Կրկնակի դիպլոմներ՝ արտերկրում արցախցիների սովորելը ապահովելու համար - Mediamax.am

exclusive
5689 դիտում

Կրկնակի դիպլոմներ՝ արտերկրում արցախցիների սովորելը ապահովելու համար


Լուսանկարը` http://bunewsservice.com/


Արցախի ուսանողներին արտերկրում կրթությունը շարունակելը հեշտ չէ: Պատճառը ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կամ գիտելիքի պակասն է, այլեւ Արցախի չճանաչված լինելը:

 

Հարցին Արցախում փորձում են «չարյաց փոքրագույնի» տարբերակով մոտենալ եւ գոհանալ թեկուզ ընձեռվող որոշ հնարավորություններից: Միեւնույն ժամանակ, ձեռքերը ծալած չեն նստում եւ հարցի լուծման այլընտրանքային ուղիներ են որոնում:

 

Արցախի պետական համալսարանը, օրինակ, ամիսներ առաջ հայաստանյան բուհերի հետ պայմանագիր կնքելու եւ ուսանողներին կրկնակի դիպլոմներ շնորհելու տարբերակին էր դիմել: Համալսարանը համագործակցության պայմանագիր ունի արտասահմանյան 7 եւ հայաստանյան 12 բուհերի հետ: Ինչպես Մեդիամաքս-ին փոխանցել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, մեխանիզմների հստակեցման, ուսումնական պլանների եւ ուսումնառության ժամկետների համապատասխանեցման անհրաժեշտություն եւ որոշակի օրենսդրական խնդիրներ կան:

 

«Աշխատանքներ տարվել են եւ շարունակվում են, որպեսզի կարողանանք ուսանողների շարժունակությունն ապահովել: Ուսանողներ ունենք, ովքեր կարողանում են սովորել արտերկրում: Ռուսաստանյան բուհերից փաստաթղթերի հաստատման համար հարցումներ ենք ստանում: Նման խնդիրներ հիմնականում առաջանում են այն երկրներում, որտեղ ադրբեջանական ակտիվ քաղաքականության եւ քարոզչություն կա: Այդ հարցը փորձելու ենք Հայաստանի եւ ԼՂՀ կրթության նախարարությունների մակարդակով կարգավորել»,- ասել է ռեկտորը:

 

Մանուշ Մինասյանը նշել է նաեւ, որ արտերկրի բուհերի հետ ԱրՊՀ-ը քիչ պայմանագրեր չունի, վերջին շրջանում բանակցություններ են վարում եվրոպական համալսարանների հետ: «Եթե մի քանի եվրոպական պետությունների բուհերի հետ համագործակցենք, հաջորդ քայլերն անելն ավելի հեշտ կլինի՝ թե ուսանողների փոխանակման, թե վերապատրաստման հարցում», - ասում է նա:

 

Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության մասնագիտական կրթության եւ գիտության բաժնի վարիչ Լուսինե Ղարախանյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ ամեն բան արվում է հարցը լուծելու համար, սակայն մեծ դեր ունի քաղաքական ենթատեքստը:

 

«Արցախի չճանաչված լինելը խանգարում է: Մենք մինչ օրս շատ հարցեր կարողացել ենք կարգավորել, բայց դիպլոմների փոխճանաչման հարցը մնում է: Ամռանն Արցախում կազմակերպվեց Բոլոնիայի գործընթացին միացած մի շարք չճանաչված պետությունների համաժողով, որտեղ քննարկված խնդիրներից մեկն էլ այն էր, որ այս երկրների համալսարանների շրջանավարտները չտուժեն»,- նշել է ԿԳՆ ներկայացուցիչը:

 

Նա նկատել է, որ չեն կարողանում օգտվել Բոլոնիայի գործընթացին միացած երկրներում լայնորեն կիրառվող կրթական արտասահմանյան դրամաշնորհներից: Լուսինե Ղարախանյանը տեղեկացրել է, որ ձեւավորման փուլում է դիպլոմի՝ եվրոպական ձեւաչափի հավելվածը:

 

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում վստահեցնում են, որ հարցի կարգավորման համար բոլոր հարթակներն են օգտագործում:

 

Նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանի խոսքով, տեւական ժամանակ է աշխատում են ինչպես Արցախի բուհերի դիպլոմների ճանաչման հարցի, այնպես էլ ընդհանրապես չճանաչված պետություններում կրթության իրավունքի իրացման խնդիրների լուծման ուղղությամբ:

 

«Հարցը բարձրացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով, Բոլոնյան գործընթացի շրջանակներում, ինչպես նաեւ երկկողմ ու բազմակող հանդիպումների ժամանակ: Այն, որ Արցախի բուհերի դիպլոմները չեն ճանաչվում, սերտորեն շաղկապված է ԼՂ հիմնախնդրի հետ: Արցախի ուսանողների կրթության իրավունքի եւ աշխատաշուկա դուրս գալու հնարավորության ապահովման համար մի քանի տարբերակներ ենք մշակում: Ճանապարհներից մեկը Արցախի եւ Հայաստանի բուհերի համատեղ ծրագրերի արդյունքում կրկնակի դիպլոմների տրամադրումն է»,- ասել է նա:

 

Հայաստանի ԿԳ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ակտիվ գործունեություն է ծավալվում, այդ թվում՝ օգտագործվում է Բոլոնիայի գործընթացում Հայաստանի քարտուղարությունը, որպեսզի կրթական եւ քաղաքական բաղադրիչները տարանջատվեն,  դիպլոմները ճանաչվեն եւ Արցախի ուսանողներին հնարավորություն ընձեռվի արտերկրում կրթություն ստանալ:

 

Որպես մեկ այլ տարբերակ նա նշել է Արցախի բուհերի միջազգային հավատարմագրում ստանալը, որը, սակայն, տեւական գործընթաց է եւ կրկին կապված է քաղաքական խնդիրների հետ:

 

Արցախի ԿԳՆ-ի աջակցությամբ եւ կրթական հիմնադրամների հետ համատեղ ֆինանսավորմամբ Արցախից արտասահմանյան վարկանիշային բուհեր մինչ օրս 19 ուսանող է ընդունվել, որոնցից 7-ն արդեն ավարտել են ուսումը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին