Առաջին դասարանցիների առցանց ընդունելության ժամկետները հայտնի են - Mediamax.am

1456 դիտում

Առաջին դասարանցիների առցանց ընդունելության ժամկետները հայտնի են


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: 2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է առցանց համակարգի միջոցով։

 

ԿԳՄՍՆ-ից ներկայացնում են առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը եւ ժամկետները:

 

1-ին փուլ

 

Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի եւ երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։

 

2-րդ փուլ

 

Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։

 

Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետեւյալ հայտատուները՝

 

- 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,

 

- 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

 

3-րդ փուլ

 

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Համապատասխան դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրանալուց հետո առցանց համակարգը տվյալ դպրոցում գրանցման հնարավորություն չի տալիս: Միաժամանակ քաղաքացին կարող է համակարգի միջոցով խմբագրում կատարել իր ներկայացրած հայտում` փոխելով ընտրած դպրոցը եւ հայտագրելով այլ հանրակրթական դպրոց:

Հունիսի 11-ից համակարգը բաց է լինելու ողջ ուսումնական տարվա ընթացքում։

 

«Արտերկրում գտնվող յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար. համակարգը բոլորի համար ապահովում է մեկնարկային հավասար պայմաններ:

 

Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել նաեւ արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի եւ ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է. այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում»,- հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին