«Ակադեմիական քաղաք» նախագիծը քննարկվել է պետական բուհերի ռեկտորների հետ - Mediamax.am

904 դիտում

«Ակադեմիական քաղաք» նախագիծը քննարկվել է պետական բուհերի ռեկտորների հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի եւ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հանդիպմանը քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին առնչվող մի շարք հարցեր:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բոլոր բուհերից ստացված արձագանքների հիման վրա ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձեւավորվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ:

 

«Բուհերն այս ընթացքում հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով եւ ակտիվորեն մասնակցում են աշխատանքային խմբերի քննարկումներին, ինչը շատ կարեւոր է: Այժմ ընթանում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները: Գործընկերների գնահատմամբ՝ նախատեսված տարածքը բավարար է մեր պատկերացրած ֆունկցիոնալ հնարավորությունները ստանալու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

 

Նա տեղեկացրել է, որ նախարարությունն առանձին ուղղություններով հայեցակարգային 36 առաջարկ է  ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց մշակման եւ ամփոփման աշխատանքներում, բացի Հայաստանի ոլորտային փորձառու կազմակերպություններից եւ բուհերից, ներգրավվելու են նաեւ միջազգային գործընկերներ:

 

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի սահիկաշարն առաջիկայում կներկայացվի բուհերի ռեկտորներին, եւ յուրաքանչյուր բուհում կլինեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասների ներկայացման ու քննարկումների նպատակով:

 

Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ բուհերի խոշորացման գործընթացին:

 

«Յուրաքանչյուր բուհի հետ կունենանք առանձին քննարկում՝ ներկայացնելով նախագիծը: Սա բարդ եւ երկարատեւ գործընթաց է, որը չի կարող արդյունավետ իրականացվել՝ առանց բուհերի հետ համագործակցված աշխատանքի: Այս առումով նախարարությունը, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն եւ բուհերը գործընկերներ են, որոնց միավորում է բարձրագույն կրթության եւ գիտության որակի բարելավումը, որը ենթադրում է բուհերում հետազոտության բաղադրիչի ուժեղացում: Կարեւորում ենք բուհական հանրույթի հետ արդյունավետ համագործակցությունը եւ կարծում ենք՝ երկխոսությունը պետք է հանգեցնի այնպիսի մի իրավիճակի, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հանրային ընկալումներում դիտարկվի ոչ միայն Կառավարության կամ նախարարության, այլեւ առաջին հերթին բուհերի ծրագիր: Ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են, որոնց համար մենք ցանկանում ենք ապահովել որակյալ եւ մրցունակ բարձրագույն կրթության հնարավորություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին