Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքում եզդիների հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների փաստով - Mediamax.am

3575 դիտում

Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքում եզդիների հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների փաստով


Արման Սաղաթելյանը
Արման Սաղաթելյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին նշվում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի հայտարարության մեջ:

 

«Որեւէ ազգային եւ կրոնական փոքրամասնության եւ, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

 

ՀՀ նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

 

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ նախագահ Սարգսյանն օգոստոսի 18-ին ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաեւ Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում:

 

«Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երեւանի ուշադրության կենտրոնում, եւ Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետեւողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին»,- ասված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին