Արա Այվազյան. Գերիների հարցը Ադրբեջանի համար դառնում է խնդրահարույց - Mediamax.am

1809 դիտում

Արա Այվազյան. Գերիների հարցը Ադրբեջանի համար դառնում է խնդրահարույց


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների հարցի քաղաքականացումն անընդունելի է, ինչը նաեւ հաստատվում է միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից։

«Տարբեր երկրների ղեկավարները, միջազգային կառույցներն ավելացնում են ճնշումն Ադրբեջանի վրա։ Իտալիայի խորհրդարանը երեկ ընդունել է բանաձեւ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարեւորագույն հարցին»,- ասել է Արա Այվազյանը՝ Ազգային Ժողովում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությանը։

 

ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ գերիների վերադարձի համար օգտագործվում են բազմաթիվ խողովակներ։

 

«Տարածաշրջանում Ռուսաստանն ունի կարեւոր դերակատարում եւ ՌԴ նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի եւ պաշտպանության նախարար Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ եւ ռուսական կողմը հետեւողականորեն այդ հարցը բարձրացնում է Ադրբեջանի ղեկավարության մոտ։ Գործընկերներիս հետ իմ բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում հարցն առաջնային կարեւորության է արժանանում, միջազգային կազմակերպություններում տարբեր ուղղություններով աշխատանք է տարվում։ Արձագանքներից ակնհայտ է, որ Ադրբեջանի համար այս հարցը դառնում է իսկապես խնդրահարույց»,- ասել է Արա Այվազյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին