Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում այսօր քննարկել են օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն կողմերի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների համար։
«Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները եւ քաղաքական երկխոսությունը»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:
Նույն հեռախոսազրույցի մասին ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել երկու երկրի առաջնորդների հեռախոսազրույցը։
«Նիկոլ Փաշինյանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը նշել է Երեւանի եւ Բաքվի միջեւ կայուն խաղաղություն ապահովելու քայլերի կարեւորությունը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին համապատասխան՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: