Պեսկով. Մոսկվայի դիրքորոշումը պետք է «արկածախնդրությունից» զերծ լինի - Mediamax.am

1985 դիտում

Պեսկով. Մոսկվայի դիրքորոշումը պետք է «արկածախնդրությունից» զերծ լինի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Կրեմլում համոզված են, որ Ադրբեջանին եւ Հայաստանին հնարավոր ռազմական օգնության մասին հայտարարությունները միայն «յուղ են լցնում կրակի վրա»:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Առաջին հերթին, Կրեմլում ելնում են կրակի եւ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունից: Ցանկացած տիպի ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին հայտարարությունները կրակի վրա յուղ են լցնում: Մենք կտրականապես դեմ ենք դրան: Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին, ինչպիսին է Թուրքիան, անել ամեն ինչ, որպեսզի համոզենք հակամարտող կողմերին դադարեցնել կրակը եւ վերադառնալ խաղաղ կարգավորմանը», - նշել է Պեսկովը:

 

Նա ասել է, որ «ռուսական կողմը մշտական կապի մեջ է Երեւանի, Բաքվի եւ Անկարայի հետ՝ տարբեր մակարդակներում»:

 

«Մենք հավաքում ենք շփման գծում իրադարձությունների մասին ողջ տեղեկատվությունը, հետեւում ենք բոլոր լուրերին, վերլուծում իրավիճակը եւ օգտագործում այդ տվյալները մեր հետագա դիրքորոշման ձեւավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հետագա քայլերը որոշելու համար», - ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ-երկրները պետք է պատասխանատու, «արկածախնդրությունից զերծ» դիրքորոշում որդեգրեն ղարաբաղյան կարգավորման հարցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին