Ադրբեջանը ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը - Mediamax.am

2430 դիտում

Ադրբեջանը ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 19-ին ներկայացրել է Ադրբեջանի առաջնահերթությունները՝ որպես ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահ։

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը ռոտացիայի է ենթարկվում տարեկան 3 անգամ։ Վերջին անգամ Ադրբեջանը նախագահել էր 2005 թվականին։

 

Ինչպես հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ անվերապահ հարգանքը ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերում ամրագրված հիմնարար նորմերի, սկզբունքների եւ պարտավորությունների՝ սկսած Հելսինկյան եզրափակիչ ակտից, մասնավորապես՝ հարգանքը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության նկատմամբ մնում են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության հիմքը։

 

«Ադրբեջանը անդրդվելի է այս սկզբունքներին իր անվերապահ աջակցության մեջ եւ ելնում է այն ըմբռնումից, որ մեր ընդհանուր բարձրագույն ձգտումը պետք է լինի այդ սկզբունքների պաշտպանությունը եւ դրանց խստիվ պահպանման ապահովումը», - ասել է Բայրամովը։

 

Նշելով ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների պահպանման եւ ռազմաքաղաքական պարտավորությունների փոխադարձ կապը՝ Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ այդ պարտավորությունների բարեխիղճ իրականացումը կարող է էապես նպաստել ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը միայն այն դեպքում, եթե դա կուղեկցվի վերը նշված հիմնարար սկզբունքների եւ պարտավորությունների անվերապահ պահպանմամբ։

 

«Մասնակից պետությունների միայն այս մոտեցումը կարող է վերականգնել վստահությունը, ակտիվացնել ռազմաքաղաքական գործիքների կիրառումը, բարձրացնել կանխատեսելիությունն ու թափանցիկությունը, խուսափել սպառնալիքների մուլտիպլիկացիոն էֆեկտից»,- ընդգծել է ադրբեջանցի նախարարը։

 

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահության ծրագիրը կներառի կարեւոր եւ արդիական թեմաներ, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը եւ խաղաղ բնակչության պաշտպանությունը, չմիավորված երկրների դերը եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ, ահաբեկչության դեմ պայքարը, սպառազինությունների վերահսկումը, հետկոնֆլիկտային վերականգնումը եւ խաղաղության կառուցումը։

 

Բայրամովն անդրադարձել է նաեւ անվտանգության հարցերով երկխոսությանը, որը կենտրոնանալու է եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ չմիավորված երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի դերի վրա։

 

«Ադրբեջանը միշտ համարել է ԵԱՀԿ-ն համաեվրոպական անվտանգության ճարտարապետության գլխավոր հենասյուն եւ կազմակերպության դերն անփոխարինելի է գնահատել առանց բաժանարար գծերի եւ ազդեցության գոտիների Եվրոպայի տեսլականի իրականացման համար։ Բազմակողմանիության շարունակվող էրոզիայի եւ ռազմաքաղաքական բլոկների միջեւ աճող մրցակցության պայմաններում անհրաժեշտ է պահպանել անվտանգության անբաժանելիությունը, որն ամրագրված է ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթերում»,- ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։

 

Նա նշել է, որ անվտանգության եւս մեկ երկխոսություն կնվիրվի հետկոնֆլիկտային վերականգնման եւ խաղաղության կառուցման` հաշվի առնելով ամբողջ տարածաշրջանում քաղված դասերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին