Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որեւէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը:
Հայաստանի նախագահն այդ մասին ասել է Անկախության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:
«Տեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջեւ, ինչու չէ՝ նաեւ մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ:
Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարե չէ, եւ մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո, բայց հստակ է մի բան. լավ աշխատելու դեպքում կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել: Տնտեսական աճ մենք այսօր էլ ունենք: Այլ հարց է, որ եղած տեմպը մեզ չի բավարարում: Մեր ապրանքների առջեւ բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից:
Այս առթիվ ուզում եմ նաեւ պատասխանել մեր որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրեւ Հայաստանի քաղաքական անկախության կորուստ: Նման շահարկումներ անկախության բոլոր՝ 23 տարիների ընթացքում էլ եղել է: Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որեւէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են: Աշխարհի երեսին չկա ինտեգրացիոն որեւէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում: Սա ավելի քան բնական երեւույթ է», - ասել է Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: