Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում «Այբ»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են «Արարատյան բակալավրիատի» եւ Կրթության գերազանցության ազգային ծրագրերը:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ Արարատյան բակալավրիատը ստեղծվել է որպես միջազգային չափանիշներին համապատասխան կրթական հարթակ, որի ծրագրերը գնահատված են որպես միջազգային նմանատիպ առաջատար ծրագրերի հետ («International Baccalaureate», «Advanced Placement», «Cambridge A-Levels») համադրելի և մրցունակ և որը Կրթության և գիտության նախարարության կողմից արդեն ճանաչվել է որպես այլընտրանքային կրթական ծրագիր:
«Այբ» հիմնադրամի մշակած Արարատյան բակալավրիատը հայալեզու ծրագիր է, որն «ունի ազգային կարեւոր առանձնահատկություն»: Նախարարին տեղեկացրել են, որ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն` Արարատյան բակալավրիատի արդյունքների ճանաչման վերաբերյալ:
«Շատ կարեւոր է, որպեսզի մենք Գերազանցության ազգային ծրագրի հիմքում դնենք հետեւյալ գաղափարական սկզբունքը` գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության համակարգի զարգացման շոգեքարշը: Այն անպայման պետք է կարողանա իր հետեւից տանել ողջ համակարգը, որպեսզի ծառայի իր հիմնական նպատակին: Գերազանցության ծրագրի սահուն ինտեգրումն ընդհանուր հանրակրթության համակարգ պետք է նպաստի ընդհանուր հանրակրթության մակարդակի բարձրացմանը, որը պակաս կարեւոր չէ, քան գերազանցության գաղափարը: Ծրագրի շուրջ պետք է ապահովենք մասնագիտական փոխհամաձայնություն, որպեսզի այն դառնա լուրջ հնարավորություն կրթության զարգացման համար»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:
Նախարարը հանձնարարել է ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավական դաշտի համապատասխանության պահանջները, ինչպես նաեւ կմշակի Գերազանցության ազգային ծրագրի իրագործման փորձնական դպրոցների ընտրության չափանիշները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: