Պուտին. «Վաղ է խոսել խաղաղության պայմանագրի բաղադրիչների մասին» - Mediamax.am

3612 դիտում

Պուտին. «Վաղ է խոսել խաղաղության պայմանագրի բաղադրիչների մասին»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «ուշադրությունը չկենտրոնացնել» չհամաձայնեցված հարցերի վրա, որոնք տեղ չեն գտել հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ:

 

«Կարելի՞ դրանց մասին խոսել: Կարելի է, բայց պետք չէ։ Եթե դրանք դեռ չեն կարգավորվել, ապա պետք չէ մամուլի եւ հանրության ուշադրությունը սեւեռել դրանց վրա, այլ պետք է հանգիստ համաձայնություն փնտրել փակ դռների հետեւում», - Ռուսաստանի նախագահի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

Պուտին. «Ամեն ինչ համաձայնեցնել չհաջողվեց»

«Շատ նուրբ թեմաներ են՝ զգայուն երկու կողմերի համար, եւ ես ինձ իրավունք չեմ վերապահի հանրայնացնել դրանք առանց իմ գործընկերների համաձայնության», - նկատել է Պուտինը:

 

Նա վաղաժամ է համարել խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի հիմնական բաղադրիչների մասին, «քանի որ դա փոխզիջումների առարկա է, որոնք պետք է ձեռք բերվեն այդ թվում մեր երկրի միջնորդությամբ՝ եթե երկու պայմանավորվող կողմերը ցանկանան»։

 

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման մասին՝ Ռուսաստանի նախագահն ասել է.

 

«Այսօր մենք իսկապես շատ ենք խոսել դրա մասին, եւ եթե ուշադիր կարդաք եռակողմ  հայտարարությունը, այնտեղ նախադրյալներ կգտնեք, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել»։

 

Մեկնաբանելով ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման հեռանկարը՝ Պուտինը նշել է, որ դա կախված է այլ հարցերից՝ հնարավոր խաղաղության պայմանագրի կնքումից եւ սահմանի սահմանազատումից ու սահմանագծումից։

 

«Եթե այս հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցն այլ կերպ կդրվի։ Եթե դրանք չեն լուծվում կամ լուծվում են որոշ չափով, ապա դրանից կախված կլինի մեր խաղաղապահ կոնտինգենտի ճակատագիրը»,- նշել է ՌԴ նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին