«Մոսկվան առայժմ զիջել է Թուրքիայի գլխավոր քննադատի դերը» - Mediamax.am

4311 դիտում

«Մոսկվան առայժմ զիջել է Թուրքիայի գլխավոր քննադատի դերը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Էրդողանը փորձում է ներքաշել Պուտինին Ղարաբաղի հարցով երկկողմ երկխոսության մեջ:

Այս մասին ասվում է «Ինչպես Ղարաբաղը կփոխի հարաբերությունները Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ» հոդվածում, որը հրապարակվել է Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի կայքում:

 

«Վերջին տարիներին բոլորը սովոր են տեսնել Ռուսաստանը եւ Թուրքիան բարիկադների մի կողմում՝ ԱՄՆ-ին եւ Եվրոպային դիմակայելիս: Սիրիայում կամ Լիբիայում Պուտինը եւ Էրդողանը կարող են ունենալ տարբեր շահեր եւ տեղական դաշնակիցներ, բայց նրանց միեւնույն է շատ ավելի հեշտ է պայմանավորվել միմյանց հետ, քան Արեւմուտքի: Ղարաբաղում այլ կերպ է ստացվել: Ռուսաստանն ու Արեւմուտքը միասին կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել հարձակումը, իսկ Թուրքիան, ընդհակառակը, սրում է հակամարտությունը:

 

Անկարան ուղղակիորեն հրավիրում է Մոսկվային նստել եւ լուծել ամեն ինչ, «ինչպես Սիրիայում», բայց Ռուսաստանի ղեկավարությունը չի շտապում պատասխանել թուրքական նախաձեռնություններին», - գրում է հոդվածի հեղինակը:

 

Այնուամենայնիվ, նշում է նա, «Կրեմլը չի ցանկանում բացահայտ վիճել Էրդողանի հետ, ում հետ գործընկերային հարաբերություններ ստեղծելու համար այդքան ժամանակ ու ջանք է պահանջվել»:

 

«Ուստի Ռուսաստանը առայժմ Ֆրանսիային է զիջել Թուրքիայի գլխավոր քննադատի դերը եւ միեւնույն ժամանակ փորձում է չվանել Ադրբեջանը, որպեսզի թույլ չտա թուրքերին հավասար միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման գործընթացում», - ասվում է հոդվածում:

 

«Էրդողանը փորձում է Պուտինին ներգրավել Ղարաբաղի հարցով երկկողմ երկխոսության մեջ՝ ինչպես Լիբիայում կամ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն զուգահեռներ է անցկացնում. «Մենք խոսեցինք Պուտինի եւ Լավրովի հետ: Քանի որ մենք միասին գործում ենք Սիրիայում, մենք այստեղ էլ փորձեցինք, բայց չստացվեց»: Իսկապես, Մոսկվային դուր չեն գալիս թուրքական ծրագրերը. Ղարաբաղը Սիրիա չէ: Ռուսաստանը սովոր է Անդրկովկասին նայել որպես իր հատուկ հետաքրքրությունների գոտի եւ բացասաբար է ընկալում ցանկացած արտաքին միջամտություն տարածաշրջանում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը չի ցանկանա շատ կտրուկ զսպել Թուրքիային: 2015-ին խոցված ինքնաթիռի նման կոնֆլիկտը իմիջի լուրջ կորուստ կլիներ Մոսկվայի համար եւ ցավալի հարված կհասցներ Պուտինի եւ Էրդողանի դժվարությամբ ստեղծված դաշինքին: Այդ պատճառով Կրեմլը պատրաստ է զսպվածություն ցուցաբերել:

 

Ինչ-որ մեկը պետք է բավարարի Բաքվի ցանկությունը բանակցություններում առաջընթացի մասին, եւ ավելի լավ կլինի, որ դա անի ոչ թե Անկարան, այլ Մոսկվան: Քանի որ հակառակ դեպքում Թուրքիան իսկապես իրեն ցույց կտա որպես տարածաշրջանի ամենաարդյունավետ ուժը, եւ դա նրան հիմք կտա շատ բաներ պահանջել, օրինակ՝ Ռուսաստանի հետ հավասար իրավունքներով միջնորդի կարգավիճակ: Այդ դեպքում Ղարաբաղը կդառնա նրանց առճակատման դաշտ, ինչը լավ բանի չի բերի», - ամփոփում է հեղինակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին