Վարչապետ. Կրթության ոլորտում գնալու ենք վճռական փոփոխությունների - Mediamax.am

5102 դիտում

Վարչապետ. Կրթության ոլորտում գնալու ենք վճռական փոփոխությունների


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրինագիծը եւ առաջարկվող փոփոխությունները կարեւոր եւ սկզբունքային են:

«Ինչի՞ց է առաջանում նման նախագիծ ունենալու եւ փոփոխություններ անելու անհրաժեշտությունը. առաջինը՝ այն արձանագրումից, որ մենք կրթական համակարգում ունենք լուրջ խնդիրներ: Եվ պետք է ուղիղ ասել, որ մեր կրթական համակարգը չի ապահովում մեր երկրի զարգացումը, առավել եւս չի ապահովում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի ձգտումները, ամբիցիաները:

 

Հետեւաբար, ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ կառավարությունն այս հարցում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների եւ ասյտեղ, ինչպես մի քանի անգամ ասել եմ, կառավարության եւ, ըստ էութան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտքերից կախվելը եւ նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու»,- հայտարարել է վարչապետը: 

 

Կառավարության ղեկավարը կարեւորել է շահագրգիռ, պրոֆեսիոնալ քննարկում նախաձեռնելը:

 

«Այս ողջ պրոցեսի մեջ առանցքային նշանակություն պետք է ունենա երկխոսությունը եւ, բնականաբար, այդ երկխոսությունը կառավարության առաջնահերթությունն է նույնպես, որովհետեւ ես համոզված եմ՝ ցանկացած բարեփոխում, բարեփոխման հաջողություն մեծապես կախված է նաեւ նրանից, թե ինչքանով են այդ բարեփոխման հետ առնչվող հնարավորինս մեծ թվով մարդիկ դա համարում իրենց սեփականը, իրենց հեղինակայինը: 

 

Հետեւաբար, մեր խնդիրն է՝ հեղինակների շրջանակը հնարավորինս ընդգծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է բարձրագույն կրթության եւ գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին եւ բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «Առկա եւ հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածության» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների եւ մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին