Ռուբեն Վարդանյանի եւ նրա ընտանիքի նախաձեռնած հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Արտակ Մելքոնյանը - Mediamax.am

15537 դիտում

Ռուբեն Վարդանյանի եւ նրա ընտանիքի նախաձեռնած հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Արտակ Մելքոնյանը


Զարմինե Զեյթունցյանն ու Արտակ Մելքոնյանը
Զարմինե Զեյթունցյանն ու Արտակ Մելքոնյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա ընտանիքի նախաձեռնած ծրագրերը միավորող "RVVZ” հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ Արտակ Մելքոնյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հիմնադրամի զարգացման դեպարտամենտի տնօրեն Զարմինե Զեյթունցյանը, այսօր ներկայացնելով Արտակ Մելքոնյանին, ասել է, որ նա միջազգային բիզնեսի զարգացման, շուկաների ընդլայնման, բրենդինգի եւ կրթական ոլորտի կառավարման 20-ամյա փորձ ունի:

 

Զարմինե Զեյթունցյանը տեղեկացրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում նա զբաղեցրել է Dun & Bradstreet միջազգային ընկերության ֆինանսական ենթակառուցվածքների գծով փոխնախագահի պաշտոնը:

 

Արտակ Մելքոնյանն էլ իր հերթին նշել է, որ հիմնադրամը շարունակելու է գործունեությունը Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղությամբ:

 

“Ի տարբերություն այլ բարեգործական ծրագրերի, մեր սոցիալական ուղղվածության ծրագրերի արդյունքներն ավելի ուշ են տեսանելի դառնում, սակայն բազմակի մեծ են լինում: Հիմնադրամը փորձում է մեկ ծրագրի շուրջ համախմբել կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքներին, այլ գործարարների, ֆինանսական դոնորների եւ բարեգործների”,- ասել է նա:

 

Գործադիր տնօրենի խոսքերով, հաջողված ծրագրի օրինակ է “Տաթեւեր” ճոպանուղու կառուցումն ու “Տաթեւի դարպասներ” զբոսաշրջային գոտու զարգացումը:

 

“Օրական Տաթեւ են այցելում 300-900 զբոսաշրջիկներ: Երկու տարվա ընթացքում զբոսաշրջային գոտին տեսանելի զարգացում է ունեցել` ավելացել են սննդի, հանգստի, հուշանվերների վաճառքի կետերը, հյուրանոցների թիվը 3-ից հասել է 14-ի”,- ասել է նա:

 

Արտակ Մելքոնյանը նաեւ տեղեկացրել է, որ զբոսաշրջության շնորհիվ շահույթի վերածվող գումարները հիմնադրամն ուղղում է Տաթեւի վանական համալիրի վերականգնմանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին