Երեւան: Մեդիամաքս։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Բաքվում ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակը «Ադրբեջանին ավելի շատ օգուտներ է խոստանում կազմակերպության գործունեության մասին իրազեկվածության տեսանկյունից»։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Օվերչուկը, որը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցում է «Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները ինտեգրացիոն գործընթացների համատեքստում» համաժողովին, ասել է.
«Դիտորդի կարգավիճակը հնարավորություն է տալիս երկրին ավելի իրազեկ լինել ԵԱՏՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ադրբեջանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր գիտեն ԵԱՏՄ-ի մասին: Այսօր հայտարարված տվյալներով, բնակչության մոտավորապես 30-40-%-ն ընդհանրապես չգիտի, թե դա ինչ է։ Ուստի անհրաժեշտ է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը։ Եվ դիտորդի կարգավիճակը եւս նման աշխատանքի ձեւ է»։
Նրա խոսքով, այս կարգավիճակի շրջանակում դիտորդ երկիրը կարող է մասնակցել ԵԱՏՄ մարմինների աշխատանքներին, ստանալ բոլոր փաստաթղթերը, տեսնել, թե ինչպես է աշխատում կազմակերպությունը ներսից։
Դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: