին, բավարար է սոցիալական, կրթական ոլորտների զարգացման եւ պետական բոլոր կարիքների բավարարման համար: Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնումն այդ առումով հիմնականում հեռանկարային է նավթի, նավթամթերքի ու գազի շուկաներում համաձայնեցված քաղաքականության տեսանկյունից»,- ասել է Ռուսաստանի նախագահի խորհրդականը:
«Կարծում եմ, Վրաստանի համար տնտեսական զարգացման կայունությունը վերադարձնելու, այդ թվում` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ առեւտրատնտեսական համագործակցության պատնեշները վերացնելու միակ եղանակը Մաքսային միությանը միանալն է: Ցավոք, Վրաստանը շարունակում է ընթանալ Եվրոպական Միությանն անդամակցելու ճանապարհով: ԵՄ-ին միանալը կամրապնդի վրացական տնտեսության ներկայիս ծայրահեղ ծանր ու անհեռանկարային վիճակը, քանի որ ԵՄ-ին Վրաստանից ոչինչ հարկավոր չէ, բացի քաղաքական ենթակայությունից: Եվրամիությունը Վրաստանը դիտարկում է որպես հենակետ Ռուսաստանի հետ պայքարելու համար»,- եզրափակել է Սերգեյ Գլազյեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: